Արամայիս Գրիգորյանի մարզային այցը ՀՀ Գեղարքունիքի և Տավուշի մարզեր


Արամայիս Գրիգորյանի մարզային այցը ՀՀ Գեղարքունիքի և Տավուշի մարզեր

  • 22-04-2016 19:09:59   | Հայաստան  |  Տնտեսություն

Տեղի է ունեցել ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի մարզային այցը ՀՀ Գեղարքունիքի և Տավուշի մարզեր: Սևան-Դիլիջան մայրուղու հարակից հատվածում նախարարը ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի, ՀՀ ԲՆ աշխատակիցների, հասարակական կազմակերպությունների և համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ ծառատունկ է իրականացրել:
 
Սևան-Դիլիջան մայրուղու ծառազուրկ հատվածի/գ. Ծովագյուղից մինչև թունել/ անտառապատման որոշումը կայացվել է ՀՀ բնապահպանության նախարարին կից կոլեգիայի 13.03.2015թ.նիստի  թիվ Կ1-2 որոշմամբ: Նիստի ժամանակ կոլեգիայի անդամ ՀՀ ԳԱԱ բուսաբանական ինստիտուտի տնօրեն Ժիրայր Վարդանյանին առաջարկվել էր իր ղեկավարած կառույցի միջոցով մասնագիտական օժանդակություն ցուցաբերել վերոհիշյալ տարածաշրջանի կլիմային  առավել հարմարվող ծառատեսակների ընտրության հարցում: Համապատասխան նախապատրաստական աշխատանքներից հետո, ապրիլի 22-ին մեկնարկել է ծառատունկը: Անդրադառնալով ծառատունկին` ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ասել է. «Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ այսօր տարածաշրջանում մեկնարկել է ծառատունկ: Դեռ 2012թ. ՀՀ կառավարությունը որոշում էր կայացրել տարածաշրջանում 1125 հեկտար տարածքի վրա իրականացնել ծառատունկ: Ծառատունկ իրականացնել ցանկացողների համար հնարավորություն ենք ստեղծում հետագայում` աշնանը և գարնանը, համատեղ պլանավորած այն իրականացնել, որպեսզի էկոհամակարգի վերականգնումն ավելի արդյունավետ լինի: Այսօր եղանակային պայմանները մի փոքր բարենպաստ չէին, բայց ծառատունկը հաջողություն կունենա, որովհետև խնդրին մասնագիտացված մոտեցում է ցուցաբերվել. տնկվում են բարդի, հացենի և սոճի տեսակի ծառեր, որոնք բնորոշ են տարածաշրջանին և բարձր կպչողականություն կապահովեն: Մենք նախատեսել ենք թունելից մինչև Ծովագյուղ համայնք ճանապարհի երկու կողմից անտառապատել, ինչը մեզ հնարավորություն կտա ճանապարհի հարակից բլուրները նույնպես անտառապատ դարձնել: Այս տարածաշրջանում մինչ այս անտառապատվել է 70 հեկտար տարածք, հաջորդ տարիներին այս ցուցանիշը կավելացվի, որպեսզի մինչև 2023 թ. նախատեսված աշխատանքներն ավարտենք»:
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, կարևորելով միջոցառումը, նկատել է, որ ՀՀ բնապահպանության նախարարության նախաձեռնած ծառատունկը համընկել է մարզի բոլոր համայնքներում ներկայում մեկնարկած ծառատնկման, կանաչապատման և աղբահանման աշխատանքների հետ: Մարզպետը տեղեկացրել է, որ այս տարի մարզում նախատեսված է ևս 10-15 հեկտար տարածքի անտառապատում:
«Դիլիջան» ազգային պարկի այցելուների կենտրոնում նախարար Արամայիս Գրիգորյանը   մասնակցել է ՀՀ Ազգային ժողովի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի արտագնա նիստին: Նիստում քննարկվել են <<Դիլիջան>> ազգային պարկի խնդիրները և կառավարման նոր պլանի նախագիծը: Խորհրդակցությանը մասնակցել են նաև  Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, ՀՀ ԲՆ և ԱԺ համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ: 
 ՀՀ Ազգային ժողովի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանը, բացելով նիստը, շեշտել է արտագնա նիստերի կարևորությունը տարածաշրջանի խնդիրներին տեղում ծանոթանալու և դրանց արդյունավետ լուծում տալու առումով: Բանախոսը կարևորել է նաև օրենսդիր և գործադիր մարմինների համագործակցության նման ձևաչափը:
Իր ողջույնի խոսքում ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը նկատել է, որ ժամանակի ընթացքում  օրենքները կատարելագործման և փոփոխության կարիք են զգում, ինչի անհրաժեշտությունը այսօր ունի ՀՀ բնապահպանության նախարարությունը, մասնավորապես «Դիլիջան» ազգային պարկը և  նման խնդիրների լուծման համար ակնկալվում է օրենսդիրի աջակցությունը: 
Ներկայացնելով օրակարգի առաջին հարցը «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի  տնօրեն Սահակ Մուրադյանը մատուցել է այն խնդիրները, որոնց առնչվում է իր ղեկավարած կառույցը գործառույթն իրականացնելու ժամանակ: Մասնավորապես տեղեկացվել է, որ ազգային պարկի աշխատակիցները օրենքով սահմանափակված են և իրավունք չունեն աշխատանքային ժամերից դուրս և ոչ աշխատանքային օրերին հսկողություն իրականացնել, ինչը թույլ է տալիս ապօրինի ծառահատողներին ծավալել նման գործունեություն: Շեշտվեց, որ խնդիրը պետք է լուծվի օրենսդարական ճանապարհով: Նախարար Արամայիս Գրիգորյանը ներկաներին տեղեկացրել է, որ հիմնահարցի լուծման համար առաջարկություն է ներկայացվել ՀՀ կառավարություն` տեսչական բարեփոխումների համատեքստում այն լուծելու համար և պատգամավորներին խնդրել, որ ԱԺ-ում օժանդակեն համապատասխան օրինագծի ընդունմանը:
ՀՀ ԲՆ կենսառեսուրսների գործակալության պետի պաշտոնակատար Աշոտ Հովհաննիսյանը ներկայացրել է «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կառավարման պլանի նախագիծը: Շեշտվել է, որ նոր պլանի հիմնական նպատակն ազգային պարկի գոտիավորումն է և այն հնարավորինս միջացգային չափանիշներով պահպանվող տարածքի մոտեցնելը: Շեշտվել է նաև, որ տեխնիկական խնդիրների լուծման գործընթացում նախատեսվում է նաև տարածքը տեսախցիկներով ապահովել, ինչը ավելի արդյունավետ կդարձնի վերահսկողությունը:
Հանձնաժողովի անդամները բարձրացրել են մի շարք հարցեր: Ծավալվել է շահագրգիռ քննարկում, ինչի արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել պատգամավորների որոշ առաջարկներ ընդգրկել «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կառավարման նոր պլանում:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play