Լեզգիները բողոքի ակցիաներ են սկսել Ադրբեջանում


Լեզգիները բողոքի ակցիաներ են սկսել Ադրբեջանում

  • 28-04-2016 22:03:13   | Ադրբեջան  |  Քաղաքական

Ինչպես արդեն գրել ենք, ապրիլի 26-ի լույս 27-ի գիշերը Թալիշի ուղղությամբ մերոնք հետ են վերցրել ապրիլի սկզբին հակառակորդի կողմից գրավված հենակետը: Հրետանային երկկողմանի ռմբակոծությունների ժամանակ մեր հրետանավորների ճշգրիտ հրետակոծության արդյունքում թշնամու մի մեծ խմբավորում է ոչնչացվել: Ադրբեջանցիների կորուստները հենց միայն այդտեղ կազմել են 40-50 հոգի: Դեպքը տեղի է ունեցել Թալիշից հյուսիս ընկած հատվածում` Մռավ լեռան ստորոտին:
 
Առաջնագծի այդ խմբավորման կազմում զոհվածներից 21-ն ազգությամբ լեզգիներ են եղել: Ինչպես հայտնի է, Ադրբեջանի ղեկավարությունը մշտապես առաջնագիծ է տանում հիմնականում ոչ ադրբեջանցիների, և «մսաղացում» հայտնվում են լեզգիներ, թալիշներ, թաթեր, ավարներ:
Երկու օր առաջ զոհված 21 լեզգիների դիակները երեկ ադրբեջանցիները հանձնել են Լեզգիստանի Սամուր, Խուչնի, Գելխեն, Խամասքենդ բնակավայրերում բնակվող նրանց հարազատներին: Այսօր առավոտվանից լեզգիները դուրս են եկել բողոքի ցույցերի: Ի դեպ, ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհվել էին 19 լեզգիներ (ընդհանուր` 40):
 
Սամուր, Խուչնի, Գելխեն, Խամասքենդ և Սամուր գետի մերձակայքում գտնվող այլ բնակավայրերի բնակիչները զոհվածների հարազատների հետ միասին հանդիպում են պահանջում Ադրբեջանի զինվորական և քաղաքական ղեկավարության հետ:
«Ինչո՞ւ են հենց լեզգիները հայտնվում առաջնագծում և զոհվում, երբ Հեյդար Ալիևը խոստացել էր մեր երեխաներին Ղարաբաղ չտանել: Մենք ձեզ էլ զինվոր չենք տա»: Մոտավորապես այսպիսին է լեզգիների բողոքի բովանդակությունը:
 
Հիշեցնենք, որ 90-ական թվականների սկզբից լեզգիական «Սադվալ» կազմակերպությունը, որը գործում էր Դաղստանում, պայքարում էր Ադրբեջանի հյուսիսում անկախ Լեզգիստան ստեղծելու համար: Այն ժամանակ հայ-ադրբեջանական պատերազմին զուգահեռ խիստ ակտիվ գործում էր լեզգիական «Սադվալը»: Նրանք նույնիսկ մի քանի հարձակողական գործողություններ իրականացրին Ադրբեջանի դեմ: «Սադվալը» ղեկավարում էր ազգությամբ լեզգի գեներալ Կագրամանովը: Այս կազմակերպության առաջին դեմքերից էր Ռուսաստանի պետդումայի պատգամավոր Հաջի Մախաչևը:
 
Սակայն այն ժամանակ Ադրբեջանին հաջողվեց կասեցնել քաղաքացիական պատերազմը: Հայր Ալիևը հանդիպեց «Սադվալի» կողմնակիցների հետ, խոստացավ, որ լեզգիներին հայերի դեմ պատերազմի չի տանի, իսկ երկրի հյուսիսում լեզգիական ավտոնոմիա կստեղծի: Իր խոստման առաջին մասը նա կատարեց` այլևս լեզգիներին այն ժամանակ չհավաքագրեց ղարաբաղյան պատերազմի համար, բայց անկախություն նրանք այդպես էլ չստացան, իսկ շարժման ակտիվիստներին ձերբակալեցին ու դատեցին:
 
Այս անգամ Ադրբեջանի ղեկավարությունն ի՞նչ խոստումներով կխաբի լեզգիներին, հայտնի է միայն իրենց:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play