Հանրությունը կամ կվերցնի գնդակը իշխանության ձեռքից, կամ կստիպի խաղարկել այն. Մեկնաբան


Հանրությունը կամ կվերցնի գնդակը իշխանության ձեռքից, կամ կստիպի խաղարկել այն. Մեկնաբան

  • 06-05-2016 17:18:39   | Հայաստան  |  Վերլուծություն

 
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ գործկոմի մայիսի 5-ի նիստից հետո, անդրադառնալով Արցախի ճանաչման օրինագծի շուրջ վիճակին, հայտարարել է, թե գնդակն Ադրբեջանի դաշտում է եւ եթե Ադրբեջանը գնա ռազմական ճանապարհով, ապա Հայաստանը կճանաչի Արցախը:
 
Հայաստանի պաշտոնյաները հաճախ որեւէ թեմայի անդրադառնում են տարածված դարձվածքների եւ արտահայտությունների շրջանակում, խորամուխ չլինելով խնդրո առարկայի բովանդակությանը: Այդպես հեշտ է եւ անվտանգ՝ ասվում է շատ բան, միեւնույն ժամանակ առարկայական ոչինչ չի ասվում:
Գնդակն այսինչ կամ այնինչ դաշտում է արտահայտությունը քաղաքական անբովանդակ տրաֆարետի վառ վկայություններից մեկն է: Եթե արտահայտությունը քաղաքական բառապաշար է մտել մարզաշխարհից, ապա պատկերացնենք դրա այսպես ասած «բնօրինակ» վիճակը: Գնդակը հակառակորդի դաշտ տեղափոխելը իհարկե հաղթանակի գրավականն է, թեեւ հնարավոր է հաղթական հարված կատարել անգամ սեփական կիսադաշտից: Բայց, երբ գնդակը տեղափոխվում է հակառակորդի կիսադաշտ, այդ իրողությունն արժեք ունի, եթե գնդակն այդուհանդերձ տնօրինում ես դու:
Հակառակորդի կիսադաշտում գնդակը կամ դարպասում պետք է լինի, կամ քեզ մոտ՝ որ փորձես մտցնել դարպաս: Հետեւաբար, հայտարարությունը, թե գնդակը հակառակորդի դաշտում է, մեծ հաշվով ոչինչ չասող է, եթե պարզ չէ, թե հակառակորդի դաշտում հատկապես որտե՞ղ՝ դարպասու՞մ, քեզ մո՞տ, թե՞ հակառակորդը խլել է գնդակն ու պատրաստվում է հակագրոհի կամ գրոհի:
Այդ իմաստով, եթե քաղաքականությունն ասոցացվում է, կամ բնորոշվում մարզաշխարհի լեզվով, ապա միայն այն իմաստով, թե ու՞մ մոտ է գնդակը՝ մե՞ր, թե՞ Ադրբեջանի:
Որովհետեւ եթե գնդակը Ադրբեջանի մոտ է, ապա նշանակություն չունի, որ նրա կիսադաշտում է: Մեր դեպքում էլ՝ նշանակություն չունի, թե որտեղ է այն, որովհետեւ կարեւորը գնդակը խաղարկելն է, քանի որ ինչպես կասեր համաշխարհային ֆուտբոլի հանրահայտ մարզիչներից մեկը՝ Ռոն Գրինվուդը, բարձրակարգ թիմը չի ձգտում անհապաղ նետվել գոլ խփելու, գնդակը պահում է իր մոտ ու խաղարկում այնքան ժամանակ, մինչեւ սեղծվում է արդյունավետ հարվածի հնարավորություն:
Դժվար է ասել, թե որքանով է համարժեք այդ մտածողությունը դիվանագիտական, քաղաքական, պետական գործերի վրա երեւակելը, սակայն եթե Հայաստանի քաղաքական գործիչներն անում են դա, ապա դա պետք է անել գոնե առավել առարկայորեն:
Ըստ այդմ, հարցը հետեւյալն է՝ գնդակը Հայաստանի՞ մոտ է: Եթե այո, ապա Հայաստանը կարող է նույնիսկ չշտապել այն հակառակորդի դաշտ տեղափոխել, որովհետեւ սեփական դաշտում այնքան անելիք կա, որ միայն այդ միջոցով գրոհը հանգամանալից եւ խորը նախապատրաստելուց ու կազմակերպելուց հետո արժե գնդակը տեղափոխել հակառակորդի կիսադաշտ՝ որպեսզի գոլը լինի հնարավորինս հավանական:
Տվյալ դեպքում իհարկե գրոհ արտահայտությունը չունի ռազմական իմաստ: Տվյալ դեպքում գրոհը ստեղծագործությունն է, որը պետք է բերի Հայաստանի պետականության լիովին նոր որակների եւ ներքին գործընթացների: Դրանցից է կախված Ադրբեջանին զսպելու արդյունավետությունը:
Այլապես տպավորություն է ստեղծվում, որ Արցախի ճանաչման մասին օրինագծի մեկնարկ գեներացնելով, Հայաստանի իշխանությունն այժմ փորձում է հանգստանալ դրա դափնիների վրա, հայտարարելով, թե գնդակն Ադրբեջանի դաշտում է, կարծելով, թե ինքն իրենից հասանելիքն արդեն արել է եւ կարող է շարունակել անել այն, ինչ այդքան «անպատեհ» ընդհատվել էր պատերազմով՝ պետության եւ հանրային ռեսուրսների հավաքական մսխումը:
Չպետք է թույլ տալ, ու թերեւս չի էլ ստացվելու: Հանրությունը կամ կվերցնի գնդակը իշխանության ձեռքից, կամ կստիպի խաղարկել այն որքան հարկ է, ցանկալի արդյունք ստանալու համար:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play