Գազպրոմի մայրամուտը կախված է Ռոբերտ Նազարյանից. Մեկնաբան


Գազպրոմի մայրամուտը կախված է Ռոբերտ Նազարյանից. Մեկնաբան

  • 04-05-2016 15:37:47   | Հայաստան  |  Վերլուծություն

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ապրիլի 29-ից ստացել է Գազպրոմ Արմենիա ընկերության հայտը, որով առաջարկվում է նվազեցնել սպառողին մատակարարվող գազի գինը: Ըստ հայտի, 10 000 խմ եւ ավելի սպառող բաժանորդների համար գազի գինն առաջարկվում է նվազեցնել մոտ 20 դոլարին համարժեք, իսկ 10 000-ից պակաս սռապողներինը՝ 10 դրամի չափով: Այլ կերպ ասած, բնակչության համար առաջարկվում է գինն իջեցնել 10 դրամով, իսկ ձեռնարկությունների համար՝ զգալիորեն ավելի շատ:
 
Գազպրոմ Արմենիան գնի նվազեցման հայտ ներկայացրեց ապրիլի 7-ին ՌԴ վարչապետ Մեդվեդեւի այցի ընթացքոմ ձեռք բերված համաձայնությունից հետո, ըստ որի Ռուսաստանը սահմանի վրա գազի 165 դոլարը դարձրեց 150: Թե ինչու՞ 150, դժվար է ասել: Օրինակ, ինչպես պնդում է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, Հայաստանը շարունակում է ստանալ ԵՏՄ-ում ամենաթանկ գազը:
Բայց անգամ այդ պայմաններում հասարակության համար շարունակում է առեղծվածային եւ անհասկանալի մնալ, թե սահմանին 150 դոլար գազը ինչու է բնակարանում դառնում ավելի քան 300 դոլար, թանկանալով կրկնակի եւ ավելի: Ինչպե՞ս է դա ստացվում, Գազպրոմ Արմենիայի ի՞նչ որակի կառավարման հետեւանքով: Փաստացի, անգամ Գազպրոմ Արմենիայի հայտը բավարարելու դեպքում, գազի գինը բնակարանում կազմելու է ավելի քան 300 դոլար, եթե դրամից վերածենք դոլարի:
Եվ այդ երեւույթը Հայաստանում արդեն տարիներ շարունակ չունի համոզիչ բացատրություն: Ավելին, նախորդ տարի ԱԺ-ում ստեղծված ժամանակավոր հանձնաժողովը, ուսումնասիրելով գազի գնագոյացման հարցերը, պարզեց Գազպրոմ Արմենիայի կառավարման մի շարք ուշագրավ դրվագներ, որոնք բավական շատ աղերս ունեին օրինակ Էլցանցերի «բիբինյան» ժամանակաշրջանի կառավարման հետ:
Թե ինչով ավարտվեց «բիբինյան» կառավարումը՝ թերեւս հիշում են բոլորը: Թե ինչով է ավարտվելու Գազպրոմ Արմենիայի կառավարումը Հայաստանում, անորոշ է: Համենայն դեպս, այդ կառավարման այսպես ասած պայմանագրային հիմքը այնպիսին է, որ այդ կառավարումը ում համար ինչով էլ որ ավարտվի, Հայաստան պետության համար հազիվ թե ավարտվի լավ բանով: Խոսքը 2013 թվականի դեկտեմբերի 2-ին կնքված եւ մի քանի շաբաթ անց խորհրդարանում վավերացված խայտառակ պայմանագրի մասին է, որի քվեարկությունն էլ անցավ նույնքան խայտառակ մթնոլորտում, այսպես ասած ձեռքով հաշվելով: Ընդ որում, խայտառակ էր նաեւ այն, որ ընդդիմությունը չգիտես ինչու լքեց դահլիճը, իբր ի նշան պայմանագրի վավերացման բողոքի, բայց դրանով հնարավորություն տվեց իշխող մեծամասնությանն իր ուզածի ձեւով հաշվել դահլիճում քվորումի ակնհայտ բացակայության պայմաններում:
Այդ պայմանագրով Հայաստանի շահը փաստացի ստորադասվեց Ռուսաստանի կայսերական եւ Գազպրոմի կոմերցիոն շահին:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, ստանալով Գազպրոմ Արմենիայի հայտը, հայտարարել էր, թե ձգտելու է սեղմ ժամկետում անդրադառնալ խնդրին: Հանձնաժողովն ունի դրան անդրադառնալու 80-օրյա ժամկետ:
Սակայն խնդիրը ամենեւին ժամկետը չէ, այլ անդրադարձի բովանդակությունը եւ այսպես ասած որակը: Կարո՞ղ է ՀԾԿՀ-ն իրականացնել գազի գնագոյացման որակյալ ուսումնասիրություն եւ հաստատել գին, որը կբխի Հայաստանի քաղաքացու շահից եւ կհանի տարիներ շարունակ հնչող հարցը, թե ինչու է սահմանին ստացվող գազը Հայաստանի տարածքում թանկանում գրեթե կրկնակի, եւ իբր ստանալով աշխարհում ամենաէժան գազը սահմանին՝ թեեւ այժմ նույնիսկ դա այդպես չէ, Հայաստանի քաղաքացին իր տանը վճարում աշխարհի ամենաթանկ գներից մեկը;
Տարիներ առաջ ԱԺ-ում ներկայացնելով հաշվետվություն իր գործունեության մասին, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանն ի պատասխան պատգամավորների քննադատական հարցերի ասել էր, թե ինքը ամեն ինչ տեսել է, հիմա մոտենում է մայրամուտին եւ իրեն պետք չէ ոչ մի պաշտոն: Այդ ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ բարկացել էր Նազարյանի վրա՝ ինչ մայրամուտ, ինչ բան:
Այդուհանդերձ, բնությունն իհարկե ուժեղ է, եւ ուզի Հովիկ Աբրահամյանը, թե ոչ, բայց մայրամուտը անուսափելի է բոլորի դեպքում: Խնդիրը ընդամենն այն է, թե ինչ տեսք է ունենալու այդ մայրամուտը:
Այդ իմաստով, Ռոբերտ Նազարյանը ստացել է իր մայրամուտը արժանապատվորեն անցկացնելու պատմական հնարավորություն: Պատմական ոչ այն իմաստով, որ հերթական անգամ քննարկելու է գազի գնի հայտը: Այլ որովհետեւ Հայաստանի պետականության քառորդ դարն իրենց պաշտոնավարումով որակազրկած գործնականում բոլոր մեծ ու փոքր պաշտոնյաներին հայկական զինված ուժերը քառօրյա պատերազմի ընթացքում տվեցին արժանապատիվ մայրամուտի պատմական հնարավորություն:
Ռոբերտ Նազարյանը ներկայում իր հանձնաժողովի հետ միասին կանգնած է այդ հնարավորության առաջ, եւ մայրամուտի արժանապատվությունը կախված է նրանից, թե ու՞մ շահով է առաջնորդվելու հանձնաժողովը՝ Գազպրոմի՞, թե Հայաստանի քաղաքացու, բավարարվելու է Գազպրոմի՞ հայտը, թե այն հարցը, որ գնագոյացման մասին տարիներ շարունակ հնչեցնում է Հայաստանի քաղաքացին:
Ինչ խոսք, հավանականությունը կարծես թե պարզ է, պատրանքներ իհարկե չկան: Բայց կա շանս, դա ակնհայտ է:
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play