Մեր օդային ուժերը պատրաստ են համարժեք պատասխան տալու. Գագիկ Մելիքյան


Մեր օդային ուժերը պատրաստ են համարժեք պատասխան տալու. Գագիկ Մելիքյան

  • 10-06-2016 17:08:22   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Լրագրի  զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը

 

Մի քանի օր է բուռն քննարկումներ են ընթանում ՀՕՊ համաձայնագրի հետ կապված։ Շատերը նշում են, որ սրանով մենք մեր օդային տարածքը հանձնում ենք Ռուսաստանին և այստեղ վտանգներ են տեսնում։ Դուք այստեղ վտանգներ տեսնո՞ւմ եք, Հայաստանն ինչ-որ առումով իր ինքնուրույնությունից չի՞ զիջում Ռուսաստանին։

 

Կարծում եմ, որ այն համակարգը, որի մասին հարցնում եք, բավական լուրջ, բարդ մասնագիտական բնագավառ է և կհորդորեմ նրանց, որոնք այդ համակարգից գաղափար չունեն, այդ թեմայով թող քիչ խոսեն, կամ ընդհանրապես չխոսեն։ Կարծում եմ, որ համակարգ ունենալն արդեն իսկ բավական թանկ և լուրջ հաճույք է։ Այդ համակարգը, որ տեղադրվում է ՀԱՊԿ շրջանակներում, բավական լուրջ գործընթաց է, նոր չի, որ սկսված է, դա շատ վաղուց է սկսված՝ համակարգի ներդրումն ապահովելու համար։ Ես համոզված եմ, որ այն պաշտոնյաները, որոնք լիազորված են իրականացնելու այդ գործընթացը, ամբողջությամբ տիրապետում են գործընթացին, բոլոր մասնագիտական և բարդ կողմերով, և համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ամրապնդման, անվտանգության ապահովման դեմ որևէ փոքրիկ քայլ անգամ թույլ չեն տա։ Ես համոզված եմ, որ նմանատիպ համակարգ ունենալը բխում է հենց մեր երկրի շահերից։

 

Բայց մենք տեսել ենք, որ տարբեր կառույցներում Հայաստանի ներգրավվածությունը չի ավելացրել մեր անվտանգության բաղադրիչը, և ապրիլյան դեպքերից հետո իշխանության ներկայացուցիչները բազմաթիվ անգամ քննադատության են ենթարկել իրենց ռուս գործընկերներին, նաև ՀԱՊԿ-ին անգործության մեջ։ Ու հիմա նորից Հայաստանի իշխանությունը սիրաշահում է Ռուսաստանին։

 

Ես չեմ կարծում, որ դաշնակցային հարաբերություններ ունեցող երկրների միջև հարաբերությունները սիրաշահելու ձևով պետք է ընթանան։ Ես կարծում եմ, որ դաշակցային հարաբերություններ ունեցող յուրաքանչյուր երկիր իր պայմանագրային պարտավորությունները պարտավոր է կատարել ամբողջությամբ։

 

Բայց Ռուսաստանը թերացել էր իր պարտավորությունների կատարման հարցում։

 

Ասել, որ թերացել է, ասել, որ այն գործողությունները, որոնք իրականացվել են, մեզ չեն մտահոգում, ճիշտ չի լինի։ Այո, եղել են գործընթացներ, որոնք մեզ մտահոգում են, հատկապես Ադրբեջանին ռազմական զինատեսակների վաճառքի հետ կապված։ Դրանց մասին վաղուց խոսել են տարեր մակարդակներով, այդ թվում ՀՀ նախագահի։ Ես համոզված եմ, որ նմանատիպ խոսակցություններ դեռևս կլինեն, կշարունակվեն, բայց եկեք չմոռանանք, որ մենք նույնպես մեր բանակը զինել ենք ռուսական առաջադեմ զինատեսակներով, այդ թվում հարձակողական, և այդ զինատեսակների առկայությունը մեր բանակում զսպեց նաև Ադրբեջանի ավելի ռազմատենչ քաղաքականությունը, կամ հենց այդ զինատեսակներն էին, որ պարտադրեցին Ադրբեջանին խաղաղության հարցով դիմել Ռուսաստանի Դաշնությանը։ Ես համոզված եմ, որ ՌԴ ղեկավարության, հատկապես նախագահի կողմից կատարված քայլերը բավական լուրջ առաջընթաց էին խաղաղության ապահովման գործընթացում։ Բավական լուրջ անելիք ունեն նաև հետագա բանակցային գործընթացի ապահովման առումով։

