Պաշտոնական Երևանն ու Ստեփանակերտը կարող են շատ կարճ ժամանակում նոր իրավիճակ ձևավորել. Արման Մելիքյան


Պաշտոնական Երևանն ու Ստեփանակերտը կարող են շատ կարճ ժամանակում նոր իրավիճակ ձևավորել. Արման Մելիքյան

  • 12-05-2016 17:49:27   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Լրագրի  զրուցակիցն է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը

 

Պարոն Մելիքյան, օրերս ՌԴ դեսպանատան երկրորդ քարտուղարը հայտարարել է, որ քանի դեռ Հայաստանը չի ճանաչել Արցախը, ոչ մի ռուսական զենք Արցախ չի կարող գնալ։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը, սա քայլ է Բաքվի առաջ արդարանալո՞ւ։
 

Երևի թե ճիշտ կլինի, որպեսզի այս թեմայով իր ստորադրյալի ասածները մեկնաբանի ՌԴ դեսպան պարոն Վոլինկինը: Այդուհանդերձ, ուշագրավն այն է, որ մեր մեդիա դաշտում հերթական անգամ ամրագրվում է պարոն Սերժ Սարգսյանի կողմից հրապարակված տեղեկատվությունն այն մասին, որ Արցախի զինված ուժերը կռվում են 80-ական թվականներին արտադրված զենքերով, մինչդեռ ադրբեջանական բանակն իր տրամադրության տակ ունի ամենաարդիական և գերազանցապես ռուսական արտադրության զինատեսակները: Այսինքն՝ արցախյան ճակատում հայերը կռվում են մինչ ԽՍՀՄ փլուզումն արտադրված խորհրդային, այլ ոչ թե ռուսական զենքով և, հավանաբար սա է, որ ուզում էին հատուկ ընդգծել ինչպես պարոն Սարգսյանն, այնպես էլ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան աշխատակիցը:

 

Այս թեմայի հետ կապված մի ուշագրավ զրույց եմ ունեցել վերջերս Արցախում՝ ապրիլյան ռազմական գործողությունների մասնակիցներից մեկը պարոն Սարգսյանի՝ 80-ական թվականներին արտադրված զենքերով ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումների կռվելու մասին ասածից խիստ սրտնեղած, ինձ ասաց, որ հայկական զինանոցում առկա և մարտերի ժամանակ օգտագործված հրետանու մի զգալի մասն արտադրվել է երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին՝ 1942-43 թվականներին: Ամեն դեպքում, այս խնդրի հետ կապված՝ հետաքրքրական պատկեր է ուրվագծվում՝ Ադրբեջանն Արցախի դեմ արդիական ռուսական զենք է օգտագործում, մինչդեռ Արցախի ՊԲ ադրբեջանցիիների դեմ կռվում է խորհրդային զենքով: Միաժամանակ, ռուս պաշտոնյաները հայտարարում են, որ քանի դեռ Արցախը ճանաչված չէ, արդիական ռուսական զենք չի ստանա, իսկ Ադրբեջանը կշարունակի այն ստանալ: Այնքան անհեթեթ է այս ամենը, որ դա անգամ որպես քաղաքական չարամտություն չեմ կարող որակել՝ սա տարբեր կարգի չինովնիկների բացառիկ ոչ-կոմպետենտության և քաղաքական անպատասխանատվության դրսևորում է:

 

Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ուորլիքը ասել է, որ իրենք հորդորում են շիտակ մղումներով վերադառնալ բանակցային սեղանի շուրջ, որպեսզի հասնեն տևական կարգավորման։ Ըստ Ձեզ՝ դրա համար արդյոք բավարա՞ր են Սերժ Սարգսյանի երեք պայմանները։
 

Հայաստանի գործող իշխանություններն առայժմ ընդամենը պահանջում են, որպեսզի «տարածքներ Արցախի կարգավիճակի +Ադրբեջանում ռուսական ռազմական ներկայության վերականգնման դիմաց» բանաձևի շուրջ ընթացող ադրբեջանա-ռուսական առևտուրը շարունակվի ՀՀ և ԼՂՀ համար ռազմական տեսանկյունից առավել ապահով պայմաններում: Քանի դեռ հայկական կողմերը չունեն սեփական շահերն ապահովելու համար կիրառելի համապարփակ ռազմավարական ծրագիր, ի զորու չեն լինի արդյունավետ կերպով դիմագրավել ներկա և գալիք մարտահրավերներին:

 

ԼՂՀ-ն բանակցությունների սեղանին վերադառնալու ի՞նչ հնարավորություններ եք տեսնում այսօր, որքանո՞վ հնարավոր է այս փուլում ԼՂՀ-ն դառնա բանակցային սեղան։

 

Եթե բանակցությունները պետք է շարունակվեն Մադրիդյան սկզբունքների հիման վրա, ապա Արցախի մասնակցությունն ընդամենը տարածքներ հանձնելու պատրաստակամության համար պատասխանատվությունը Հայաստանի իշխանությունների վրայից հանելու հարցը կլուծի: Չեմ կարծում, որ հենց սա է բոլորիս ուզածը: Իրականում հիմնական խնդիրն այն չէ, թե արդյոք Արցախը բանակցությունների մասնակից է, թե ոչ, այլ այն, որ մեր բանակցողները չգիտեն, թե ինչպես կարելի է այնպես փոխել իրավիճակը բանակցային սեղանի շուրջ, որպեսզի Հայաստանի վրայից հանվի ագրեսոր-պետության պիտակը, իսկ ԼՂՀ ինքնորոշման միջազգային ճանաչման նախապայմանը չլինի Արցախի ներկայիս սահմանադրական տարածքի 2/3-ի հանձնումը հակառակորդին:

 

Ըստ Ձեզ՝ խնդրի ինչպիսի՞ կարգավորում է այսօր հնարավոր։

 

Առկա բանակցային օրակարգով հակամարտության կարգավորումն ու տևական խաղաղության հաստատումն անհնար է: Կարծում եմ, որ և մենք, և ադրբեջանական կողմը պետք է մտածենք այն մասին, որ ոչ միայն դադարեցվեն ռազմական գործողություններն, այլև վերացվեն փոխադարձ անվստահությունն ու ատելությունը սնող և պարբերաբար բորբոքող գործոնները՝ արժանապատիվ խաղաղություն հաստատելու համար կողմերը և միջնորդները պետք է կարողանան սկզբունքորեն նոր բանաձև գտնել ու կիրառել: Դա, անշուշտ, լրացուցիչ ժամանակ և ջանքեր կպահանջի բոլոր շահագրգիռ կողմերից, սակայն այլ ճանապարհ ես չեմ տեսնում: Ի դեպ, հայկական կողմերը հենց իրենք կարող են համապատասխան նախաձեռնողականություն դրսևորել և դուրս բերել կարգավորման գործընթացն այս փակուղուց, բայց սա առանձին լուրջ հարց է, որի մասին բաց տեքստով խոսելն այժմ տեղին չեմ համարում:

 

Ղարաբաղի ինքնիշխանության ճանաչման հնարավորությունը այսօր որքանո՞վ է իրատեսական։ Եվ այս փուլում ռազմական փոխօգնության պայմանագիրը ինչո՞ւ է ուշանում։
 

Ցավոք առայժմ ՀՀ կողմից ԼՂՀ ճանաչման հնարավորությունը գործող իշխանությունը դիտարկել է որպես Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների կանխումն ապահովող սպառնալիք և մոտավորապես նույն իմաստով էլ շրջանառության մեջ դրվեց ռազմական համագործակցության վերաբերյալ պայմանագիր ստորագրելու գաղափարը: Չեմ գտնում, որ սա արդյունավետ մոտեցում է: Արցախի միջազգային ճանաչումը մեր ռազմավարական կարևորագույն նպատակն է, որը սպառնալիքի վերածելու միջոցով նսեմացնելու և ձախողելու իրավունքը չունենք: Հայաստանի կողմից Արցախի ճանաչումը պետք է այնպես նախապատրաստվի և իրագործվի, որպեսզի դառնա նաև այլոց կողմից համանման գործընթացի նախաձեռնման խթան, այլ ոչ թե Հայաստանի միջազգային մեկուսացման առիթ ու պատճառ: Հայկական քաղաքական ու դիվանագիտական մտքի տասնամյակների նիրհն այսօր հանգեցրել է նրան, որ այս պահին և առաջարկվող ձևով ՀՀ կողմից ԼՂՀ ճանաչումը ոչ միայն կողմնակիցներ չունի դրսում, այլև կարող է գործուն հակազդեցության հանդիպել: Պաշտոնական Երևանն ու Ստեփանակերտը կարող են համաձայնեցված գործողությունների դիմելու միջոցով շատ կարճ ժամանակում այս խնդրի շուրջ միանգամայն նոր իրավիճակ ձևավորել և այնպես անել, որ արդեն այս տարվա ընթացքում ՀՀ կողմից Արցախի ճանաչումն արդեն մեր օտար գործընկերներից շատերի կողմից դիտարկվի որպես ընդունելի և նպատակահարմար քայլ: Բայց դրա համար համապատասխան աշխատանքը սկսել է պետք: 

 

 

 

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play