Հանգամանք, որը կհարուցի Ռեջեփ Էրդողանի զայրույթը


Հանգամանք, որը կհարուցի Ռեջեփ Էրդողանի զայրույթը

  • 17-05-2016 11:59:56   | Գերմանիա  |  

Գերմանիայի խորհրդարանի երկու պալատներից մեկը` Բունդեսթագը, մտադիր է քվեարկության դնել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձևը։
 
Financial Times-ի փոխանցմամբ, այդ հանգամանքը ամենայն հավանականությամբ կհարուցի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի զայրույթը։
 
Մեկնաբան Շտեֆան Վագսթիլը նշում է, որ քվեարկությունը Բունդեսթագում նշանակված է հունիսի 2-ին, մինչդեռ արդեն այս օրերին թուրք-գերմանական հարաբերություններում ճգնաժամ է։
 
Էրդողանի մասին գերմանացի երգիծաբան Յան Բյումերմանի հեղինակած հեգնական բանաստեղծությունը խիստ վիրավորել է Թուրքիայի ղեկավարին, դրանից զատ կա լարվածության մեկ այլ պատճառ` կասկածի տակ է հայտնվել Շենգենի տարածք մուտք գործելու համար թուրքերից վիզաներ այլևս չպահանջելու գործարքի իրականացումը։
 
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն առաջիկայում կարող է հանդիպել Էրդողանին՝ «Ստամբուլում նախատեսված արտակարգ օգնություն» թեմայով ՄԱԿ-ի խորհրդաժողովում։
 
Բունդեսթագը վաղուց է քննարկում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձևը։ Անցյալ տարվա ապրիլին, երբ աշխարհը նշեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, Բունդեսթագում տեղի ունեցավ թեժ քննարկում, սակայն Մերկելի կառավարությունը համոզեց կանաչներին քվեարկության չդնել բանաձևը։
 
Կանցլերը չի ցանկանում սրել գերմանա-թուրքական կապերը՝ գոնե այն պատճառով, որ Գերմանիայում թուրքական ծագում ունի մոտ 4 միլիոն մարդ։
 
Եվ այնուամենայնիվ, իշխող կոալիցիայի անդամները գիտակցում են, որ այդպես չի կարելի շարունակել, տարբեր երկրներից, այդ թվում՝ Վատիկանից հասնում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին հայտարարությունների հզոր ալիքը։
 
Քրիստոնեա-դեմոկրատների և քրիստոնեա-սոցիալիստների միությունը, կանաչներն ու սոցիալ-դեմոկրատները համաձայնության են եկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցում։
 
Շտեֆան Վագսթիլի համոզմամբ, գրեթե վստահ կարելի է ասել, որ Բունդեսթագը կընդունի բանաձևը։
 
Կանաչների համանախագահ, ծագումով թուրք օրենսդիր Ջեմ Օզդեմիրն ասել է. - «Երևի Անկարայում կզայրանան, բայց Բունդեսթագը երբեք շանտաժի չի ենթարկվի Էրդողանի նման դեսպոտների կողմից»։
 
 
 
 
 
 
 

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play