Պատմությունը կրկնվում է. ՌԴ-ն հայկական հողերի հաշվին փորձում է Ադրբեջանին պահել իր կողքին. Աշոտ Մելքոնյան (տեսանյութ)


Պատմությունը կրկնվում է. ՌԴ-ն հայկական հողերի հաշվին փորձում է Ադրբեջանին պահել իր կողքին. Աշոտ Մելքոնյան (տեսանյութ)

  • 21-04-2016 16:08:01   | Հայաստան  |  Հասարակություն



Արցախում և տարածաշրջանում ծավալված վերջին իրադարձությունները լուրջ մտահոգության առիթ պետք է դառնան Հայաստանի համար, սակայն իրավիճակը վերահսկելի է ու լիովին հեռանկարային: Ինչպես ապրիլի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն  Աշոտ Մելքոնյանը, այժմ Հայաստանի պատկան մարմիններին պետք է հետաքրքրի երկու կարևոր հանգամանք` նախ Ռուսաստանի կողմից, ի հաշիվ հայկական ազատագրված հողերի, Ադրբեջանին սիրաշահելու և ՆԱՏՕ-ից հեռու պահելու հարցը, մյուսը` քուրդ-թուրքական հակամարտության սրացումը: 
 
Ըստ նրա` Արցախում ապրիլի 2-5-ն Ադրբեջանի սանձազերծած քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ Հայաստանի ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանը, ընդամենը ռազմավարական դաշնակից է, այլ ոչ մարտավարական: 
«Ռուսաստանը կատարում է ռազմավարական դաշնակցի իր բոլոր պարտավորությունները, սակայն քաղաքական խնդրի առկայությամբ պայմանավորված, նա փորձում է Ադրբեջանին պահել իր կողքին»,- ասաց Ա. Մելքոնյանը` հիշեցնելով, որ պատմությունը կրկնվել է նաև 1920-ական թվականներին, երբ Ռուսաստանը հայկական հողերի հաշվին մերձեցել է Թուրքիայի հետ, սակայն վերջինս կարճ ժամանակ անց մոռանալով ՌԴ-ի արածը, նետվել է Արևմուտքի գիրկը և դարձել ՆԱՏՕ-ի անդամ:  
Պատմաբանի կարծիքով` Ադրբեջանն էական կախում չունի ՌԴ-ից, հետևաբար վերջինս փորձում է շահարկել Արցախի հարցը` հաշվի չառնելով այն փաստը, որ հայկական հողերի զիջումն Ադրբեջանին նշանակում է Արցախը ենթարկել ցեղասպանության: 
«Մեզանից շատերը կարծում են, որ քուրդ-թուրքական խնդիրը մոռացության է մատնվել, մինչդեռ այն կարող է շուտով օրակարգ մտնել. Արևմտյան Հայաստանի ազատագրության տեսանկյունից մենք բազմիցս խոսքել ենք այս խնդրի մասին, քանի որ օր-օրի ավելանում է թուրք-քդրդական հակամարտությունը, ինչը կարող է հանգեցնել քաղաքացիական պատերազմի»,- նշեց Ա. Մելքոնյանը` հավելելով, որ եթե այսօր լարվածությունն ակնհայտ է Դիրաբեքիրի շրջանում, ապա Բայազետի կամ Իգդիրի հատվածում նման հակամարտության ծավալումը ճնշվելու է թուրքական զորքերի կողմից, արդյունքում քրդական զինված ջոկատները խաղաղ բնակչության հետ մեկտեղ կարող են անցնել Ախուրյան և Արաքս գետերը և հայտնվել Հայաստանի սահմաններից ներս: 
Անդրադառնալով քառօրյա պատերազմին և դրանից հետո ծավալված քաղաքական իրադարձություններին` Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը ընդգծեց, որ Արցախի սահմանին հակառակորդի կողմից կատարված հանկարծակի հարձակումը հրահրվել էր Թուրքիայի կողմից, որին ձեռնտու չէ Ռուսաստանի ակնհայտ դերակատարությունը Միջին Արեւելքի թեժ կետերում, սիրիական պատերազմում եւ կովկասյան տարածաշրջանում. «Պատերազմը հրահրվեց Թուրքիայի կողմից, կասեցվեց Ռուսաստանի կողմից: Այս հարցում Ռուսաստանի ցուցաբերած չեզոքությունը ցուցադրական չեզոքություն էր, քանի որ մեր դաշնակցի հայտարարությունները ոչնչով չէին տարբերվում Արեւմտյան երկրների, ԵԱՀԿ Մինսկի համանախագահների հայտարարությունից»:
Նրա խոսքերով` Ռուսաստանն այս բանակցային գործընթացում միջնորդական առաքելություն ունի, և չէր կարող որևէ կողմին ավելի շատ աջակցել: 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play