Հայաստանը վտանգ է ներկայացնում հարևանների և ողջ տարածաշրջանի երկրների անվտանգության համար


Հայաստանը վտանգ է ներկայացնում հարևանների և ողջ տարածաշրջանի երկրների անվտանգության համար

  • 13-05-2016 11:13:31   | Հայաստան  |  Վերլուծություն

Տարածքային հակամարտությունները ժամանակակից աշխարհի անվտանգության և խաղաղության գլխավոր մարտահրավերներից են:
 
Վերջին տասնամյակներում մի քանի անգամ ավելացել է տարածքային հակամարտությունների թիվը: Այդ գործին իր նպաստը բերեց նաև Խորհրդային Միության փլուզումը, քանի որ վերջինիս տարածքում սառեցվել էին բազմաթիվ տարածքային հակամարտություններ, որոնք ուշ թե շուտ գլուխ էին բարձրացնելու: ԽՍՀՄ փլուզումից հետո Հարավային Կովկասը դարձավ տարածքային հակամարտությունների ամենաթեժ կետերից մեկն աշխարհում, որտեղ ժամանակային փոքր տարբերությամբ գլուխ բարձրացրին Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի և Հարավային Օսիայի խնդիրները: Կարճ ճամանակահատվածում դրանք վերաճեցին տարածքային լայնամասշտաբ հակամարտությունների՝ ներառելով ներքին և արտաքին բազմաթիվ ակտորների: Ավելի քան երկու և կես տասնամյակների ընթացքում հակամարտությունների կողմերին չի հաջողվում գտնել դրանց լուծման բանալին, և այժմ էլ այս երեք հակամարտությունները շարունակում են պարբերաբար ցնցել և ապակայունացնել տարածաշրջանային հարաբերական անդորրն ու կայունությունը:
 
Ներկայում այս երեք հիմնահարցերից առավել ակտիվ վիճակում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Խնդրի մի կողմում կանգնած են ինքնորոշման իրավունքի իրացման համար պայքարող Արցախի հայ ժողովուրդն ու նրա անվտանգության երաշխավոր Հայաստանի Հանրապետությունը, իսկ մյուս կողմում՝ Ադրբեջանը: Աբխազիայի և Հարավային Օսիայի դեպքում հատվում են, մի կողմից, անկախության ճանապարհը բռնած երկու ինքնավար հանրապետությունների ու նրանց հիմնական դաշնակից Ռուսաստանի, իսկ մյուս կողմից էլ՝ Վրաստանի շահերը: Փաստորեն, տարածաշրջանում առկա հակամարտությունները դուրս են եկել երկկողմ կամ տարածաշրջանային մակարդակից և արտաքին ակտորների թվի պակաս չեն զգում: Հենց արտաքին դերակատարների թիվը, հետևաբար՝ նրանց շահերի բախումն ու կարծիքների տարամետությունն էլ բերում է նրան, որ հակամարտությունների կարգավորման գործընթացները հեռու են դրական միտումներ արձանագրելուց: Ուստի, կարծում ենք, որ այս պայմաններում տարածաշրջանի երկրները պետք է իրենք ուղիներ որոնեն նստելու բանակցությունների սեղանի շուրջ և օգտագործեն միմյանց դրական ներուժը հիմնախնդիրները կարգավորելու հարցում: Այս ուղղությամբ հաջողություններ գրանցելու համար նախ և առաջ անհրաժեշտ է փոխադարձ զսպվածություն և չեզոքություն պահպանել՝ փորձելով միակողմանիորեն չպաշտպանել այս կամ այն կողմի դիրքորոշումը: Այս հարցում առավելապես կարևորում ենք Հայաստանի Հանրապետության և Վրաստանի համագործակցության գործոնը: Կարծում ենք, որ հիմնախնդիրն առավել խոր պատկերացնելու և առաջ քաշվող հարցադրումներին պատասխանելու համար նախ անհրաժեշտ է վեր հանել տարածաշրջանային որոշ չափումներ երկու երկրների արտաքին քաղաքականության օրակարգից:
 
Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից են հարևան երկրների հետ փոխհարաբերությունների կարգավորումն ու զարգացումը, ինչպես նաև տարածաշրջանի կայուն և անվտանգ զարգացման համար բարենպաստ միջավայրի ստեղծումը: Այս հրամայականներից ելնելով՝ առաջին հերթին կարևորվում է տարածաշրջանում առկա հակամարտությունների խաղաղ կարգավորումը: Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեն Վրաստանի հետ հարաբերությունները, ինչն առավել արժևորվում է երկրի երկկողմանի շրջափակման պայմաններում: Սակայն Հայաստանն ու Վրաստանն ունեն սկզբունքորեն տարբերվող դիրքորոշումներ արտաքին քաղաքական և տնտեսական գործընկերների ընտրության հարցում: Տարածաշրջանում վերջին մի քանի տարիների զարգացումներն ու տնտեսաքաղաքական տեղաշարժերը կողմերին մշտապես հեռացնում են միմյանցից, և Վրաստանը ժամանակի ընթացքում դառնում է հենց այդ նույն շրջափակման մի օղակը: Ներկայում Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա եռակողմ ձևաչափով հարաճուն համագործակցությունը ոչ միայն վտանգում է Վրաստանի «խարխուլ չեզոքությունը» Լեռնային Ղարաբաղի հիմնահարցում, այլ նաև անմիջական վտանգ է ներկայացնում Հայաստանի անվտանգության համար: Եթե 1990-ականներին և 21-րդ դարի առաջին տասնամյակում այդ համագործակցությունն ուներ հիմնականում տնտեսական ձևաչափեր, ապա այժմ այն վերաճում է քաղաքական և ռազմական համագործակցության [1, pp. 11-20]: Դժվար է ակնկալել, որ այս պայմաններում Վրաստանը կկարողանա պահպանել լիարժեք չեզոքություն Լեռնային Ղարաբաղի հարցում, հատկապես, եթե վերջին ժամանակներում արդեն ականատես ենք լինում հակառակ պատկերի առավել հաճախակի դրսևորումների:
 
Տարածքային հակամարտությունների վերաբերյալ ներկա դիրքորոշումները հասկանալու համար նախ անհրաժեշտ է մի փոքր հետ նայել և փորձել դիտարկել հակամարտություններում երկու երկրների պաշտոնական դիրքորոշումների փոփոխման դինամիկան: 1991թ. մարտին այդ ժամանակ դեռ Վրաստանի Գերագույն խորհրդի նախագահ Զ.Գամսախուրդիան իր ելույթներից մեկում ասել է. «Ադրբեջանի և Հայաստանի միջև վեճին մենք չենք ուզում միջամտել: Նախկինում ես մի անգամ նշել եմ, որ Ղարաբաղը պատկանում է Հայաստանին, բայց այսօր ես չեմ կարող ունենալ այդպիսի դիրքորոշում» [2, էջ 35]: Այս ելույթի շեշտադրումից կարող ենք եզրակացնել, որ Զ.Գամսախուրդիան, թեպետ անձնական բացահայտ համակրանք ուներ հայկական կողմի հանդեպ, սակայն որպես պետական պաշտոնյա չէր կարող ասել այն, ինչի մասին հայտարարել էր նախկինում: Կարծում ենք, որ այս գիծը պահպանվեց նաև Վրաստանի հաջորդ նախագահների ղեկավարման տարիներին:
 
Պաշտոնական Թբիլիսիի դիրքորոշումը փոխվում էր Անկարայի հետ հարաբերությունների զարգացմանը զուգընթաց: Վրաստանը, չնայած Աբխազական հակամարտության սրմանն ու թուրքիայի որոշ շրջանակների բացահայտ աջակցությանը վերջինիս, ակտիվորեն զարգացնում էր հարաբերությունները Թուրքիայի հետ: Դրանով Վրաստանը ձգտում էր երկու հիմնական խնդիր լուծել.
 
