Թուրքական կազմակերպությունը դատապարտելով ցեղասպանությունը` պահանջում է Արցախի անկախության ճանաչում (տեսանյութ)


Թուրքական կազմակերպությունը դատապարտելով ցեղասպանությունը` պահանջում է Արցախի անկախության ճանաչում (տեսանյութ)

  • 25-04-2016 15:31:32   | Հայաստան  |  Հասարակություն



Մեր ձեռքերը ցեղասպանությունը ժխտողների օձիքներին է, քանի որ ժխտումը ցեղասպանության շարունակությունն է: 
Ե՛տ քաշեք ձեր արյունոտ ձեռքերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից: Անմիջապես  դադարեցրե՛ք քուրդ ժողովրդի գոյության հանդեպ ցեղասպան գործողությունները:
Ճանաչե՛ք 1915 թվականի ցեղասպանությունը և ստանձնեցեք դրա հետ կապված պարտավորությունները:
Ներողություն խնդրե՛ք ցեղասպանությունից տուժած ժողովուրդներից (հայեր,  ասորիներ, հույներ-Պոնտոսի հույներ, եզդիներ):
Սրանք այն հինգ պահանջներն են, որոնք Գերմանիայում գործող թուրքական առաջին և միակ «Միություն Ընդդեմ Ցեղասպանության» կազմակերպությունը դնում է Թուրքիայի Հանրապետության և նրա հանցակից Ադրբեջանի առջև: Ինչպես ապրիլի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ապրիլի 24-ի կապակցությամբ Հայաստան այցելած քուրդ մտավորական, «Միություն Ընդդեմ Ցեղասպանության» կազմակերպության ներկայացուցիչ Մահմութ Ուզունին, վերոնշայլ հինգ պահանջներն ընդգրկված են իրենց կողմից մշակված այն հայտարարության մեջ, որով հայց են ներկայացնում միջազգային հանրությանը` պահանջելով ճանաչել նաև Արցախի Հանրապետության անկախությունը:
 
Ըստ նրա` «Միություն Ընդդեմ Ցեղասպանության» կազմակերպությունը դատապարտելով ցեղասպանությունը` պահանջում է Արցախի անկախության ճանաչումը:  
Մ. Ուզունիի փոխանցմամբ` իրենց կազմակերպության տարածած հայատարարությունում, մասնավորապես, ասվում է. «Արդեն 101 տարի է` թուրքական ժխտողական քաղաքականությունը շարունակում է մարդկության դեմ ուղղված հանցագործությունների իրագործումը: Կանգնելով իր հանցակից Ադրբեջանի թիկունքին` հրահրում է պատերազմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վրա հարձակվելով` գաղտնի ծրագրում նոր ցեղասպանություններ»:
Քուրդ մտավորականն ամեն տարի ապրիլի 24-ին իր պարտքն է համարում այցելել Հայաստան և հարգանքի տուրք մատուցել Հայոց Ցեղասպանության 1,5 մլն զոհերի հիշտակին: Այս տարի նա դատարկաձեռն չի եկել Հայաստան և իր հետ Լոնդոնից բերել է աշխարհի հինգ մայրցամաքներում սփռված հայությանը խորհրդանշող հինգ նռեր:
«Իմ կարդացած գրքերով ու տեղեկություններով գիտեմ, որ հայ ազգն ունի հինգ խնդիր` բռնազավթված Արևմտյան Հայաստան, Արցախ, Նախիջևան, Ջավախք և Արևելյան Հայաստան: 100 տարի առաջ այս բոլորը միասին էին և խորհրդանշում էին բովանդակ Հայաստանը, մինչդեռ 1915 թվականին հայությունից բռնի կերպով խլեցին այս տարածքները, հետևաբար հայության առաքելությունն է վերամիավորել այս հինգ կտորները»,- ընդգծեց Մ. Ուզունին: 
Ի դեպ` վերջինս հինգ նռերը Հայաստան բերել է Լոնդոնից, որտեղ հայկական նուռը ներկրվում է Արգենտինայից: Հենց այստեղ 1915 թվականին գաղթած հայերը ցանում են նռան առաջին սերմերը: 
Իբրև քուրդ ազգի ներկայացուցիչ` Մ. Ուզունին նշեց, որ ամաչում է իր նախնիների փոխարեն և ներողություն խնդրում հայերից ցեղասպանությանը մասնակցելու և նրանց սեփական հայրենիքից վտարելու համար: 
Տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանն էլ նշում է, որ Մ. Ուզունին այն բացառիկ քրդերից մեկի` Քըրքըրսակ գյուղի տասնապետ Յուսուֆի թոռն է, ով 1915 թվականին փրկում է ցեղասպանությունից մազապուրծ եղած 300 հայի: 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play