Սահմանում կանգնած հայ զինվորին իր զորակցությունն է հայտնում Էստոնական ազգային արական երգչախումբը


Սահմանում կանգնած հայ զինվորին իր զորակցությունն է հայտնում Էստոնական ազգային արական երգչախումբը

  • 26-04-2016 14:20:40   | Հայաստան  |  Հասարակություն

Էստոնական ազգային արական երգչախումբն իր զորակցությունն է հայտնում Հայաստանի և Արցախի սահմանում կանգնած հայ զինվորներին: «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Հայաստանում գտնվող երգչախումբը (գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր՝ Միկ Ուլեոյա)  երևանյան համերգից առաջ, ապրիլի 24-ին՝  Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հայերենով Աղոթք էր հղել առ Աստված`հայ ազգի եւ Առաքելական Եկեղեցու անսասանության համար: Երգչախումբն իր ներկայությամբ խորհրդանշեց ողջ քաղաքակիրթ մարդկության զորակցությունը և համերաշխությունը հայ ժողովրդին: 
 
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ապրիլի 25-ին տեղի ունեցավ Էստոնական ազգային արական երգչախմբի բացառիկ համերգը, որի ընթացքում հնչեցին Կոմիտասի, Մարտ Սաարի, Ալեքսանդր Լաատեի, Կոնստանտին Տուուրնպուի, Գեյվին Բրայարսի, Հենրիկ Օդեգաարդի, Ջովաննի Բոնատոի, Գալինա Գրիգորևայի ստեղծագործություններից: 
Համերգի մեկնարկից առաջ ներկանները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախում ապրիլի 2-5-ը հայերնիքի սահմանները պաշտպանելիս զոհված հայ հերոսների հիշատակը: 
«Գրեմմի»-ի և բազմաթիվ այլ միջազգային հեղինակավոր մրցանակների արժանացած Էստոնական ազգային արական երգչախումբը դեռ 2015 թվականին Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ  մասնակցել էր Էստոնիայի Սբ. Հովհաննես եկեղեցում կայացած «Քեզ հետ, Հայաստան» խորագրով համերգին:
Հայաստանյան համերգի շրջանակներում երգչախումբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր` Միկ Ուլեոյան պարգևատրվել է ՀՀ Մշակույթի նախարարության «Ոսկե մեդալով»` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը միջազգային հարթակում լավագույնս ներ¬կա¬յացնելու, ինչպես նաեւ հայանպաստ գործունեություն ծավալելու կապակցությամբ: 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play