Արցախի ճանաչումը նշանակում է Հայաստանում Ռուսաստանի քաղաքականության ավարտը


Արցախի ճանաչումը նշանակում է Հայաստանում Ռուսաստանի քաղաքականության ավարտը

  • 05-05-2016 09:34:52   | Ռուսաստան  |  Քաղաքական

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է ԼՂՀ անկախությունը ճանաչելու մասին ՀՀ ԱԺ երկու պատգամավորների ներկայացրած օրինագծին, ասելով, որ խուճապի մատնվելու կարիք չկա:
 
«Երբ ես Երեւանում էի եւ երբ հետո շփվել եմ իմ գործընկերոջ հետ հեռախոսով, եւ հետո, երբ նա Մոսկվայում էր ապրիլյան իրադարձություններից հետո, ինձ հստակ հավաստիացրել են Երեւանի հակվածությունը խաղաղ բանակցությանը: Դա նշանակում է, որ Ղարաբաղի կարգավիճակը որոշվելու է ընդհանուր պայմանավորվածության համատեքստում, ոչ թե միակողմանի», ասել է Լավրովը:
Ի՞նչ խուճապի մասին է խոսում Լավրովը: Տեղեկությունը, որ ՀՀ կառավարությունը քննարկելու եւ եզրակացություն է տալու այդ նախագծին, մեծ աղմուկ է առաջացրել Ադրբեջանում: Այնտեղ իսկապես խուճապ է, քանի որ ճանաչման դեպքում իրավիճակը «կարգավորման» գործընթացում կտրուկ փոխվելու է, հայկական կողմը ստեղծելու է նոր իրավիճակ, եւ համարժեք քայլերի դեպքում կրկին հայտնվելու է գերադասելի դիրքերում:
 
Իհարկե, կան նաեւ վտանգներ, որոնք այս օրերին լայնորեն քննարկվում են հայկական քաղաքական ու փորձագիտական շրջանակներում: Սակայն, քառօրյա պատերազմն անիմաստ դարձրեց բազմաթիվ փաստարկներ, որոնք կապվում էին ԼՂՀ ճանաչման հետ:
 
Փոխարենը, պարզվել է, որ տարիներ շարունակ խոսելով Արցախի ճանաչման հեռանկարի վերաբերյալ, Հայաստանի ու Արցախի արտաքին քաղաքական գերատեսչություններն այդպես էլ որեւէ առարկայական քայլ չեն կատարել այդ ուղղությամբ, եւ առաջացել է հարց՝ իսկ ինչ է լինելու ԼՂՀ-ն ճանաչելուց հետո:
 
Սա իհարկե արհեստական հարց է, եւ նման հարց կարող է առաջանալ այն դեպքում, երբ երկիրը չի վարում ինքնիշխան քաղաքականություն, չունի հստակ դիրքորոշումներ տարբեր խնդիրների ու իրավիճակների վերաբերյալ:
 
Այնուամենայնիվ, Արցախի ճանաչման խնդիրն արդեն իսկ օրակարգ բերելը ցույց տվեց այդ քայլի ահռելի քաղաքական պոտենցիալը ոչ միայն հակամարտության կողմերի, այլեւ տարածաշրջանի խնդիրների առումով: Եթե օրինագիծը մտնի խորհրդարան եւ դրվի շրջանառության մեջ, դա բավական լուրջ կռվան է հայկական կողմի համար:
 
Այնուամենայնիվ, ի՞նչ խուճապի մասին է ակնարկում Լավրովը, արդյոք միայն Ադրբեջանի մասին է խոսքը: Դատելով ռուսական շրջանակների արձագանքից, այն բավական տագնապ է առաջացրել հենց Ռուսաստանում: Բանն այն է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը Ղարաբաղի խնդրում հանդես են գալիս տանդեմով, եւ դա հատկապես պարզ դարձավ քառօրյա ռազմական գործողությունների ընթացքում, երբ Ռուսաստանը փաստացի հերթական անգամ փրկեց Ադրբեջանին ռազմական պարտությունից:
 
Ռուսներն ասում են, որ Արցախի ճանաչման խնդիրը բարձրացնելով՝ հայկական կողմը «անհարմար վիճակի մեջ է դրել» Ռուսաստանին: Այդ ո՞ր հարցում, խիստ հետաքրքիր է: Ադրբեջանի շահերին ծառայելո՞ւ: Այդ ի՞նչ է արել Ռուսաստանը հանուն Հայաստանի, որ անհարմար վիճակի մեջ է ընկել: Այն էլ այն պարագայում, երբ օրինագծի քննարկումից առաջ նախագահի մամուլի խոսնակը եւ ԱԳՆ-ն, այսինքն պաշտոնական Երեւանը, փաստացի ակնարկեցին, որ ճանաչումն այս փուլում չի լինելու:
 
Փոխարենը, քառօրյա ռազմական գործողությունները Հայաստանում որեւէ մեկի մոտ արդեն պատրանք չեն թողել, որ ղարաբաղյան հակամարտությունը Ռուսաստանի քաղաքականության հետեւանքն է: Ռուսաստանն այս հարցը կարող էր լուծել դեռ 1988-ին, ճանաչելով ԼՂԻՄ որոշումները, կարող էր հայերին չխանգարել 1994-ին, 2016-ին: Առանց Ռուսաստանի՝ Ադրբեջանը չէր կարող պահանջներ ներկայացնել հայերին եւ պատերազմել:
 
Ըստ էության, Արցախի ճանաչումը, հայկական կողմի հաղթանակը նշանակում է Հայաստանում Ռուսաստանի քաղաքականության ավարտը եւ արդյունքում նրա դուրս մղումը Հարավային Կովկասից: Ահա թե ինչն է իրական խուճապի պատճառը:
 
ՀԱՅԿԱԶՆ ՂԱՀՐԻՅԱՆ
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play