1. թուլացնել Ռուսաստանի ազդեցությունը Վրաստանի տնտեսության վրա՝ այն փոխարինելով թուրքական մասնաբաժնով,
 
2.Թուրքիայի միջոցով զարգացնել կապերը ՆԱՏՕ-ի հետ:
 
1992թ. մարտին արդեն Անկարա կատարած այցից հետո Վրաստանի պետական խորհրդի նախագահ Է.Շևարդնաձեն հայտարարեց, որ Թուրքիայի հետ Վրաստանի հարաբերությունները մոտ են ռազմավարական լինելուն [3, էջ 43-44]։
 
Ղեկավարման առաջին տարիներին Է.Շևարդնաձեի՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման միջնորդական ջանքերն առավել ակտիվ էին: 1992թ. գարնան սկզբին նա հանդես եկավ հայտարարությամբ, որ անհրաժեշտ է ակտիվացնել հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացը՝ այդ հարցում տեսնելով նաև Վրաստանի ակտիվ միջնորդության հեռանկարը: Ապրիլին Է.Շևարդնաձեի միջնորդությամբ Անկարայում տեղի ունեցավ ՀՀ նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի հանդիպումը Ադրբեջանի պաշտոնակից Ա.Էլչիբեյի հետ: Հաշվի առնելով այն, որ հանդիպումը կազմակերպվել էր Թուրքիայի նախագահ Թ.Օզալի հուղարկավորության ընթացքում և տևել է ընդամենը րոպեներ, չենք կարող խոսել դրա արդյունավետության մասին [4, с. 468]։
 
1992թ. մայիսի 6-ին Թբիլիսի ժամանեց Իտալիայի խորհրդարանի անդամ Մ.Ռաֆայելին՝ ԵԱՀԽ շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հարցերով Մինսկի խորհրդաժողովի նախապատրաստման և անցկացման գործում Վրաստանի և անձամբ Է.Շևարդնաձեի դերն ու կարգավիճակը որոշելու նպատակով: Հաստատելով հիմնախնդրի կարգավորման հարցին իր նպաստը բերելու պատրաստակամությունը՝ իտալացի խորհրդականի հետ հանդիպման ժամանակ Է.Շևարդնաձեն կարծիք հայտնեց, որ հակամարտության կարգավորմանն իր նպաստը կարող է բերել տարածաշրջանային երկրների մասնակցությամբ երկխոսության մեկնարկը: Նա առաջարկում էր խորհրդակցությունների շարք անցկացնել Անդրկովկասի երեք երկրների մասնակցությամբ [5]։ Հետաքրքիր է, որ ընդամենը երեք ամիս անց արդեն Է.Շևարդնաձեն խոսում էր ոչ թե եռակողմ, այլ քառակողմ ձևաչափով երկխոսության մեկնարկի մասին՝ դրա մեջ տեսնելով նաև Թուրքիային: Կարծում ենք, որ պաշտոնական Թբիլիսիի դիրքորոշման մեջ այս փոփոխությունը խոսում էր միմիայն Թուրքիայի հետ աճող համագործակցության մասին [6]։
 
Հետագայում Է.Շևարդնաձեն առավել պասիվ դիրքորոշում որդեգրեց: Նախ, Աբխազիայի և Հարավային Օսիայի հիմնախնդիրների հետ կապված, սրվեցին Ռուսաստանի հետ հարաբերությունները, որից հետո Ռուսաստանի հետ կապող ուղիները գրեթե կտրվեցին, և Վրաստանը հայացքը հառեց դեպի Թուրքիան: Է.Շևարդնաձեն լավ գիտակցում էր նաև, որ տարածաշրջանում Վրաստանի դերի բարձրացումը պայմանավորված էր հենց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով. Ադրբեջանն աստիճանաբար ընդգրկվում էր արևելք-արևմուտք էներգետիկ հաղորդակցության ծրագրերի մեջ, որոնք վերջինիս համար, Հայաստանի հետ հարաբերությունների բացակայության և Իրանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների առկայության պայմաններում, հնարավոր էր կյանքի կոչել միայն Վրաստանի տարածքով:
 
