Գոտիները պետք է ձգեն այն մարդիկ, որոնց ագահությունը անգամ այս պատերազմը չի զսպում. Անուշ Սեդրակյան


Գոտիները պետք է ձգեն այն մարդիկ, որոնց ագահությունը անգամ այս պատերազմը չի զսպում. Անուշ Սեդրակյան

  • 17-05-2016 13:40:22   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Լրագրի  զրուցակիցն է հրապարակախոս, Ազատ դեմոկրատներ կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը

 

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն օրերս հայտարարեց կոռուպցիայի դեմ պայքար սկսելու մասին, որին հետևեցին մեկնաբանություններ, որ իշխանությունը նման քայլերի գնալու կամք չունի։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ պետք է անի իշխանությունը, որ հանրությունը տեսնի, որ իրական քայլեր են կյանքի կոչվում։

 

Իրավիճակն այսօր այնպիսին է, որ յուրաքանչյուր իմիտացիոն գործընթաց ոչ միայն միանգամից հարվածում է Հայաստանի միջազգային վարկանիշին: Կարելի է համեմատություն բերել. եթե թշնամու կողմից արկը հարվածում է դրսից, այդ իմիտացիոն գործընթացներն այն արկերն են, որոնք հարվածում են ներսից։ Մենք պետք է հասկանանք, որ իշխանությունը կարող է չունենալ քաղաքական կամք, սակայն այն չունի նաև քաղաքական ելք։

 

Նման իմիտացիոն գործողություններն ունեն երկու իմաստ։ Նախ, դրանք միջազգային հանրության աչքերում վարկանիշի վերջին փշուրները միաբանելու միջոց է, որովհետև ուրիշ տարբերակ չկա, երկրորդ՝ դա իհարկե այն գումարների տնտեսումն է, որոնք այսուհետ կարող են ուղղորդվել բանակի զինվորների և ընդհանրապես հասարակական այն խավերի իրավիճակի բարելավմանը, որոնց շնորհիվ ապրում ու գոյատևում է բանակը։ Արդեն փաստացի ապացուցվեց, որ հերոսամարտի բոլոր մասնակիցները՝ և հերոսները, և բոլոր այն մարդիկ, որոնք կանգնած էին դիրքերում, ոչ ապահով, ոչ արտոնյալ խավի զավակներ էին։ Այսինքն՝ նրանց մեջ ոչ պատգամավորների զավակներ կային, ոչ նախարարների, ոչ վարչապետի և այլն։ Մենք հասկանում ենք, որ պաշտոնյաների զավակները, նույնիսկ հիմա, նույնիսկ այս վարկանիշային ալիքի համար չեն պատրաստվում կանգնել առաջնագծում։ Այդ մարդիկ գոնե պետք է առավելագույնն անեին, որ առաջնագծում կանգնած զինվորը որևէ բանի կարիք չունենա, իսկ դրա միակ տարբերակը հակակոռուպցիոն ռեալ միջոցառումներ նախաձեռնելն է։

 

Երբ խոսում են բյուջետային տնտեսման մասին, թե լրագրողները, թե հանրությունը պետք է պահանջեն հոդված առ հոդված բյուջետային տնտեսման մասին հայտարարագրեր։ Այսինքն՝ մենք պետք է հասկանանք, որ այդ տնտեսումը չի կարող  արվել մարդկանց աշխատավարձի կամ հաստիքների կրճատման հաշվին, որն, ի դեպ, ամենաանարդյունավետ տնտեսումն է։ Մենք ունենք հսկայական ծախսեր սպասարկող մեքենաների, ներկայացուցչական ծախսերի, անիմաստ կատարվող ուղևորությունների, այդ ուղևորությունների ժամանակ մեծ շուքով նշվող միջոցառումների և  հյուրանոցային համարների բարձր գների մասին։ Այդ ամբողջ տեղեկատվությունը պետք է դառնա թափանցիկ և, իհարկե, պետք է մեր պաշտոնյաները մեղմեն իրենց ախորժակները, որովհետև հենց սրանք են բյուջետային այն հիմնական ծախսերը, որոնք չեն բարձրաձայնվում և չեն էլ կրճատվում, ցավոք։ Պատերազմում գտնվող այն երկիրը, որը հասարակության աղքատացման ներքին խնդիր ունի, մենաշնորհների ու դրամաշորթման խնդիր ունի, պիտի հետևի, որ իր պատգամավորները, իր նախարարները և առավել ևս բարձր վարչարարությամբ զբաղված անձինք նույնպես զբաղվեն նույն տնտեսմամբ, ինչպես որ քաղաքացինէ զբաղվում։

 

Երբ գալիս ասում են, որ եկել է գոտիները ձգելու ժամանակը, մենք պետք է հասկանանք, որ խավ կա, որ այդ գոտիները մինչև վերջին կետը ձգած է։ Եվ գոտիները պետք է ձգեն այն մարդիկ, որոնք ախորժակները ոչ մի վայրկյան չեն դադարում աճել, ընդհակառակը։ Ու անգամ այս պատերազմը չի զսպում նրանց ագահությունը։ Հակակոռուպցիոն իրական միջոցառումները կլինեն միայն այն ժամանակ, երբ մարդիկ տեսնեն կոռուպցիայի համար քրեական պատիժ կրելու գործընթացը, և թող մեզ չհամոզեն, որ 100, 200 կամ թեկուզ 1000 դոլարի կաշառքը կոռուպցիա է։ Ասենք ճանապարհային մի ոստիկանի կամ մի բժշկի բռնում են և սկսում են մեզ համոզել, որ կոռուպցիայի գլուխը բռնել են, խեղդել են բոլորին, և այսուհետ հասարակությունը կապրի առողջ և հարուստ։ Ոչ, դրանք կոռուպցիոն գործընթացներ չեն։ Դրանք սովորական, ներհասարակական կաշառքի օրինակներ են, որոնք, իհարկե, պետք է պատժվեն, բայց պետք է հստակ սահմանագիծ դրվի այդ գործողությունների և կոռուպցիայի միջև։

