Էրդողանը ծագումով ադրբեջանցի ռեկտորին փոխարինեց ազգությամբ թուրքով
29-04-2016 12:21:29 | Թուրքիա | Քաղաքական
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Գիրեսունի համալսարանի նոր ռեկտորի պաշտոնում նշանակել է ոչ թե երկար տարիներ այդ պաշտոնը զբաղեցրած ծագումով ադրբեջանցի Այգյուն Աթթարին, այլ երկրի Բարձրագույն կրթության խորհրդի կողմից ներկայացված ազգությամբ թուրք Ջովդաթ Ջոշքունին:
Այս մասին հայտնում է ԱՊԱ լրատվական գործակալությունը` հղում կատարելով Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքին:
ԱՊԱ-ն տարակուսանք է հայտնել, որ դա, իբր, արվել է հակառակ այն բանին, որ Այգյուն Աթթարը ռեկտորի ընտրություններում ավելի շատ ձայներ էր հավաքել, քան Ջովդաթ Ջոշքունը: Ադրբեջանական գործակալությունը նշել է, որ Այգյուն Աթթարը Թուրքիայում համալսարանի միակ ռեկտորն էր, ով ծագումով ադրբեջանցի էր:
Նշենք, որ Այգյուն Աթթարը 2007 թվականին Գիրեսունի համալսարանի ռեկտորի պաշտոնը զբաղեցնելուց անմիջապես հետո աչքի է ընկել իր հակահայկական գործունեությամբ` կազմակերպելով Հայոց ցեղասպանությունը ժխտող համաժողովներ եւ թուրքական մամուլում հանդես գալով հակահայկական հոդվածներով: