Մեր բարձրաստիճան հոգեւորականներից շատերը երեւի խղճում են Հռոմի պապին՝ նրա միամիտ ժուժկալության համար


Մեր բարձրաստիճան հոգեւորականներից շատերը երեւի խղճում են Հռոմի պապին՝ նրա միամիտ ժուժկալության համար

  • 28-06-2016 17:44:28   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Լրագրի զրուցակիցն է մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը

 

Աղասի, ի՞նչ նշանակություն ունեցավ Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Առաջինի եռօրյա այցը Հայաստան։ Ինչ-որ բան փոխվե՞ց համընդհանուր ոգևորության մեջ, թե՞ երկու օրից ամեն ինչ կմոռացվի։

 

Իրականում ոչ մի բան էլ չի փոխվելու Հայաստանի ժողովրդի կյանքում։ Սա պաշտոնական այցելություն էր, և Պապը հիմնավորել էր, թե ինչի հետ է կապված իր այցը՝ եկել էր պետականորեն առաջինը քրիստոնեությունն ընդունած երկիր։ Եվ բնական էր նաև ժողովրդի արձագանքը։ Աշխարհում մեկ պապ կա. եթե մեկ թագավոր լիներ, կամ մեկ նախագահ և այցելեր Հայաստան, նման կերպ կարձագանքեին։ Այսինքն՝ նա արտասովոր մարդ է, և այդ արտասովոր մարդու այցելությանը արտասովոր արձագանք է ունեցել։ Դրա վրա ավելի է ազդում նաև կրոնական աշխարհում նրա հեղինակություն լինելու հանգամանքը, որովհետև հայերի ինքնության համար հավատքը չէի ասի, բայց քրիստոնեա լինելու գաղափարը կարևոր տեղ ունի։ Համենայն դեպս, Խորհրդային Միության տապալումից հետո, երբ նորից ինքնության վերաձևակերպման խնդիր առաջացավ, նորից շատերի հայացքն ուղղվեց դեպի անցյալ, և այդ անցյալում կարևորվեց առաջին քրիստոնյա ազգ լինելը։ Մեծ հաշվով, սա ոչ շարքային, սակայն ոչ շատ մեծ կարևորություն ունեցող մի այցելություն էր, որը շատ արագ մոռացվելու է։

 

Այս օրերին հանրությունը ականատես եղավ, թե ինչ մեքենայով է շրջում Հռոմի պապը։ Հանրությունը քննարկումներ և համեմատություններ է անցկացնում մեր  հոգևորականների կենցաղավարության հետ։ Մեր հոգևորականները դաս կքաղե՞ն այս քայլից։

 

Բնականաբար, մեր հոգևորականները որևէ դաս չեն քաղի։ Մեր հոգևորականները Խորհրդային Միության փլուզումից հետո շատ հանկարծակի ստացան իրենց իշխանությունը և շատ արագ հասկացան, որ իշխանությունը նաև փող է, և այդ իշխանության սանդղակում որքան բարձր դիրք ունենաս, այնքան ավելի մեծ հնարավորություն կլինի փող աշխատելու։ Եվ շատերը չեն կարողանում հրաժարվել այդ փողն աշխատելու գայթակղությունից, չնայած գայթակղությունը ըստ եկեղեցական բարոյական նորմերի մեղք է։ Ինչպես մեր քաղաքական վերնախավն է իշխանությունը նույնականացնում փողի հետ, այնպես էլ կղերական վերնախավում կան մարդիկ, որ նման մոտեցմամբ են առաջնորդվում։ Այնպես որ, միամիտ կլինի ենթադրել, թե նման մարդիկ սրանից որևէ դաս կքաղեն։ Ավելին, ես արդեն որոշ արձագանքներ լսել եմ հոգևոր այրերից։ Նրանք առանձնապես չեն էլ բարդույթավորված դրանից։ Ես լսեցի Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հետ այս հարցի հետ կապված հարցազրույցը, նա շատ անկաշկանդ վերաբերմունք էր արտահայտում, այսինքն՝ որևէ խղճի խայթ չի զգում և արտառոց չի համարում այն, որ մեր որոշ բարձրաստիճան հոգևորականներ նմանվում են մեր օլիգարխ իշխանավորներին։ Նման պարագայում չի կարելի նույնիսկ բացառել, որ որոշները երևի թե մտքում նույնիսկ խղճում են պապին, նրա միամիտ ժուժկալության համար։

 

