Թալիշցիները չեն ընդունելու ԼՂ կառավարության առաջարկը


Թալիշցիները չեն ընդունելու ԼՂ կառավարության առաջարկը

  • 04-05-2016 16:51:13   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

Կեսգիշերին երեք երեխաների հետ սար ու ձոր անցնած և հակառակորդի գնդակից մազապուրծ փրկված թալիշցի Գայանե Աբրահամյանը ապաստանել է Չարենցավանում:
 
Ուղիղ մեկ ամիս առաջ Աբրահամյանները Թալիշում թողնելով շուրջ 200 քմ տունը, տնամերձ հողամասն ու բերքատու այգին՝ այսօր գոյատևում են չարենցավանցիների օգնությամբ և ՄԱԿ-ի կողմից տրամադրված ֆինանսական աջակցությամբ: Տան վարձն ու կոմունալ ծախսերը ժամանակավորապես հոգում է քաղաքապետարանը:
 
Լեռնային Ղարաբաղի կառավարության ներկայացուցիչներն օրերս փակ հանդիպում են ունեցել Թալիշից գաղթած Գայանեի ու Չարենցավանում ապաստանած նրա շուրջ 130 համագյուղացիների հետ: Առաջարկել են վերադառնալ Ղարաբաղի առավել ապահով գյուղեր՝ պնդելով, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունը կհոգա առաջնագծից տեղահանված գյուղացիների բոլոր խնդիրները:
 
Գայանե Աբրահամյանը փոխանցեց, որ ասել են նաև, թե Ղարաբաղից դուրս ապրողների համար ոչինչ չեն կարող անել․ - «Նշած գյուղերը ընդհանրապես մտադիր չենք գնանք: Թալիշը ապահով ըլնի, կարանանք գնանք Թալիշ ապրելու, կգնանք»:
 
ԼՂ կառավարության ներկայացուցիչներն այս օրերին շարունակում են այցելել Հայաստանի շուրջ 15 համայնքներում ապաստանած մատաղիսցիներին ու թալիշցիներին:
 
Ղարաբաղի սոցիալական ապահովության նախարարության ներկայացուցիչ Հակոբ Հակոբյանն «Ազատության» հետ զրույցում փոխանցեց, որ աշխատանքային խումբը փորձելու է պարզել, թե ինչ պայմաններում են ապրում նրանք, սոցիալական ու առողջական ինչ խնդիրներ ունեն: Նախարարը պնդեց, թե արդեն լուծված է նպաստի, թոշակների ու խրոնիկ հիվանդներին դեղերով ապահովելու հարցը:
 
Հակոբյանն ընդգծեց, որ Հայաստանում այս խնդիրները ժամանակավոր լուծում են ստացել, իրենք առաջարկել են առաջնագծի գյուղերից տեղահանվածներին վերադառնալ Ղարաբաղի առավել ապահով գյուղեր, որտեղ տեղի կառավարությունն իր վրա կվերցնի բոլոր այսօրինակ խնդիրները:
 
«Դա այնպիսի հարց չի, որ մարդը միանգամից, հանպատրաստից այդ պատասխանը տա։ Հիմնականում մարդիկ ընդունեցին ի գիտություն», - անդրադառնալով հանդիպմանը՝ ասաց Հակոբյանը:
 
Արմեն Հայրապետյանը հանդիպման ընթացքում Ղարաբաղի կառավարության ներկայացուցիչներին ասել է, որ իր ընտանիքը պատրաստ է միայն Թալիշ վերադառնալ՝ երբ ապահովվի նրանց անվտանգությունը:
 
Հակառակորդի գնդակոծությունից ավերված տունը երկու անգամ զրոյից կառուցած 33-ամյա պատմաբանը պատրաստ է այս անգամ էլ նույնն անել՝ միայն թե երեխաների կյանքին վտանգ չսպառնա․ - «Թալիշեցին ինքը կվերադառնա Ղարաբաղ, միայն թե [անվտանգությունը] ապահովված լինի: Պարզապես էդ ժամանակները և էսօր էլ և միառժամանակ դեռ թալիշեցին հոգեբանորեն պատրաստ չի վերադառնալու Թալիշ: Վերջին մեկ դարվա ընթացքում թալիշեցին երեք անգամ գաղթել է և նորից վերադարձել է: Եվ էս անգամ էլ․․․ թալիշեցու արմատները խորն է, և ինքը կվերադառնա Թալիշ»:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play