Ցանկացած լարված իրավիճակից հետո պետք է որոշակի բանակցային գործընթաց վարենք. ԼՂ ԱԺ նախագահ (Տեսանյութ)


Ցանկացած լարված իրավիճակից հետո պետք է որոշակի բանակցային գործընթաց վարենք. ԼՂ ԱԺ նախագահ (Տեսանյութ)

  • 11-05-2016 16:43:21   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը



Ապրիլյան իրադարձություններից հետո մենք շարունակում ենք լինել նույն դժվարին ռազմաքաղաքական իրավիճակում: Tert.am-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:
 
«Ավաղ, մեր հարևանները որևէ դաս չեն առել, ուստի մենք պարտավորված ենք լինելու շարունակել մեր պայքարը՝ ազատության ու անկախության համար: Կարծում եմ, որ ապրիլի առաջին օրերին Հայոց բանակի, Արցախի պաշտպանության բանակի անձնազոհության, խիզախության շնորհիվ մենք կարողացանք ապացուցել, որ այս տարածաշրջանում Արցախը, Արցախի բանակը շարունակելու է լինել խաղաղության ու կայունության հիմնական երաշխավորը»,- նշեց Արցախի խորհրդարանի խոսնակը:
 
Հարցին՝ Հայաստանի կողմից ԼՂ անկախության ճանաչումը, որի հնարավորությունները հիմա քննարկվում են, ինչպե՞ս կանդրադառնա հակամարտության կարգավորման վրա, Աշոտ Ղուլյանը պատասխանեց. «Մենք պետք է հաշվի առնենք, որ ցանկացած լարված իրավիճակից հետո պետք է որոշակի բանակցային գործընթաց վարենք: Վստահ եմ, որ Ադրբեջանը վաղ թե ուշ ստիպված է լինելու վերադառնալ բանակցային սեղանի շուրջ: Այս իմաստով մենք պետք է պատրաստ լինենք հնարավոր բոլոր զարգացումներին: Պետք է շարունակվի գործընթացը, ինչի մասին խոսել ենք, որ ռազմի դաշտում պիտի լինի նաև դիվանագիտական, միջխորհրդարանական կապերի աշխատանքի արտացոլում»:
 
ԼՂ ԱԺ նախագահն ասաց, որ վստահ է՝ Հայաստանն ու Ղարաբաղը կհաջողեցնեն գտնել ճիշտ ու իմաստուն լուծումներ:
 
Հարցին՝ կհաջողվի՞ Ադրբեջանին նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ, Ղուլյանը պատասխանեց, թե դա ոչ միայն հայկական կողմի, այլև՝ միջազգային հանրության խնդիրն է: «Այն, ինչ մենք այս տարածաշրջանում պետք է անեինք՝ խաղաղության, կայունության ապահովման համար, արել ենք, մնացածը՝ միջազգային հանրության, միջնորդ կառույցի անելիքն է»,- շեշտեց նա:
 
Մանրամասները Tert.am-ի տեսանյութում։ 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play