 

Եթե իշխանությունները հակակոռուպցիոն իրական քայլեր չիրականացնեն, ի՞նչ տեղի կունենա, իսկապես իրավիճակը պայթյունավտա՞նգ է։

 

Ես կարծում եմ, որ այն սերունդը, որն արդեն իր վրա է վերցրել պատասխանատվությունը՝ հայրենիքի պաշտպանությամբ, իր վրա կվերցնի նաև հայրենիքի փրկության պատասխանատվությունը։ Մենք կանգնած ենք այն սահմանագծին, որտեղ հանրության զայրույթն այլևս չի կարելի որակել որպես նախանձ, որպես անճարակություն կամ բամբասանք։ Հասարակության զայրույթն այս պահից սկսած, այսքան պատերազմական գործողություններից հետո արդեն որակվում է որպես արդար և վերջնակետին հասած զայրույթ։ Իշխանությունը կորցրել է այլ որակումների հնարավորությունը։ Հաճախ իշխանությունները հայտարարում են՝ դուք չեք տիրապետում իրական տնտեսական տեղեկատվությանը, դուք չգիտեք, թե ինչ է կատարվում երկրում և տնտեսության մեջ։ Ես լիովին վստահ եմ, որ այդ հարցում իշխանությունը չի սխալվում, որովհետև նրանք ամեն ինչ արել են, որ թե ժողովուրդը, թե փորձագետներն անտեղյակ լինեն իրական տնտեսական գործընթացներից։ Իրենք գիտեն, թե ինչպիսին է տնտեսության իրական վիճակը, իսկ մենք գիտենք, թե ինչպիսին պետք է լինի նորմալ տնտեսության վիճակը։ Այ էդ հակասությունն է իշխանություն-հասարակություն սահմանագծում, որ պետք է լուծում ստանա։

 

Սերժ Սարգսյանը գնաց Վիեննայում Ալիևի հետ բանակցելու։ Ձեր կարծիքով՝ այս պատերազմից իշխանությունը թուլացա՞ծ դուրս եկավ, թե՞ հակառակը։

 

Ես կարծում եմ, որ իշխանությունը միանշանակ թուլացած դուրս եկավ, որովհետև կոտրվեց այն մտայնությունը, թե Հայաստանում ինչ կա-չկա ուղղվում է բանակի հզորացմանը։ Մենք հասկացանք, որ դա միֆ էր, որով սնում են հասարակությանը, որպեսզի մեղմվի հասարակական դժգոհությունը։ Իշխանությունը թուլացած դուրս եկավ նաև, որովհետև ապացուցեց իր անկարողությունը՝ կանգնել իր սեփական հաղթած ժողովրդի կողքին։ Ժողովուրդն իսկապես հաղթել է և պատրաստ է շարունակել դիմանալ զրկանքների՝ հանուն նորանոր հաղթանակների, բայց իշխանությունն ուզում է շարունակել իր ապահով գոյությունը ռեսուրսների միանձնյա տնօրինմամբ։ Դա այսուհետ շատ դժվար կլինի անել, և դա կապված կլինի մեծագույն ջանքերի հետ, որոնք, ինձ թվում է, իշխանության համար անհաղթահարելի են։ Շատ ավելի հեշտ ճանապարհ կա՝ վերակազմավորվել։

 

Ինչ վերաբերում է բանակցություններին, կարելի է տարբեր ձևով խոսել, կարելի է ասել, որ քանի դեռ չեն կատարվել երեք պայմանները, բանակցություններն աններելի են։ Բայց ես կարծում եմ աններելի է ոչ թե բանակցությունների փաստը, այլ աններելի կլինեն պայմանավորվածությունները, որոնք այնտեղ ձեռք կբերվեն հանրության մեջքի հետևում։ Եթե բանակցությունների ողջ գործընթացն ու արդյունքները բարձրաձայնվեն, ապա բանակցային գործընթացը չի կարելի ընդհատել։ Բանակցային գործընթացը, եթե այն հմուտ և դիվանագիտորեն է արվում, ապագա պատերազմների բացառման գրավականն է։ Բայց ով կարող է երաշխավորել, որ ամեն ինչ կլինի թափանցիկ։ Մենք արդեն տեսել ենք Կազանի գործընթացը, որտեղ տարածքների հանձնման եզրին էինք և անգամ անտեղյակ էինք, թե ինչ աղետի առջև կարող ենք կանգել։ Եղել են նաև Մադրիդյան սկզբունքները։ Այսինքն այդ բանակցային գործընթացն ընդունելի է և ողջունելի միայն ինքնիշխան և հմուտ բանակցողների առկայության պարագայում։ Իսկ եթե բանակցողները պատրաստ են անիմաստ զիջումների, այդ դեպքում բանակցային գործընթացը միայն վնաս կարող է բերել։

 

 

 

 

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