Ինչ վերաբերում է Հռոմի պապի համեստ ապրելակերպին, ուզում եմ ասել, որ այդպես էլ պետք է լինեն հոգևորականները։ Բայց, հատկապես, հետսովետական աշխարհում մենք ուրիշ հոգևորականի կերպարի ենք երբեմն հանդիպում՝ հարստացած, նյութական ճոխությունների ու կարողությունների տիրապետող։ Այդպիսիք կարելի է տեսնել նաև Ռուսաստանում, ինչպես ասենք այդ պատրիարք Կիրիլն է, ում կարողությունների մասին լեգենդներ են պտտվում։ Մեզանում հանրության մեջ նման վարկ ունի Արարտյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը։ Այնպես որ, չեմ կարծում, որ Հռոմի պապի ժուժկալությունից որևէ մեկը իրեն անհարմար կզգա։

 

Կրոնական տարբերությունները սկսած 451 թվականի Քաղկեդոնի ժողովից, կարո՞ղ ենք ասել, որ վերանում են, համամարդկային խնդիրների շուրջ սկսում միավորվել, հաշտություն կա։

 

Ներկա առաջադեմ աշխարհը ավելի շատ ապրում է առաջընթացի գաղափարով։ Մասնավորապես, արևմտյան աշխարհում և արևմտյան աշխարհին սահմանակից հասարակություններում, որոնցից է նաև հայկական հասարակությունը, կրոնականությանն աստիճանաբար հասարակական կյանքում ավելի քիչ տեղ է տրվում։ Եվ եկեղեցիները՝ կաթոլիկ, ուղղափառ կամ բողոքական, պետք է փորձեն իրենց ուշադրության կենտրոնում պահելուն ուղղված քայլեր անել։ Նման իրավիճակում չեմ կարծում, որ կարող են լուրջ հարցադրումներ բարձրացվեն կապված քրիստոնեության այս կամ այն դրույթի մեկնաբանման փոքրիկ տարբերությունների վրա, որոնք շատ կարևորվել են ժամանակին և խորացվել։ Հիմա հենց եկեղեցականների համար էլ այս դրույթների մեկնաբանություններն այնքան էական չեն, և դրա համար այս տարբերությունների անտեսումը շատ ավելի հեշտացել է մարդկանց համար։ Եկեղեցին այլևս պետությունների կյանքում չի խաղում այնպիսի ծանրակշիռ քաղաքական դեր, ինչպես նախկինում և մեծ առումով տարանջատվել է քաղաքականությունից։ Այս պայմաններում ավելի հեշտացել է եկեղեցիների միջև համագործակցություն ձևավորելը։ Իրենք խնդիր ունեն համագործակցության և ավելի մեծ տարածքներում իրենց ցուցադրելու։ Դրա համար եկեղեցական տարբեր ուղղություններ  պետք է ժամանակի ընթացքում անընդհատ ցույց տան այդ համերաշխությունը մեկը մյուսին։ Այսօրվա քաղաքական հրամայականները դա են կարևորում։

 

Թեև մեր սահմանադրությամբ էլ եկեղեցին անջատ է պետությունից, բայց մենք տեսնում ենք եկեղեցու անմիջական դերակատարություն քաղաքականության, պետության կառավարման մեջ։ Ինչո՞վ է պայմանավորված եկեղեցի-պետություն սերտաճումը։

 

Պայմանավորված է մեր քաղաքական էլիտայի հետամնացությամբ և պետության ու հասարակության զարգացման խնդիրների հանդեպ պարտքի զգացումի բացակայությամբ։ Բնականաբար չունեն նաև իրենց իշխանությունը լեգիտիմացնելու այնպիսի հզոր միջոցներ, որոնք կապված են հասարակության առաջընթացի և զարգացման հետ։ Բնականաբար, օրեցօր խրվում է հետադիմության մեջ ու նաև հասարակությանը քաշում դեպի այդ հետադիմություն։ Նկատի ունեմ սոցիալական աղքատությունը, չքավորությունը, պատերազմի անընդհատ վտանգը և ռազմական, մասնավորապես բանակի տեխնիկական զինվածության թուլությունը թշնամու համեմատ, որում ակնհայտ է, որ մեր իշխանությունները թերացել են Ադրբեջանի համեմատ։

 

Այս ամենը ինչ-որ կերպ կոծկելու համար անհրաժեշտ են իռացիոնալ միջոցներ, որպեսզի կարողանան ինչ-որ ձև լեգիտիմացնեն մարդկանց աչքերում իրենց գոյությունը։ Եվ եկեղեցու ու հոգևոր արժեքների շահագործումը բնականաբար պետք է որ կարևոր դառնա իրենց համար։ Եվ այս առումով եկեղեցական վերնախավն էլ է օգտվում այդ առիթից։ Իրենց էլ է դա ձեռք տալիս, որովհետև սա իրենց համար էլ հնարավորություն է ինչ-որ ոլորտներում շահավետ գործունեություն ծավալելու։ Եվ այդպես մեկը մյուսի ձեռքը բռնած առաջ են գնում, բայց դրանում որևէ լավ բան չկա։

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play