1990-ական թթ. վերջից վրաց-ադրբեջանական համագործակցությունը նոր փուլ մտավ, որի առաջին առարկայական արդյունքը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղն էր: Վրաստանի պաշտոնական շրջանակներում աստիճանաբար սկսեցին ավելի շատ խոսել այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրում ստատուս քվոյի և հայ-ադրբեջանական հարաբերություններում լարվածության պահպանման դեպքում է հնարավոր միայն պահպանել և խորացնել տարածաշրջանում Վրաստանի տարանցիկ մոնոպոլիստական դիրքերը [7, p. 70]։ Նույնիսկ այս պայմաններում պաշտոնական Թբիլիսին երբեմն փորձում էր ցույց տալ, թե մտահոգված է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմամբ: 1999թ. նոյեմբերի 25-ին Վրաստանի կառավարության նիստում նախագահ Է.Շևարդնաձեն ասել է. «Թեև Հայաստանի և Ադրբեջանի միջև դարձյալ մեծ բարդություններ կան, սակայն այստեղ Վրաստանին եզակի դեր է պատկանում: Մենք այդ դերը կարող ենք կատարել երկկողմ կամ եռակողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից»1։ Ինչ վերաբերում է վրաց-ադրբեջանական հարաճուն համագործակցությանը, ապա Վրաստանի պաշտոնական շրջանակները պաշտոնական շփումների ժամանակ մշտապես փորձել են հավաստիացնել հայկական կողմին, որ այն չի կարող ուղղված լինել Հայաստանի դեմ: 2001թ. գարնանը պաշտոնական այցով Երևանում գտնվող Վրաստանի արտաքին գործերի նախարար Ի.Մենաղարիշվիլին հայտարարեց, որ ցանկացած համագործակցության ֆորում, որին մասնակցում է Վրաստանը, չի կարող ուղղված լինել Հայաստանի դեմ2։
 
Վրաց-թյուրքական համագործակցության հիմքերն էլ ավելի ամրացան Մ.Սաակաշվիլու նախագահության տարիներին, որը ոչ միայն այրեց Ռուսաստանի հետ հարաբերությունների բոլոր կամուրջները, այլ նաև ամբողջությամբ սևեռվեց դեպի արևմուտք: 2008թ. Հարավային Օսիայի պատերազմով տարածաշրջանի երկրների միջև անդունդն էլ ավելի մեծ ճեղքեր տվեց՝ ավելացնելով տարածաշրջանային անվտանգության սպառնալիքների չափաբաժինը: Պաշտոնական Երևանը ռուս-վրացական հաշտեցման գործընթացում միջնորդության մի քանի փորձեր արեց, սակայն այդպես էլ չհաջողվեց ստանձնել հաշտարարի դերը: Որքան էլ մեծ էին սպասելիքներն ու կանխատեսումները՝ ռուս-վրացական երկխոսությունը չկայացավ նաև Մ.Սաակաշվիլու հեռանալուց հետո: Ավելին, Վրաստանը շարունակեց արտաքին քաղաքականության այն գիծը, որի հիմքերը դրվել էին 1990-ականներին և ամրապնդվել Մ.Սաակաշվիլու նախագահության տարիներին: 2012թ. Վրաստանի վարչապետ դարձած Բ.Իվանիշվիլին իր առաջին պաշտոնական այցը կատարեց Բաքու: Մեր կարծիքով, այս քայլով նա առաջին հերթին տալիս էր այն հարցերի պատասխանները, որոնք ծագել էին Մ.Սաակաշվիլու հեռանալուց հետո:
 
Եթե նախկինում Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան եռակողմ համագործակցությունը հիմնականում ուներ տնտեսական ձևաչափեր, ապա վերջին տարիներին դրանք ներառում են նաև քաղաքական ու ռազմական ուղղություններ: Սա աստիճանաբար բերում է նրան, որ Վրաստանն անխուսափելիորեն հայտնվում է թուրք-ադրբեջանական արտաքին քաղաքական հորձանուտում: Հաճախ նաև ադրբեջանական աղբյուրները տեղեկություններ են տարածում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցում Վրաստանի ադրբեջանամետ դիրքորոշման մասով: Այդպիսի դեպքերից մեկի վերաբերյալ էլ 2013թ. հունվարի 17-ին Երևան կատարած այցի ընթացքում մեկնաբանություններ կատարեց Վրաստանի վարչապետ Բ.Իվանիշվիլին. «Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունն աղավաղված էր3, և դրանից հետո տրվել է պաշտոնական պարզաբանում»: Իսկ ինչ վերաբերում է Ի.Ալիևի հետ հանդիպման ընթացքում ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ քննարմանը, Վրաստանի վարչապետն ասել է հետևյալը. «Ես փոխանցել եմ Ալիևի դիրքորոշումը Հայաստանի վարչապետին, բայց մանրամասները չեմ ներկայացնի: Այս հարցն իսկապես բարդ է, և առաջիկայում բավական դժվար կլինի այն լուծելը: Ես ցանկանում եմ, որ այն կարգավորվի խաղաղ ճանապարհով»4:
 
2014թ. դեկտեմբերի 10-ին Կարսում կայացած հանդիպման ժամանակ Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հետևյալ բովանդակությամբ համատեղ հայտարարությունն են արել. «Քննարկելով տարածաշրջանում առկա իրավիճակը՝ մենք փոխադարձաբար վերահաստատում ենք աջակցությունը միմյանց ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը: Այս առիթով մեկ անգամ ևս կոչ ենք անում շուտափույթ կերպով հանգուցալուծել Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում և դրա շուրջ ծավալված հակամարտությունը, ինչպես նաև Վրաստանի տարածաշրջաններում՝ Աբխազիայում և Ցխինվալում առկա կոնֆլիկտները: Այս հակամարտությունները պետք է կարգավորվեն միջազգային իրավունքի հիմնարար նորմերի, մասնավորապես՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անքակտելիության սկզբունքների վրա»5:
 
Ինչ վերաբերում է հիմնախնդրի կարգավորման հարցում միջնորդական առաքելություն իրականացնելուն, ապա այս մասով Վրաստանում պաշտոնական տեսակետները տարբերվում են: Վրաստանի արտաքին գործերի նախարար Մ.Փանջիկիձեն հայտարարել է, որ, թեպետ իրենք ունեն լավ հարաբերություններ Հայաստանի և Ադրբեջանի հետ, այնուամենայնիվ, չեն պատրաստվում խառնվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին6: Փոխարենը, Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վ.Կապանաձեն ասել է, որ Վրաստանը, որպես երկու երկրների հետ լավ հարաբերություններ ունեցող կողմ, պետք է հնարավորության դեպքում միջնորդի դեր ստանձնի7։
 
Կարծում ենք, որ Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության աճի պայմաններում Վրաստանի չեզոքության ապահովման հարցում Հայաստանի խնդիրն ավելի է բարդանում: Այդ համագործակցության հիմքերը դրվել են 2014թ. օգոստոսին Նախիջևանում, որտեղ որոշվել է քայլեր ձեռնարկել եռակողմ ռազմական համագործակցության զարգացման վերաբերյալ, իսկ որպես առաջին քայլ՝ անցկացնել համատեղ զորավարժություններ: Վրաստանի պաշտպանության նախարար Ի.Ալասանիան Նախիջևանում հայտարարել է, որ եռակողմ ձևաչափով հանդիպման նախաձեռնողը վրացական կողմն է՝ միևնույն ժամանակ հավելելով, որ այն ուղղված չէ որևէ երրորդ կողմի դեմ8: Կարծում ենք, որ, որքան էլ պաշտոնական Թբիլիսին այս դաշինքի գործունեության մեջ չի տեսնում Հայաստանի դեմ միտումներ, այնուամենայնիվ, դա անխուսափելի է: Ադրբեջանի ռազմական ղեկավարությունը նմանատիպ ամեն հանդիպման ժամանակ խոսում է այն մասին, որ Հայաստանը վտանգ է ներկայացնում հարևանների և ողջ տարածաշրջանի երկրների անվտանգության համար:
 
Եռակողմ ռազմական համագործակցությունը նոր որակներ ստացավ 2015թ ընթացքում: Մայիսի 4-ին Անկարայում երեք երկրների զինված ուժերի ղեկավարների հանդիպման ժամանակ քննարկվել է երկաթուղային գծերի և էներգակիրների մատակարարման ենթակառուցվածքների անվտանգության վերաբերյալ հարցը: Որոշվել է ստեղծել ռազմական համագործակցությունը համակարգող խումբ9: 2015թ. վերջերից ռուս-թուրքական հարաբերությունների սրման ֆոնին, երբ ավելի հաճախակի են դարձել Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա եռակողմ պաշտոնական շփումները, Թուրքիան առիթը բաց չի թողնում խոսելու Հարավային Կովկասում առկա տարածքային հակամարտությունների մասին: Եթե նախկինում Թուրքիան խուսափում էր բարձրաձայն խոսել Աբխազիայի և Հարավային Օսիայի պատկանելության հարցում իր դիրքորոշման մասին, ապա ներկայում դա անում է հատուկ շեշտադրումով: 2016թ. փետրվարի 19-ին Թբիլիսիում արտգործնախարարների եռակողմ հանդիպման ժամանակ Թուրքիայի ներկայացուցիչ Մ.Չավուշօղլուն հայտարարեց, որ Աբխազիան և Հարավային Օսիան հանդիսանում են Վրաստանի, իսկ Լեռնային Ղարաբաղը՝ Ադրբեջանի տարածք10: Բաքվի և Անկարայի ներկայացուցիչները եռակողմ հանդիպումների ժամանակ առիթը բաց չեն թողնում խոսելու նաև հայկական զինված ուժերի «բռնազավթած» տարածքների, նրանց ագրեսիվ գործողությունների և դրանք չեզոքացնելու անհրաժեշտության մասին:
 