 

Պարոն Մելիքյան, հնարավո՞ր է, որ ՀՕՊ համաձայնագիրն այն գինն է, որ Հայաստանը կվճարի գոնե այդ 200 մլն դոլարի վարկային պայմանագրով զենքը ձեռք բերելու համար, որը մեկ տարի շարունակվող գործընթացը չի հանգուցալուծվում, այն դեպքում, երբ Հայաստանին այդքան անհրաժեշտ է այդ զինտեխնիկան։

 

Զինտեխնիկան Հայաստանին միշտ անհրաժեշտ է։ Զինտեխնիկան, հատկապես պատերազմական վիճակում գտնվող ցանցած երկրի մշտապես անհրաժեշտ է։ Զինտեխնիկայի ժամանակակից տեսակների ձեռքբերումը նույնպես խիստ անհրաժեշտ է և կարծում եմ, որ սրանք կապել իրար հետ ընդհանրապես տեղին չէ։ Համոզված եմ, որ սա այն գործողություններից է, որ կնպաստի մեր երկրի հակաօդային պաշտպանության, հակաօդային անվտանգության ամրապնդմանը։

 

Կա՞ համաձայնագրում որևէ կետ, որի հետ կապված մի փոքր անգամ մտահգություն ունեք։ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը նշեց, որ կան նաև մտահոգություններ։

 

Ես կարծում եմ, որ պայմանագրի մասին խոսելուց առաջ  պետք է նախևառաջ մանրամասն ծանոթ լինել պայմնագրի բոլոր կետերին, որպեսզի մտահոգություններ արտահայտենք։ Այն մասնագետները, այն պաշտոնյաները, որոնք զբաղվել են պայմանագրի շարադրման, հաստատման գործընթացով, նրանք ավելի հստակ կպատասխանեն այդ հարցերին։ Այդ հարցերին պատասխանելու համար պետք է բավական լուրջ մասնագիտական հմտություններ ունենալ հակաօդային պաշտպանության բնագավառից։ Վստահված է պայմանագրի կազմման աշխատանքներն այնպիսի մասնագետների, որոնք ունեն մասնագիտական փորձ և համոզված եմ, թույլ չեն տա պայմանագրում այնպիսի կետերի առկայություն, որը մեզ պետք է փոքր ինչ մտահոգություն պատճառի։

 

Երբ ամիսներ առաջ Հայաստանի սահմանը հատեցին ինքնաթիռները, նույն ՀԱՊԿ-ը որևէ արձագանք չունեցավ։ Ձեր կարծիքով, ինչ պետք է անի համատեղ ՀՕՊ-ը, ինչը չէր կարողանում անել ՀԱՊԿ-ը։ Մենք մեկ անգամ չէ, որ տեսել ենք ոչ թե դաշնակցային հարաբերություններ, այլ որ Ռուսաստանն առաջնորդվել է սեփական շահերով՝ ոտնահարելով Հայաստանի շահերը։

 

Չեմ կարծում, որ օդային սահմանի ամեն մի խախտման դեպքում անպայման պետք է անմիջապես ռազմական գործողություններ սկսել և ոչնչացնել այն օբյեկտը, որը հատել է սահմանը։ Մանավանդ որ դեռևս չճշտված, դրանք կարող էին լինել նաև պատահականությունների հետևանքներ։ Համոզված եմ նաև, որ մեր սահմանները պաշտպանող օդային օբյեկտները շատ հաճախ նույնանման խախտումների պատճառ են դառնում և որևէ արձագանք հակառակ կողմից չի լինում։ Այնպես որ, չի կարելի դրանցով բացատրել, որ մեր շահերը ոտնահարվեցին։ Եթե իրոք նպատակային միջադեպեր լինեն սահմանին՝ օդային խախտումների հետ կապված, մեր օդային ուժերը ամբողջությամբ պատրաստ են համարժեք պատասխան տալու։

 

 

 

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play