ՀՀ գյուղնախարարն ընդունել է Հայաստանում ՊԳԿ ներկայացուցիչ Ռայմունդ Ջեհլեին


ՀՀ գյուղնախարարն ընդունել է Հայաստանում ՊԳԿ ներկայացուցիչ Ռայմունդ Ջեհլեին

  • 22-06-2016 13:47:57   | Հայաստան  |  Տնտեսություն
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների տարածաշրջանային ներկայացուցչի տեղակալ, ՀՀ-ում ՊԳԿ ներկայացուցիչ Ռայմունդ Ջեհլեին: Հանդիպման նպատակն էր քննարկել Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում ՊԳԿ աջակցությամբ ընթացող ծրագրերն ու նախանշել հետագա համագործակցության շրջանակները:
 
Ողջունելով հյուրին և շնորհավորելով նրան պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` նախարար Սերգո Կարապետյանը համոզմունք է հայտնել, որ նրա ջանքերով ՊԳԿ հետ երկկողմ համագործակցությունն ավելի կընդլայնվի, իսկ համատեղ ծրագրերը կկրեն շարունակական բնույթ:
 
Անդրադառնալով ՊԳԿ ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող նախաձեռնություններին` այդ թվում` «Հայաստանում խաղողի գենետիկական ռեսուրսների պահպանում և կայուն օգտագործում», «Ձկնաբուծության ոլորտում ջրային ռեսուրսների այլընրանքային օգտագործումը Հայաստանում», «Ազգային բուսասանիտարական հսկողության ծառայությունների կարողությունների հզորացում Արևելյան Եվրոպայի չորս երկրներում» և այլ ծրագրերին` նախարարն ընդգծել է համագործակցության շրջանակների ընդլայնման կարևորությունը:
 
 «ՊԳԿ-ի հետ իրականացվող համատեղ ծրագրերը մեծապես նպաստել են մեր երկրում գյուղատնտեսական արտադրողականության բարձրացմանը, ինչպես նաև պարենային ապահովության և անվտանգության ապահովմանը: Սակայն ագրարային ոլորտում դեռևս առկա են խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն, ուստի հետագա համագործակցության ուղիները մշակելիս հարկավոր է առաջնահերթություն տալ այն ծրագրերին, որոնք կնպաստեն այդ խնդիրների լուծմանն ու ոլորտի զարգացման հարցում առկա խոչընդոտների հաղթահարմանը», - նշել է իր խոսքում նախարար Սերգո Կարապետյանը:
 
Այս համատեքստում նախարարը, մասնավորապես, ընդգծել է հակակարկտային պաշտպանիչ ցանցերի, ոռոգման նորագույն համակարգերի, ինտենսիվ այգիների ստեղծման, փոքր արտադրությունների կազմակերպման,  սառնարանային տնտեսությունների և չորանոցների կառուցման, գյուղմթերքի շուկայահանման, ինչպես նաև ձկնաբուծության ոլորտում օգտագործվող ջրի խնայողատար տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտությունը:
 
Միաժամանակ նախարար Սերգո Կարապետյանը շեշտել է նորաստեղծ կոոպերատիվների ամրապնդմանն ու հետագա զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման կարևորությունը:
 
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև «Երկրի առաջնահերթությունների ծրագրային շրջանակ 2016-2020 թթ.» փաստաթղթի նախագծին, որը նախատեսվում է ստորագրել պարոն Ջեհլեի ընթացիկ տարվա հոկտեմբերին նախատեսվող այցի ընթացքում:
 
Պարոն  Ռայմունդ Ջեհլեն իր հերթին բարձր է գնահատել Հայաստանի և ՊԳԿ  փոխգործակցության ներկա վիճակը և իրականացվող ծրագրերի արդյունավետությունը: Միաժամանակ նա պատրաստակամություն է հայտնել ուսումնասիրել ներկայացված խնդիրները և իր կողմից հնարավորինս աջակցել ոլորտի զարգացմանն ուղղված հետագա ծրագրերի մշակմանն ու իրականացմանը:  
 
ՀՀ գյուղնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են՝ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play