Ինչ վերաբերում է ներկայացվող հիմնախնդրի հակառակ բևեռին՝ պաշտոնական Երևանը մինչ այժմ պահպանում է կառուցողական չեզոքություն Աբխազիայի և Հարավային Օսիայի հիմնախնդիրներում: Բոլոր երկկողմ փաստաթղթերում Հայաստանը ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը, իսկ Աբխազիայի և Հարավային Օսիայի հիմնախնդիրներում առաջնորդվում է չեզոքության վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունով: Վրաստանի հետ ձեռք է բերվել համաձայնություն համագործակցել միջազգային կազմակերպություններում և խորհրդակցել՝ նախքան կողմերի համար կարևորություն ներկայացնող հարցերի շուրջ դիրքորոշում արտահայտելը, իսկ այն հարցերում, որտեղ դիրքորոշումները տարբերվում են, պայմանավորվածություն է ձեռք բերվել ձեռնպահ մնալ11: Այդ պայմանավորվածությունները Հայաստանը գրեթե անխափան պահում է: Պաշտոնական Երևանը երբեմն նաև խախտել է այդ պայմանավորվածությունը, սակայն՝ հօգուտ Վրաստանի: Օրինակ, 1998թ. ապրիլի 28-30-ը Մոսկվայում կայացած ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթաժողովում վրաց-աբխազական հակամարտության կարգավորման հարցում ՀՀ նախագահ Ռ.Քոչարյանը պաշտպանեց Վրաստանի դիրքորոշումը, ինչն, իհարկե, արժանացավ պաշտոնական Մոսկվայի բուռն արձագանքին:
 
Պաշտոնական Երևանը մշտապես ջանքեր է գործադրել Վրաստանի տարածքային հակամարտությունների հարցում իր դրական ներուժն օգտագործելու հարցում: Երևանում նույնիսկ մի քանի անգամ կազմակերպվել են վրացական և հարավօսական բանակցող խմբերի ավագ պաշտոնյաների հանդիպումներ12։ Այդ ջանքերն առավել ակտիվացան 2008թ. հարավօսական պատերազմից հետո: Գաղտնիք չէ, որ Հայաստանի համար մեծ կարևորություն է ներկայացնում Աբխազական երկաթուղու բացման հարցը, ուստի, աբխազական և հարավօսական հակամարտությունների կարգավորումը Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում ունի իր կարևոր տեղը:
 
