Կստեղծվեն նախադրյալներ երեխաների խնամքի հաստատությունների բեռնաթափման համար


Կստեղծվեն նախադրյալներ երեխաների խնամքի հաստատությունների բեռնաթափման համար

  • 12-05-2016 13:05:00   | Հայաստան  |  Տնտեսություն

Գործադիրը հավանություն է տվել  ՀՀ-ում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամքի այլընտրանքային ծառայությունների համակարգի զարգացման հայեցակարգին, որով կսահմանվեն այդ ծառայությունների  նոր տեսակները, հիմնական ուղղությունները և սկզբունքները: Կստեղծվեն նախադրյալներ հաստատությունների բեռնաթափման և երեխաների մուտքը հաստատություններ կանխարգելելու համար: Ըստ հիմնավորման՝ միջազգային փորձը ցույց է տալիս, որ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամքի ու պաշտպանության առավել արդյունավետ ձևը փոխարինող ընտանիքն  է, որը խնամքի ու դաստիարակության շարունակականության ու անընդհատության ապահովումից զատ, հնարավորություն է տալիս երեխայի նկատմամբ ցուցաբերել անհատական մոտեցում` ապահովելով  երեխայի սիրված լինելու ու հոգեկան կապվածության պահանջմունքի բավարարումը: Խնամքի այլընտրանքային ծառայությունների զարգացման համար առկա խնդիրներն են՝ նոր տիպի ծառայությունների սահմանումը, խնամքի այլընտրանքային ծառայություններ տրամադրող վերապատրաստված մասնագետների պակասը, խնամքի այլընտրանքային ծառայությունների մոնիթորինգի մեխանիզմների բացակայությունը, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների վերաբերյալ տեղեկատվական ոչ  լիարժեք համակարգը և այլն: 
 
Կառավարությունը սահմանել է օտարերկրացի աշխատողի համար գործատուին աշխատանքի թույլտվություն տրամադրելու և մերժելու կարգը և ժամկետները, համապատասխան աշխատանքով օտարերկրացուն չապահովելու դեպքում գործատուի կողմից ծախսերի հատուցման կարգը և չափերը, աշխատանքի թույլտվություն տրամադրելու համար անհրաժեշտ փաստաթղթերի և բարձր որակավորում ունեցող օտարերկրացի մասնագետներին առանց աշխատանքի թույլտվության ՀՀ-ում աշխատելու իրավունք տվող մասնագիտությունների ցանկերը: Ըստ հիմնավորման՝ աշխատանքային միգրացիայի պետական կարգավորման շրջանակում օրակարգային է դարձել գործատուների կողմից օտարերկրյա աշխատուժի օգտագործման հետ կապված հարաբերությունների համալիր կանոնակարգումը, մասնավորապես` «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքից բխող օտարերկրացիների աշխատանքի թույլտվության (ՕԱԹ) իրավունքի իրացման մեխանիզմների ամբողջական ներդրումը: Որոշմամբ, մասնավորապես, ամբողջականացվել է ՕԱԹ տրամադրման ընթացակարգը, սահմանվել են գործատուի կողմից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի և առանց աշխատանքի թույլտվության ՀՀ-ում աշխատելու իրավունք տվող մասնագիտությունների ցանկերը: Ամբողջականացվել են նաև գործատուի կողմից ՀՀ օրինական մուտք գործած և աշխատանքի թույլտվություն ստացած օտարերկրացի աշխատողի և նրա ընտանիքի անդամների հետ վերադարձի հետ կապված ծախսերի փոխհատուցման պայմանները և չափերը` գործատուի կողմից օտարերկրյա աշխատողին համապատասխան աշխատանքով չապահովելու դեպքում:
 
 
Ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն՝ էլեկտրոնիկայի և ճշգրիտ ճարտարագիտության ոլորտում գործունեություն ծավալելու համար
 
 
Գործադիրի որոշմամբ «ՍՋՍ» ՍՊԸ-ին տրվել է «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն: «Ալյանս» ազատ տնտեսական գոտում շահագործողների գործունեությունը հնարավորություն կընձեռի ներգրավել ներդրումներ, խթանել բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ստեղծված արդյունքի արտահանմանը, նպաստել տվյալ հատվածում հայկական բրենդի ճանաչմանն ու տարածմանը: «ՍՋՍ» ՍՊԸ նախատեսում է գործունեություն ծավալել էլեկտրոնիկայի և ճշգրիտ ճարտարագիտության ոլորտում: Ընկերությունը կմշակի և կարտադրի ռադիոէլեկտրոնային սարքավորումներ, տեղեկատվության փոխանցման սարքավորումներ, լարային և անլար կապի միջոցներ, որոնք ունեն կիրառման լայն շրջանակ հեռահաղորդակցության, ինքնաթիռաշինության, առողջապահության ոլորտներում: Նախատեսվում է, որ ծրագրի ընթացքում արտահանման ծավալները կկազմեն 30 մլն ԱՄՆ դոլար: Արտադրանքի կարտահանվի  ԵԱՏՄ անդամ և Մերձավոր Արևելքի երկրներ, դիտարկվում է նաև Իրան արտահանման հնարավորությունը: Նախատեսվում է առանձին պատվերներ կատարել հնդկական և չինական շուկաների համար: Ծրագրի շրջանակներում իրականացվելիք ներդրումները կկազմեն շուրջ 2,5 մլն ԱՄՆ դոլար, կստեղծվի 30 նոր աշխատատեղ` 420 ԱՄՆ դոլար միջին աշխատավարձով:
Ըստ ՀՀ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության,
ֆինանսական ոլորտի, մասնավորապես, հաշվապահների որակավորմանն առնչվող  կարգավորումները  հստակեցնելու, ժամկետների կրճատելու նպատակով կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Որոշմամբ առաջարկվում է՝ Էյ-Սի-Սի-Էյ (ACCA) որակավորման F1-F9 մակարդակների կամ Սի-Էֆ-Էյ (CFA) որակավորման երկրորդ մակարդակի կամ Սի-Փի-Էյ (CPA) որակավորման չորրորդ մակարդակի հավաստագիր ունեցող անձանց  որակավորման վկայական տրամադրել առանց քննության, նախկինում քննության միջոցով որակավորման վկայական ստացած անձանց` վկայականի գործողության ժամկետը լրանալու դեպքում նոր վկայական տրամադրել առանց քննության՝ մասնագիտական վերապատրաստման դասընթացների մասնակցած լինելու փաստի հիման վրա և այլն: 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play