Գերմանիան պատրաստ է ճանաչել Հայոց ցեղասպանությունը․ Reuters


Գերմանիան պատրաստ է ճանաչել Հայոց ցեղասպանությունը․ Reuters

  • 21-04-2016 18:32:08   |   |  Քաղաքական

Գերմանիան նահանջում է Հայոց եղեռնը ցեղասպանություն որակելու իր պատմական ժխտողական դիրքորոշումից, հաղորդում է Reuters գործակալությունը:
 
«Եվրամիության երկրներից Թուրքիայի գլխավոր առևտրային գործընկեր և միլիոնավոր թուրքերի հայրենիք Գերմանիան, շրջադարձ կատարելով, միանում է մյուս պետություններին ու կառույցներին, այդ թվում՝ Ֆրանսիային, Եվրախորհրդարանին և Հռոմի Ֆրանցիսկոս պապին՝ կիրառելով այն եզրը, որը դատապարատում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը»,- գրում է Reuters-ը:
 
Business Standard պարբերականը գրում է, որ ապրիլի 24-ին Բունդեսթագում քննարկվող բանաձևում ասված է, որ «հայերի ճակատագիրը պատմական օրինակ է զանգվածային բնաջնջման, էթնիկ զտումների, տեղահանությունների և ցեղասպանությունների, որոնցով լի էր 20-րդ դարը»:
 
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի խոսնակ Շտեֆեն Զայբերթը հայտարարել է, որ կառավարությունը կսատարի բանաձևին՝ նահանջելով «ցեղասպանություն» եզրից խուսափելու իր նախկին դիրքորոշումից:
 
«Կառավարությունը սատարում է բանաձևի նախագծին…, որի համաձայն՝ Առաջին աշխարհամարտի ընթացքում հայերի ճակատագիրը ծառայում է որպես 20-րդ դարում զանգվածային կոտորածների, էթնիկ զտումների, տեղահանությունների և, այո, ցեղասպանությունների պատմական օրինակ»,- ասել է Զայբերթը:
 
Bloomberg-ը գրում է, որ «Գերմանիայի վրա եվրոպացի որոշ գործընկերներ ճնշում են գործադարում՝ կոչ անելով հետևել իրենց օրինակին և լիարժեք ճանաչել հայոց ողբերգության խորությունը: Գերմանիան այն դիրքորոշման է, որ Թուրքիայի պարտավորությունն է հրապարակայնորեն առերեսվել անցյալի իր գործողությունների հետ, ինչպես դա արել է Գերմանիան Հոլոքոստի դեպքում»:
 
***
 
Թուրքիան յուրքանչյուր տարի Գալիպոլիի ճակատամարտին [տեղի է ունեցել Առաջին աշխարհամարտի ժամանակ Անտանտի պետությունների նախաձեռնած Դարդանելի օպերացիայի ժամանակ - ՍիվիլՆեթ] նվիրված միջոցառումները նշում էր մարտի 19-ին: Այս տարի, սակայն, որոշել է տոնակատարությունը կազմակերպել ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման 100-րդ տարելիցի օրը: Անկարայի կողմից Գալիպոլիի տոնակատարության տեղափոխումը և օտար պետությունների ու կառավարությունների ղեկավարների հրավիրումը Թուրքիա Հայաստանում դիտվում է որպես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները ստվերելու փորձ:
 
Մինչ այս պահը բազմաթիվ պետությունների ղեկավարներ հրաժարվել են մասնակցել Գալիպոլիի տոնակատարություններին, այդ թվում՝ Անգելա Մերկելը և Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը: Թուրքիայում կայանալիք միջոցառումներին Գերմանիան կներկայացնի պաշտպանության նախարարի տեղակալ Մարկուս Գրուբելը: Նախագահ Գաուկը նախընտրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցել Բեռլինում: Գերմանիայի քրիստոնեական եկեղեցիների հրավերով՝ Գաուկը կմասնակցի ապրիլի 23-ին Բեռլինի տաճարում կայանալիք պատարագին: Նա կլինի Գերմանիայի առաջին նախագահը, որը կմասնակցի Ցեղասպանության հիշատակման արարողություններին. նախատեսվում է, որ տաճարում Գաուկը հանդես կգա ելույթով:
 
Euroactive պարբերականում լույս տեսած հրապարակման համաձայն՝ Գերմանիայում հրեաների կենտրոնական խորհրդի նախագահ Յոզեֆ Շուստերը Tagesspiegel-ի հետ զրույցում խոսելով հայերի զանգվածային ոչնչացման մասին՝ ասել է. «Սարսափելի այս դեպքերը պետք է կոչվեն այնչպես, ինչպես կան՝ «ցեղասպանություն»»:
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play