Ինչպես վերը նշեցինք, վրացական կողմը չի կարողանում պահպանել պաշտոնական պայմանավորվածությունները: Դրա վառ վկայությունն է այն, որ միջազգային տարբեր հարթակներում Թբիլիսիի ներկայացուցիչները բազմիցս կողմ են քվեարկել ադրբեջանական կամ թուրքական ծագմամբ հակահայկական բանաձևերին: Ամենավերջին վկայությունը Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Մեծ Բրիտանիայի և Բոսնիայի ներկայացուցիչների բանաձևերն էին, որոնցից երկուսին էլ նիստերին ներկայացած վրացի երեք պատգամավորները կողմ են քվեարկել: Թեպետ ԵԽԽՎ պատվիրակները չեն ներկայացնում իրենց պետության պաշտոնական դիրքորոշումը, մենք հակված չենք կարծելու, թե նրանք որևէ կերպ հաշվի չեն առնում իրենց պետության արտաքին քաղաքական շահերն ու առաջնահերթությունները: Մյուս կողմից էլ, դա խոսում է տվյալ երկրի, այս դեպքում՝ Վրաստանի, քաղաքական որոշակի շրջանակների դիրքորոշման մասին: Կարծում ենք նաև, որ միջազգային հարթակներում Հայաստանի վերաբերյալ Վրաստանի ներկայացուցիչների գործունեությունը երկու երկրների միջև փախհարաբերությունների հիմնական ցուցիչներից է: Վրաստանի պաշտպանության նախարար Թ.Խիդաշելին հետևյալ ձևով է մեկնաբանել վրացի պատվիրակների քվեարկությունը. «Ես այլևս ԵԽԽՎ Վրաստանի պատվիրակության անդամ չեմ և ընդամենը մեկ տարի առաջ եմ եղել ԵԽԽՎ-ում խորհրդարանական: Ես չեմ կարող մեկնաբանել իմ գործընկերների որոշումը և քվեարկությունը, քանի որ մենք և խորհրդարանը տարբեր մարդիկ ենք: Բայց կարող եմ ասել, որ եթե նայեք Վրաստանի և Հայաստանի պատվիրակների քվեարկության վիճակագրությունը, ես չեմ կարծում, թե մեկը մյուսից գոհ է: Ես դա կարող եմ իմ ԵԽԽՎ փորձից ասել: Կարծում եմ, որ այսպես է աշխատում քաղաքականությունը»13: Վրացի պաշտոնյայի ելույթի շեշտադրումներից կարող ենք եզրակացնել, որ Թբիլիսիում էլ մտահոգություններ ունեն հայկական կողմի պահելաձևի մասով: Ինչպես ՄԱԿ-ում, այնպես էլ ԵԽԽՎ-ում և եվրոպական այլ հարթակներում եղել են դեպքեր, երբ առաջադրվող բանաձևերը վերաբերել են Հարավային Կովկասի երեք հակամարտություններին միաժամանակ: Այս դեպքում, իհարկե, խնդիրն այլ է, և դրանք անհրաժեշտ է այլ հարթության մեջ դիտարկել:
 
Կարծում ենք, որ Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան համագործակցությունն ունի մի քանի հիմնական շեշտադրումներ, որոնք բխում են այս հարթակի մեջ ընդգրկված երկրների՝ իրարից բավականաչափ տարբերվող արտաքին քաղաքական խնդիրներից: Այն առաջին հերթին ուղղված է Ռուսաստանի և Հայաստանի դեմ առանձին-առանձին վերցրած, ինչպես նաև հայ-ռուսական ռազմական համագործակցության դեմ: Մյուս կողմից էլ, այն ունի հակաիրանական որոշակի շեշտադրումներ: Թուրքիան դեռևս 1990-ականներից փորձում է հետ պահել Վրաստանին Իրանի հետ համագործակցությունից: Իրանի պաշտոնական շրջանակները մեկ անգամ չէ, որ խոսել են Իրան-Հայաստան-Վրաստան եռակողմ համագործակցության զարգացման հեռանկարների մասին14։ Պաշտոնական Թեհրանը բազմիցս դիվանագիտական խողովակներով հասկացրել է Թբիլիսիին, որ վերջինս չափից շատ մեծ ուշադրություն է դարձնում Ադրբեջանի հետ հարաբերություններին և անտեսում Իրանի հետ համագործակցելու հեռանկարները15։ Իրանը ցանկանում էր դառնալ դեպի Վրաստան գազ արտահանող հիմնական երկիրը, սակայն Վրաստանը նախընտրեց ադրբեջանական գազը: Կարծում ենք, որ այս հարցում մեծ դեր խաղաց նաև այն հանգամանքը, որ Վրաստանը, արտաքին քաղաքականության օրակարգում առաջնային տեղում դիտարկելով արևմուտքի հետ հարաբերությունների զարգացումը՝ ինչ-որ տեղ չէր համարձակվում ծավալել հարաբերությունները մի երկրի հետ, որը նույն արևմուտքի կողմից ենթարկվում էր տնտեսական պատժամիջոցների: Ներկայում, երբ այդ պատժամիջոցների մեծ մասը հանվել է, նոր հեռանկարներ են բացվում Իրան-Հայաստան-Վրաստան եռակողմ համագործակցության համար, որի հիմքերը դրվել են նույն ուղղությամբ գազատարի կառուցման վերաբերյալ պայմանագրի ստորագրումով:
 
