Թե Երեւանը, թե Բաքուն չեն շտապում դուրս բերել Մոսկվային փակուղուց. Մեկնաբան


Թե Երեւանը, թե Բաքուն չեն շտապում դուրս բերել Մոսկվային փակուղուց. Մեկնաբան

  • 05-05-2016 17:38:44   | Հայաստան  |  Վերլուծություն

ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը պատասխանելով հարցին, թե արդյոք Երեւանը Արցախի ճանաչման վերաբերյալ նախաձեռնությունը համաձայնեցրել է Մոսկվայի հետ, պատասխանել է, թե՝ ոչ, չի համաձայնացրել:
 
Միաժամանակ Պեսկովը հայտարարել է, որ նախկինի պես շարունակում են հետեւել իրավիճակին եւ ակնկալում են, որ կողմերից որեւէ մեկը չի անի «փխրուն հաշտությունը» խախտող քայլ:
Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսնակի արձագանքը բազմիմաստ է եւ առաջացնում է մի քանի հարց, կողմնորոշվելու համար, թե ու՞մ է ուղղված այդ խոսքը:
Պեսկովը Երեւանի՞ն է ակնարկում, որ չի կարելի անել չհամաձայնեցված քայլ, սպառնալով, որ այդ դեպքում Ադրբեջանը կգնա լարվածության նոր աճի եւ Մոսկվան չի զսպի, թե՞ Ռուսաստանը Ադրբեջանին է հավաստիացնում, որ ոչ մի կապ չունի Երեւանի նախաձեռնության հետ, եւ Բաքուն չունի Մոսկվայի հավատարմությունը կասկածի տակ դնելու հիմք: Իսկ գուցե Պեսկովը ակնարկո՞ւմ է Բաքվին, որ Ադրբեջանը պետք է հրաժարվի լարվածության նոր ալիք առաջացնելու մտքից, այլապես Մոսկվան չի զսպի Երեւանին եւ նույնիսկ կարող է խթանել Արցախի ճանաչման գործընթացի որոշակի դինամիկա:
Ինչ խոսք, այդ հարցերի պատասխանը ստանալը բավական բարդ է, նկատի ունենալով այն, որ կա փակ եւ գործնականում անհասանելի տեղեկատվության ահռելի պաշար: Միաժամանակ նկատի առնելով եւ այն իրողությունը, որի մասին խոսել էր ռուսաստանցի կրեմլամերձ փորձագետ Կոլերովը, ասելով, որ ՌԴ իշխանության մեջ Արցախի հարցում դիրքորոշումը միարժեք եւ միատարր չէ, կան տարբեր տեսակետի եւ մոտեցման կրող շրջանակներ:
Դժվար է ասել, թե հատկապես որ շրջանակի ազդեցությունն է ներկայում մեծ Պուտինի վրա: Մի բան թերեւս նկատելի է զգալիորեն: Քառօրյա պատերազմը գործնականում փակուղի է մղել ոչ միայն այսպես կոչված բանակցային գործընթացը՝ այն փակուղում էր վաղուց, այլ փակուղի է մղել Ռուսաստանի քաղաքականությունը, Ռուսաստանին:
Ադրբեջանի հետ ռազմավարական, խորքային պայմանավորվածությունը չի ստացվել՝ տարածք խաղաղապահների դիմաց տրամաբանության շրջանակում, զուգահեռ տապալվել է քաղաքականությունը Հայաստանի հարցում, եւ պարզվել է, որ Հայաստանն այդքան էլ գրպանային պետություն չէ եւ կա հասարակություն, կամ հասարակության մեջ կա մի բան, որն անգրպանելի է:
Մոսկվայի քաղաքականությունը խցանվել է հայ-ադրբեջանական սահմանում, եւ առաջացել է երկակի վտանգ՝ մի կողմից Հայաստանն է սկսել դանդաղ ու սահուն ընդդիմանալ եւ փորձել դուրս գալ ռուսական մամլիչից՝ օգտագործելով քառօրյա պատերազմում ՌԴ դիմակազերծումը, մյուս կողմից Ադրբեջանն է էական միավորներ հավաքել իր տապալված բլից-կրիգի պատճառով: Արցախի սահմանին Բաքուն տապալվել է, բայց դա առավելության է վերածում Ռուսաստանի հետ հարաբերության հարթության վրա:
Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք է բերվել կրակի դադարեցման համաձայնություն, կասեցվել է հայկական հակագրոհը, բայց մեծ հաշվով ստեղծված իրավիճակի ամեն օրը Ռուսաստանի համար հանդիսանում է ազդեցության կորուստ: Ընդ որում, Մոսկվայի համար ինքնին արդյունքը եղել է թերեւս անակնկալ: Չի բացառվում, որ Պուտինին ոմանք համոզել են լիովին կառավարելի պատերազմի ունակության հարցում, բայց պարզվել է, որ խորքային առումով Ռուսաստանը չունի դրա հնարավորությունը, ընդ որում, թե Ադրբեջանի, թե Հայաստանի կողմից:
Ավելին, թող չթվա զարմանալի այն տեսակետը, որ կրակի դադարեցումն ինքնին ոչ այնքան Ռուսաստանի միջնորդությամբ է ձեռք բերվել, որքան Հայաստանն ու Ադրբեջանն են այն դրել Ռուսաստանի վրա, իրականում շատ լավ պատկերացնելով, թե այդ պատասխանատվությամբ ինչ բարդ իրավիճակում են դնում Մոսկվային:
Խոշոր հաշվով, թերեւս թե Բաքվի, թե Երեւանի համար պարզ էր, որ շարունակության դեպքում պատերազմը լինելու է արյունալի եւ մեծ հաշվով որեւէ կողմին կարող էր չբերել շոշափելի առավելություն, գոնե կարճ ժամկետում: Ըստ այդմ, կրակի դադարեցումը հանդիսանում էր խոշոր հաշվով երկուստեք չպայմանավորված մի շահ, որտեղ առաջանում էր ամենակարեւորի՝ Ռուսաստանի հետ հարաբերության գործում գործողությունների եւ քայլերի բավական ընդարձակ դիապազոն:
Մեծ հաշվով, Բաքուն եւ Երեւանը չբարձրաձայնված որոշեցին, որ միմյանց հետ հաշիվները պարզելու արյունալի պատերազմի փոխարեն, կարող են զբաղվել Ռուսաստանի հետ հաշիվներ պարզելու գործով, դրան ծառայեցնելով արդեն համեմատաբար նվազ դինամիկայով դիրքային հրետակոծումները:
Ռուսաստանը հայտնվել է ցայտնոտում եւ ակնհայտ է, որ իրավիճակի կառավարումը Մոսկվայի համար դարձել է չափազանց բարդ: Եվ այդ համատեքստում, Պեսկովի ակնարկը այսօր կարող է ունենալ մի իմաստ կամ հասցե, սակայն հաջորդ ժամին արդեն ստանալ նոր հասցե եւ ուղղություն:
Ռուսաստանը փակուղուց կարող է դուրս գալ Հայաստանի կամ Ադրբեջանի օգնությամբ, բայց ըստ երեւույթին թե Երեւանը, թե Բաքուն չեն շտապում դուրս բերել Մոսկվային, քանի դեռ չեն ստացել առավելագույն գինը: Իսկ այդ գինն իհարկե խաղի հետագա կանոններն են, որ կսահմանվեն սուբյեկտների միջեւ՝ Ռուսաստան-Հայաստան եւ Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների դիապազոնում:
Պատահական չէ, որ Ռուսաստանը փորձեց հակամարտության կարգավորման գործընթացում հետագա զարգացումների պատասխանատվությունը թողնել Գերմանիայի վրա, ինչը սակայն կարծես թե չընդունվեց: Եվ թերեւս պատահական չէ, որ Արեւմուտքը կարծես թե որոշակի դադար է վերցրել եւ հետեւում է այդ զարգացումներին, որոնք տանում են դեպի Կովկասում Ռուսաստանի դերակատարման հիմնարար վերանայումների:
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play