Պ.Սևակի հիշատակման 45-րդ տարելիցը նշանավորվեց տուն-թանգարան տանող ճանապարհին «Տո լա՜ճ տնավեր…» կոթողի բացումով (տեսանյութ)


Պ.Սևակի հիշատակման 45-րդ տարելիցը նշանավորվեց տուն-թանգարան տանող ճանապարհին «Տո լա՜ճ տնավեր…» կոթողի բացումով (տեսանյութ)

  • 20-06-2016 18:08:35   | Հայաստան  |  Հասարակություն



45 տարի է անցել այն օրվանից, երբ այս հատվածում ողբերգական ավտովթարի հետևանքով հայ ժողովուրդը կորցրեց իր տաղանդավոր զավակներից մեկին` հայ մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակին: 
Ամեն տարի հունիսի 17-ին` մեծ գրողի մահվան օրը սևակապաշտ հայությունն այցելում է  նրա  ծննդավայր` Արարատի մարզի Զանագակատուն գյուղ: Այս տարի Պարույր Սևակի հիշատակման  արարողությունը նշանավորվեց տուն-թանգարան տանող ճանապարհին «Տո լա՜ճ տնավեր…» անվանմամբ կոթողի բացումով, որը բանաստեղծի 100-ամյակին նվիրված «Կոչեմ ապրողաց» խորագրով քանդակաշարի առաջին կոթողն է: 
 
ՀՀ  ժողովրդական վարպետ, նկարիչ-խաչքարագործ Վարազդատ Համաբարձումյանի հեղինակած հուշակոթողի բացման հանդիսավոր արարողությունը մեկնարկեց քահանայի կողմից հուշակոթողի օծմամբ և օրհնությամբ:
Վարպետի պարզաբանմամբ` «Տո լա՜ճ տնավեր…» կոթողի մեջտեղում թևատված և գլխատված խաչն է, որը խորհրդանշում է Հայոց ցեղասպանությանը զոհ գնացած մտավորականությանը` հիմքում նկատի ունենալով Կոմիտասին, իսկ ներքևի և վերևի  զանգերի կոչնակները խորհրդանշում են նահատակված 1,5 մլն հայերի ապշած հայացքները` ուղղված  անտարբեր աշխարհին: 
Միջոցառմանը ներկա էին մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ,  Զանգակատուն գյուղի բնակիչները և բազմաթիվ հյուրեր: Վերջիններս ծաղիկներ խոնարհեցին հայրենի տան բակում թաղված բանաստեղծի գերեզմանաքարի մոտ:
Զանգակատան բնակիչները փաստում են, անմահության ճանապարհը բռնած գրողի թե ծննդյան, թե մահվան տարելիցները մշտապես նշվում են նրա տուն-թանգարանում, որտեղ հավաքվածները բացառիկ առիթ են ունենում Պարույր Սևակի  ընկերների շուրթերից լսել ու վերհիշել սիրված գրողի կյանքից հետաքրքիր դրվագներ: Հիշատակման միջոցառումներին մասնակից են դառնում նաև Զանգակատան դպրոցահասկաները, ովքեր մեծ հպարտությամբ ասմունքում են իրենց պաշտելի Սևակի ստեղծագործությունները:
Խաչքարագործ Վարազդատ Համաբարձումյանը հույս ունի, որ Պ. Սևակի տուն-թանգարան տանող ճանապարհի այդ հատվածը կդառնա յուրահատուկ մի պուրակ, որտեղ կանգնեցված կոթողը կոգեշնչի անցորդներին հետաքրքրվելու և շփվելու մեծ բանաստեղծի հետ:
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Տեսանյութը եւ լուսանկարներն այստեղ` «Նոյյան Տապանի» 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play