Թուրքիայի և Ադրբեջանի հետ համագործակցության զարգացման արդյունքում Վրաստանում առաջ են եկել այլ խնդիրներ ևս: Ներկայում Վրաստանում արտասահմանյան կապիտալի մեծ մասը թյուրքական ծագում ունի, երկրում ակտիվացել են մահմեդական տարրերը, որոնք ժամանակի ընթացքում կարող են բերել Վրաստանի «թուրքականացմանն» ու անմիջական վտանգ ներկայացնել նրա անվտանգությանը:
 
Փաստորեն, ներկայում Վրաստանը, մի կողմից, տուրք է տալիս թուրք-ադրբեջանական քաղաքական տանդեմին, մյուս կողմից էլ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման բացասական միտումների պայմաններում, էլ ավելի է հեռանում Աբխազիայի և Հարավային Օսիայի հարցերում վերջինիս հետ բանակցային սեղանի շուրջ նստելու հեռանկարից: Պաշտոնական Երևանն էլ, ունենալով ռազմավարական նշանակության հարաբերություններ Ռուսաստանի հետ, չի աջակցում Վրաստանի կողմից առաջադրվող հակառուսական բանաձևերին: Կարծում ենք, որ այս պարագայում պետք է գտնել մի այնպիսի բանաձև, որի դեպքում կողմերն առաջին հերթին չեն վնասի միմյանց շահերը, և հետո՝ իրենց նպաստը կբերեն հակամարտությունների կարգավորմանը: Կարծում ենք նաև, որ կողմերի ներուժը դեռևս սպառված չէ, և այս առումով նրանք շատ անելիքներ ունեն: Այս պահին լավագույն տարբերակը կլինի փոխադարձ չեզոքության պահպանման վերաբերյալ պայմանավորվածությունների կատարումը, իսկ որպես հեռակա նպատակ պետք է դիտարկել բազմակողմ ձևաչափով բանակցությունների սեղանի շուրջ նստելու հեռանկարը:
 
2016թ. ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի լայնամասշտաբ ռազմական գործողությունների ծավալման պայմաններում այս հիմնախնդիրն առավել քան արդիական է դառնում: Ներկայում մեր խնդիրը պետք է լինի նաև Վրաստանի հետ երկխոսության օրակարգում այս հարցը առավել հստակ դնելը: Վրաստանը պետք է չեզոքություն պահպանի բոլոր ոլորտներում, այդ թվում՝ երբ իր տարածքը տրամադրում է տարանցիկ փոխադրումների համար: Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը Թուրքիայից և եվրոպական գործընկերներից գնած զենքն ու տեխնիկան ներմուծում է Վրաստանի տարածքով: Մինչդեռ Վրաստանը մշտապես խոչընդոտներ, իսկ երբեմն՝ արգելքներ է ստեղծում Ռուսաստանից Հայաստան ներկրվող զենքի և տեխնիկայի համար:
 
Ներկայացվող հիմնախնդրի ուսումնասիրության արդյունքում փորձել ենք կատարել նաև մի քանի հիմնական հարցադրումներ և եզրահանգումներ: Արդյո՞ք պաշտոնական Երևանը Վրաստան-Ադրբեջան հարաճուն համագործակցության պայմաններում ունի Թբիլիսիի չեզոքության ապահովման համար բավարար մեխանիզմներ: Կարծում ենք, որ մինչ այժմ մեր գլխավոր և ամենաարդյունավետ գործիքը եղել և մնում է Վրաստանի հայ համայնքի, մասնավորապես՝ ջավախահայության գործոնը: Ուստի, պետք է ամեն գնով ամրացնել և ուժեղացնել այդ գործոնը: Անհրաժեշտ է նաև ամրացնել Իրան-Հայաստան-Վրաստան ձևաչափով համագործակցությունը, որը կնպաստի թուրք-ադրբեջանական շրջափակումից դուրս գալուն: Ընդ որում, այդ համագործակցությունը մեծ չափով կնպաստի և՛ Հայաստանի, և՛ Վրաստանի ապաշրջափակմանը:
 
 
 
Ռոման Կարապետյան 
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, պ.գ.թ.
 
Մանրամասն այստեղ 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play