2016թ. ծրագրով նախատեսվում է նորոգել բազմաբնակարան բնակելի շենքերի 800 մուտք


2016թ. ծրագրով նախատեսվում է նորոգել բազմաբնակարան բնակելի շենքերի 800 մուտք

  • 10-05-2016 18:29:30   | Հայաստան  |  Տնտեսություն

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ ՃՈ հետ համատեղ նախորդ շաբաթ հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացված հսկողության շրջանակում կազմվել է 28 արձանագրություն: Զեկուցվել է նաև, որ նույն ժամանակահատվածում ուսումնասիրվել է հասարակական տրանսպորտում շահագործվող շարժակազմերի տեխնիկական վիճակը: Ադյունքում 29 տրանսպորտային միջոց ժամանակավորապես դուրս է բերվել երթուղուց՝ հայտնաբերված թերացումները վերացնելու նպատակով: Քաղաքապետը հանձնարարել է հարցը պահել մշտական հսկողության տակ: 
Զեկուցվել է նաև, որ քաղաքապետի հանձնարարականի համաձայն, նախորդ շաբաթ Նորք Մարաշ վարչական շրջանում գտնվող տուն-ինտերնատի հարակից տարածքում տեղադրվել է կանգառանշան և կահավորվել հասարակական տրանսպորտի կանգառագոտի:
Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ վարչական շրջաններում ընթանում են փողոցների, մայթերի, բակային տարածքների ասֆալտբետոնե ծածկի ընթացքիկ նորոգման, փոսալցման ու ճաքալցման աշխատանքները: 
Զեկուցվել է, որ քաղաքաշինության ոլորտում նախորդ շաբաթվա ընթացքում իրականացված հսկողության արդյունքում արձանագրվել է ապօրինի շինարարության և հողազավթման 5 դեպք: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել  խիստ հսկողությունը:
Բացօթյա ապօրինի առևտրի դեպքերի հայտնաբերման և կանխարգելման նպատակով շաբաթվա ընթացքում, այդ թվում հանգստյան օրերին, վարչական շրջաններում կազմակերպված ստուգայցերի շրջանակում կազմվել է 5 վարչական արձանագրություն և ապամոնտաժվել է 2 լքյալ կրպակ: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել աշխատանքները և արդյունքների մասին պարբերաբար  զեկուցել: 
Քաղաքացիների, ինչպես նաև իրավաբանական անձանց կողմից աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և երևույթի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ   44  վարչական արձանագրություն է կազմվել:  Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել հսկողությունը:
«Կենցաղային և հատկապես շինարարական աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերը կանխարգելելու և վերացնելու ուղղությամբ պետք է տանել հետևողական աշխատանք: Այս հարցում ակնկալում եմ նաև համապատասխան կառույցների աջակցությունը, որոնք իրենց հերթին պետք է լինեն առավել ակտիվ և խիստ», - նշել է Տարոն Մարգարյանը:
Խորհրդակցության ընթացքում նաև զեկուցվել է, որ բազմաբնակարան բնակելի շենքերի պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքների շրջանակում սահմանված ժամանակացույցով ընթանում են մուտքերի նորոգման աշխատանքները: Այս տարվա ծրագրով նախատեսվում է նորոգել բազմաբնակարան բնակելի շենքերի 800 շքամուտք: Քաղաքապետը հանձնարարել է խիստ հսկողության տակ պահել աշխատանքների ընթացքը՝ դրանց վերահսկման հարցում ներգրավելով նաև շենքերի բնակիչներին:
 
 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play