«Աթեշյանի այցը կարող էր ավերածության հասնող վնաս հասցնել». Արագած Ախոյան


«Աթեշյանի այցը կարող էր ավերածության հասնող վնաս հասցնել». Արագած Ախոյան

  • 22-06-2016 16:13:17   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Այսօր հայտնի դարձավ, որ Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը չեղարկում է Հայաստան այցը: Մեկնաբանություններում նշվում է, որ պատճառը Հայաստանում նրա անձի շուրջ ստեղծված բացասական վերաբերմունքն է: Չի բացառվում, սակայն, որ Աթեշյանի այցի չեղարկման համար հիմք է հանդիսացել Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի կոչը՝ դիվանագիտական ձեւակերպմամբ ու «չհարամել Հռոմի պապի այցը» իմաստով:
 
ՀՀ ԱԺ պատգամավոր, «Արեւմտահայերի ազգային համագումարի» հիմնադիր անդամ Արագած Ախոյանը, ով վերջերս պատգամավորների շրջանում ստորագրահավաք էր սկսել Աթեշյանի մուտքը Հայաստան թույլ չտալու նախաձեռնությանը միանալու մասին, չի բացառում նշված տարբերակը: «Մի քանի գործոն կա»,- ասում է նա: Ախոյանի հետ զրույցը՝ ստորեւ.
 
- Պարոն Ախոյան, տեղյա՞կ եք, որ Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանի այցը Հայաստան չեղարկվել է:
 
- Այո, իմ տեղեկություններով չեղարկվել է: Բնականաբար աբսուրդ կլիներ այսքան աղմուկից հետո նրա Հայաստան գալը, որովհետեւ դոմինոյի էֆեկտով դա շատ մեծ, նույնիսկ ավերավածության հասնող վնաս կարող էր հասցնել: Հասարակությունն, իրոք, ոտքի էր կանգնած, եւ այդ ալիքը տեղափոխվել է Ստամբուլ: Այսօր, այս պահին Ստամբուլում Պոլսո պատրիարքարանի դիմաց, որքան գիտեմ, կազմակերպված է մեծ միտինգ՝ Աթեշյանին կարգալույծ անելու հարցի շուրջ: Այնտեղ էլ կա հասարակական մեծ ընդվզում: Այսինքն այս հարցը դարձավ առիթ եւ Պոլսի հայության դժգոհությունը կամաց-կամաց թակեց եկեղեցու դուռը: Աթեշյանը, փաստորեն, արդեն 8 տարի է ուղղակի ապօրինի պաշտոնավարում է Պոլսո պատրիարքարանի գահը՝ ելնելով այն փաստից, որ Պոլսո պատրիարք Մութաֆյանը գամված է անկողնուն: Այս ձգձգված պաշտոնավարման միակ հովանավորը թուրքական իշխանությունն է:
 
- Հիմա հնարավորություն կա՞ նրան կարգալույծ անելու եւ նոր ընտրություն նշանակելու:
 
- Կարծում եմ, որ Պոլսում հիմա այդ խնդիրն է դրված՝ կարգալույծ անել նրան: Բողոքի ալիքը այսքանով չի վերջանում: Հիմա բարով- խերով Հռոմի պապը կգա Հայաստան, արժանապատիվ ընդունել-ճանապարհելուց հետո կարծում եմ դեռ ալիքները կգնան մի քիչ հեռու:
 
- Ասում են՝ իրավական հնարավորություն չկա նրան կարգալույծ անելու: Դա կարող է անել միայն Պոլսո պատրիարքարանի խորհուրդը:
 
- Ես չեմ տիրապետում եկեղեցու ներսում գործող օրենքներին: Կեսն ասում են կա, կեսն ասում են՝ չկա: Բայց մի բան հստակ գիտեմ, որ եկեղեցին իր ամբողջ ստրուկտուրայով դա խիստ զինվորական կարգապահություն է, ավելի ուժեղ ու խիստ օրենքներով: Կարծում եմ այդ խիստ օրենքների առկայության պայմաններում հնարավորություններ կգտնվեն:
 
- Դուք ստորագրահավաք էիք նախաձեռնել, որով պատգամավորները պետք է միանային «Թույլ չենք տալու Աթեշյանի մուտքը Հայաստան» նախաձեռնությանը: Քանի՞ ստորագրություն հավաքվեց:
 
- Ընդամնենը կես ժամում 30 պատգամավոր ստորագրեց: Եթե չլիներ ԱԺ նիստերի ավարտը, այդ թիվը մի քանի անգամ կավելանար: Շատերը տեղյակ չէին, շատերին չհասցրինք առաջարկել: Կես ժամում է հավաքվել այդ 30 ստորագրությունը:
 
- Բոլոր խմբակցություններից կա՞ն ստորագրողներ:
 
- Այո, էստեղ քաղաքական դաշտը ոչ մի կապ չուներ: Հոգու արտահայտման ձեւ էր սա, խղճի արտահայտություն: Այդտեղ շատ քիչ անելիքներ ունեին կուսակցությունները եւ քաղաքականությունը:
 
- Ի՞նչ եք կարծում՝ Աթեշյանն ինչո՞ւ որոշեց չեղարկել Հայաստան այցը: Վախեցավ ընդվզումների՞ց, թե ՀՀ իշխանությունները չցանկացան, որ նա գա: Ձեր տեղեկություններով Մայր աթոռը, ՀՀ իշխանությունները որեւէ դեր ունեցե՞լ են այցի չեղարկման գործում:
 
- Մի քանի գործոն կա: Նախ ինքը ուղղակի կընկներ անելանելի վիճակի մեջ: Երկրորդ: Հարվածի տակ կդներ Հռոմի պապի այցի հետ կապված միջոցառումները: Երրորդ՝ ամբողջ եկեղեցուն եւ կաթողիկոսին կդներ անհարմար վիճակի մեջ: Եվ ամենաճիշտ լուծումը Հայաստան չգալն էր: Ընդամենը մեկ տարի առաջ սրբադասվեցին մեր 1.5 միլիոն նահատակները եւ այսօր այդ նույն սրբապիղծը, ով ժխտում էր դա (Հայոց ցեղասպանությունը-խմբ.)՝ գալիս կանգնում է մեր եկեղեցու կողքը, մեր հոգեւորականների կողքը: Դա անհամատեղելի է:
 
Հիշեցնենք, Պոլսո պատրիարքարանի հոգեւոր խորհուրդը արքեպիսկոպոս Արամ Աթեշյանին որպես Պոլսո պատրիարքական փոխանորդ ընտրել է 2010-ի հուլիսի 1-ին կայացած ընտրությունների արդյունքում: Պոլսո հայոց պատրիարքարանի կանոնադրությամբ պատրիարքն ընտրվում է ցմահ։ Արամ Աթեշյանը պատրիարք չէ, քանի որ նրանից առաջ պատրիարք եղած Մեսրոպ Մութաֆյանը կենդանի է, ուղղակի հիվանդության պատճառով չի իրականացնում պարտականությունները։ Նախորդ պատրիարքի կենդանության օրոք չեն կարող նոր պատրիարքի ընտրություններ տեղի ունենալ: «Ակոս» պարբերականի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանն էլ վերջերս մեզ հետ զրույցում պարզաբանել էր, որ թեեւ պատրիարքարանը գտնվում է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր իշխանության ներքո, սակայն պատրիարքին ընտրում է պատրիարքարանի խորհուրդը եւ նրան ուրիշ ոչ ոք չի կարող կարգալույծ անել:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play