Մարդկային կապիտալի ինդեքսը 2015թ. վարկանիշային հետազոտությունում. ԱՊՀ երկրների ցուցակում Հայաստանը 43-րդ դիրքում է


Մարդկային կապիտալի ինդեքսը 2015թ. վարկանիշային հետազոտությունում. ԱՊՀ երկրների ցուցակում Հայաստանը 43-րդ դիրքում է

  • 22-04-2016 13:05:25   | Հայաստան  |  Վերլուծություն
«Համաշխարհային տնտեսական ֆորում» կազմակերպությունը վերջերս ներկայացրեց Մարդկային կապիտալի ինդեքսը 2015թ. վարկանիշային հերթական տարեկան հետազոտությունը, որտեղ աշխարհի տարբեր երկրներ վարկանշավորվում են իրենց մարդկային կապիտալի կամ պոտենցիալի չափորոշման սկզբունքի համաձայն։ Վարկանիշային հետազոտության մեթոդաբանությունում շեշտադրումները կատարվում են 2 հիմնական ուղղությունների վրա.
 
1. կրթության հիմնական արդյունքները, որտեղ ուշադրությունը դարձվում է այն հանգամանքին, թե առանձնացված երկրներն ինչքանով են կարողանում ապահովել կրթության ոլորտում հասարակության բոլոր խավերի ու տարիքային խմբերի ներգրավվածությունը,
 
2. տնտեսական ակտիվության արդյունքները, որտեղ հիմնական շեշտադրումը կատարվում է մարդկային կապիտալի չափորոշման վրա՝ ըստ հասարակության տարիքային խմբերի։
 
Վարկանիշային հետազոտության մեթոդաբանությունը երկրների դասակարգման չափորոշման առումով հիմնվում է 0-100 միավոր սանդղակի վրա, որտեղ բարձրագույն միավորը վկայում է տվյալ երկրի մարդկային կապիտալի բարձր ցուցանիշների մասին։
 
Մարդկային կապիտալի գնահատման համար կազմակերպության ներկայացրած մեթոդաբանությունում կիրառված չափորոշիչները բավական ընդհանրական են և չեն ընդգրկում մարդկային կապիտալի ողջ պոտենցիալ կամ համալիր բովանդակությունը։ Մյուս կողմից, կարելի է արձանագրել, որ մարդկային կապիտալի գնահատման հարցում կիրառվել են ավելի շուտ քանակական, քան թե որակական վարկանշավորման չափորոշիչներ։ Ինչպես, օրինակ, կրթության կամ աշխատանքի ոլորտում հաշվարկվում և ներկայացվում են ոլորտում ներգրավված հասարակության տարբեր տարիքային խմբերի մասին վիճակագրական տվյալները՝ ըստ ներգրավվածության ակտիվության մակարդակների։ Սակայն այստեղից, ըստ էության, հստակ և փաստարկված հետևություններ հնարավոր չէ կատարել տվյալ երկրի հասարակության գիտական, գիտատեխնոլոգիական կամ կրթական պոտենցիալի և, առավելևս, ընդհանուր որակական արդյունքների վերաբերյալ։
 
Երկրի մարդկային կապիտալի հաշվարկման մեջ գիտատեխնոլոգիական արդյունքները կամ արտադրանքն ինքնին հանդիսանում են մարդկային կապիտալի կարևոր բաղադրիչներից մեկը, սակայն, միևնույն ժամանակ, ուղղակիորեն փոխկապակցված են մարդկային կապիտալի բաղադրիչ հանդիսացող այնպիսի էական գործոնների հետ, ինչպիսիք են տվյալ հասարակության կամ երկրի մարդկային կապիտալի ֆիզիկական հաշվարկը, առողջապահական ասպեկտը, բարեկեցությունը և այլն։
 
Փորձենք ներկայացնել զեկույցի հիմնական առանձնահատկությունները՝ ըստ մեր կողմից առանձնացված պետությունների վարկանշավորման։
 
Հետազոտությունում ներառված է 124 երկիր։ Մարդկային կապիտալի ինդեքսը 2015թ. վարկանիշային հետազոտությունում լավագույն արդյունքը Ֆինլանդիայինն է՝ 85,78 ամփոփ միավոր։ Ֆինլանդիային հաջորդում են Նորվեգիան, Շվեյցարիան, Կանադան և Ճապոնիան։
 
Այժմ փորձենք առանձնացնել ԱՊՀ, Հարավային Կովկասի և հարակից երկրների մարդկային կապիտալի վարկանշավորման արդյունքները։ Նշենք, որ կազմակերպության զեկույցում ներառվել են տարածաշրջանի ոչ բոլոր երկրները, ինչը, թերևս, պետք է պայմանավորել կազմակերպության՝ այդ երկրների մասով անհրաժեշտ տեղեկատվության բացակայության հանգամանքով։
 
Հաշվի առնելով վարկանիշային զեկույցում ընդգրկված երկրների ընդհանուր քանակը՝ պետք է ասել, որ ԱՊՀ երկրների շարքում լավագույն արդյունքներ արձանագրած 5 երկրները բավական բարձր դիրքեր են զբաղեցրել։ Ինչպես նկատելի է աղյուսակից, ԱՊՀ երկրների շարքը գլխավորում է Ռուսաստանը, որը զբաղեցնում է զեկույցում ներառված երկրների ցուցակի 26-րդ հորիզոնականը։ Ռուսաստանին անմիջապես հաջորդում են Ուկրաինան և Ղազախստանը, որոնք համապատասխանաբար գտնվում են 31 և 37-րդ դիրքերում։ 
 
 
ԱՊՀ երկրների ցուցակում 4-րդ լավագույն արդյունքը Հայաստանինն է՝ 43-րդ դիրք։ Հայաստանին դիրքային զգալի տարբերությամբ զիջում է հարևան Ադրբեջանը, որը գտնվում է 63-րդ հորիզոնականում։ Հիշեցնենք, որ Հարավային Կովկասի երկրներից զեկույցում չի ներառվել միայն Վրաստանը։
 
Ինչպես տեսնում ենք պատկերված աղյուսակից, Հայաստանն իր վարկանիշային ցուցանիշով անհամեմատ գերազանցում է նաև մյուս հարևան երկրներին՝ Թուրքիային և Իրանին, որոնք համապատասխանաբար գտնվում են 68 և 80-րդ հորիզոնականներում։
 
 
Կարեն Վերանյան 
«Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ավագ փորձագետ
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play