Վարդան Օսկանյանի նոր կուսակցությունը հետաքրքրություն է ներկայացնելու Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ


Վարդան Օսկանյանի նոր կուսակցությունը հետաքրքրություն է ներկայացնելու Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ

  • 27-04-2016 13:59:35   | Հայաստան  |  Վերլուծություն

1in.am. Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարել է նոր կուսակցության մասին, որը ստեղծվում է «Համախմբում» անվանումով: Այս կուսակցությունը ինչպես մինչ ստեղծվելը, այդպես էլ ստեղծվելու մասին հայտարարությունից հետո և իր գործունեությամբ, ըստ էության, հանրային հետաքրքրություն է ներկայացնելու մի գործոնի՝ Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ, որը դե յուրե կապ չունի կուսակցության հետ, սակայն դե ֆակտո ընկալվում է որպես այդ կուսակցության «կնքահայր»՝ մի շարք գործոնների պատճառով:
 
Վարդան Օսկանյանի կուսակցական նախաձեռնող թիմի կազմը հաստատում է նախկինում եղած այն տեղեկությունները, որ Օսկանյանի շուրջ միավորվելու են նախկին կամ ծառուկյանական ԲՀԿ-ի «քոչարյանական թևի» ներկայացուցիչները: Կուսակցության նախաձեռնող խմբի հայտարարությունը՝ նպատակների, գործունեության ուղղությունների մասին, ինչպես հայաստանյան յուրաքանչյուր քաղաքական ուժի դեպքում, զգալիորեն գրավիչ է, համարժեք: Սակայն, ինչպես գրեթե ցանկացած կուսակցության դեպքում, հարցը հայտարարությունների և հռչակագրերի ու իրական գործունեության համադրությունն է: Օրինակ, Օսկանյանի կուսակցության ստեղծման մասին հայտարարության մեջ որևէ խոսք չկա Հայաստանի ներկայիս եվրասիական ուղու մասին, ավելին՝ խոսվում է արևմտյան արժեհամակարգի ու եվրոպական ընտանիքի մասին: Մինչդեռ կուսակցություն ստեղծող թիմը ընդամենը երկու-երեք տարի առաջ Ռուսաստանի կայսերական նախագծերի և մտադրությունների սպասարկման հարցում Սերժ Սարգսյանի ակտիվ մրցակիցն էր՝ ոչիշխանական բևեռի կազմում, նրան մեղադրելով նույնիսկ Ռուսաստանի հանդեպ դավաճանական նկրտումներով Եվրաասոցացման գործընթացի գնալու համար: Համենայն դեպս, այդ թիմը ոչիշխանական բևեռում ոչ միայն որևէ կերպ դեմ չէր արտահայտվում ԵՏՄ ասոցացմանը, ոչ միայն Երևանում հանրահավաք էր անում և բառ անգամ չէր հայտարարում ինքնիշխանությանը սպառնացող վտանգի մասին, նույն այն օրը, երբ Մինսկում ստորագրվում էր Հայաստանի ԵՏՄ անդամակցության համաձայնագիրը, այլև նույնիսկ դա հռչակում էր անշրջելի իրողություն: Իսկ ահա այժմ՝ խոսքեր ինքնուրույնության, ինքնիշխանության, արևմտյան արժեհամակարգի և եվրոպական ընտանիքի մասին: Նշանակո՞ւմ է սա արդյոք, որ Վարդան Օսկանյանի կուսակցությունը խաղալու է արևմտյան դաշտում: Հետևաբար, նա հանդես գալո՞ւ է Հայաստանի՝ ԵՏՄ-ից դուրս գալու օգտին:
 
Բանն այն է, որ Հայաստանում ներքաղաքական կյանքի համար առանցքային հարցը դարձել է հենց սա, այն պարզ պատճառով, որ հենց այդ «անշրջելի շրջադարձից» հետո է Հայաստանը հայտնվել սուբյեկտային լիակատար մեկուսացման մեջ և դրանից հետո է քայլ առ քայլ, այդ թվում՝ ԵՏՄ անդամների թե՛ ռազմա-տեխնիկական, թե բարոյա-քաղաքական աջակցության շնորհիվ հասունացել ադրբեջանական ագրեսիան Հայաստանի դեմ:
 
Եվ այստեղ, իհարկե, Սերժ Սարգսյանի առաջնային և ահռելի պատասխանատվությամբ հանդերձ, պարզապես անհնար է չարձանագրել այն ուժերի պատասխանատվությունը, որոնք ըստ էության որևէ կերպ չփորձեցին լինել այդ պրոցեսի քաղաքական ընդդիմություն և նույնիսկ քարոզչական ճակատում սկսեցին հարվածել ընդդիմանալ ցանկացող «20-30 մարգինալներին»:
 
Մեծ հաշվով, այսօր ադրբեջանական ագրեսիան հենց Հայաստանի ինքնիշխանության և անվտանգության հանդեպ կոլեկտիվ անպատասխանատվության հետևանքն է, իսկ Վարդան Օսկանյանը և նրա թիմը, մեծ հաշվով, հենց այդ կոլեկտիվի անդամ էին երեք տարի առաջ: Ըստ էության, քաղաքականության մեջ իհարկե երբեք ուշ չէ կատարել ճիշտ և համարժեք քայլեր, սակայն դրանք պետք է լինեն կոնկրետիկայի շրջանակում, ոչ թե հռչակագրերի:
 
Լավ հռչակագրեր հայաստանյան հասարակությունը շատ է տեսել, բայց այսօր տեսնում է պատերազմ և դրա հետևանքով բացված համակարգային փտախտ Հայաստանում, և միաժամանակ իհարկե հասկանում, որ նոր պատերազմը եղել է արդեն հնին հաջորդած երկու տասնամյակի համակարգային փտախտի արդյունքում: Իսկ այդ փտախտը մեծ հաշվով զարգացել է հենց գեղեցիկ և հնչեղ հռչակագրերի ներքո:
 
Մուսա Միքայելյան
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play