Սերգո Կարապետյանն ընդունել է պտուղբանջարեղեն վերամշակող և արտահանող ընկերությունների ներկայացուցիչներին


Սերգո Կարապետյանն ընդունել է պտուղբանջարեղեն վերամշակող և արտահանող ընկերությունների ներկայացուցիչներին

  • 17-06-2016 15:10:25   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հրավիրել էր խորհրդակցություն՝ պտուղբանջարեղեն արտահանող և վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանդիպման նպատակն էր քննարկել մթերման սեզոնի մեկնարկին առնչվող հարցերը և մթերման աշխատանքների կազմակերպման խնդիրները:
 
«Ընթացիկ գյուղատնտեսական տարին ընդհանուր առմամբ կարելի է բարեհաջող համարել: Այս տարի պտուղբանջարեղենի առատ բերք է սպասվում, ուստի վերամշակող ընկերությունները պետք է միջոցներ ձեռնարկեն մթերման աշխատանքները սահուն և ժամանակին կազմակերպելու ուղղությամբ», – նշել է իր խոսքում նախարար Սերգո Կարապետյանը:
Նախարարը միաժամանակ շեշտել է, որ այս տարի շնորհիվ ցանքատարածությունների ավելացման առատ բերք է սպասվում հատկապես լոլիկի մասով:
Հաշվի առնելով Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը` նախարարը հորդորել է արտահանող կազմակերպությունների ներկայացուցիչներին առավել ակտիվ քայլեր ձեռնարկել արտահանման ծավալների մեծացման ուղղությամբ:
Ընդգծելով, որ վերամշակող ճյուղը մեր երկրի գյուղատնտեսության ոլորտի հեռանկարային և կարևորագույն ճյուղերից մեկն է` նախարարը նաև հորդորել է ընկերություններին մթերման գործընթացն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով ակտիվորեն համագործակցել գյուղացիական տնտեսությունների հետ, նախապես պայմանագրեր կնքել, ինչը հնարավորություն կտա մթերման գործընթացն անցկացնել առավել կազմակերպված, առանց խոչընդոտների և վճարումները կատարել առանց ուշացումների:  
Խորհրդակցության ընթացքում նախարարը ծանոթացավ ընկերությունների ներկայացուցիչների կողմից բարձրացված հարցերին և պատրաստակամություն հայտնեց ուսումնասիրել հնչեցրած խնդիրները: 
 
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play