ՀԱՖՆ-ի հիմնադրման 90-ամյակի հոբելյանական միջոցառումների շարքն ամփոփվեց բացառիկ գալա համերգով և պարգևատրումներով


ՀԱՖՆ-ի հիմնադրման 90-ամյակի հոբելյանական միջոցառումների շարքն ամփոփվեց բացառիկ գալա համերգով և պարգևատրումներով

  • 29-06-2016 20:02:50   | Հայաստան  |  Մշակույթ

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 90-ամյակի հոբելյանական միջոցառումների մեկնարկը տրվել է 2016 թվականի մարտի 4-ին և ամփոփվել՝ ս. թ. հունիսի 28-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կայացած գալա համերգով: 
 
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացված հոբելյանական ծրագրերի շրջանակում տեղի են ունեցել մի շարք միջոցառումներ և համերգներ. բացվել է «ՀԱՖՆ-ի երախտավորները» գրքերի ցուցահանդեսը, անցկացվել է գիտական կոնֆերանս, կազմակերպվել են այցելություններ ՀԱՖՆ-ի գլխավոր դիրիժորների շիրիմներին, բացվել է ՀԱՖՆ-ի առաջին գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Արշակ Ադամյանի հուշաքարը, կայացել է «Հոբելյանական նոտաներ» ֆիլմի պրեմիերան, տեղի է ունեցել 7 համերգ: Հոբելյանական միջոցառումների շարքը եզրափակվել է գալա համերգով:
Մարտի 4-ին կայացած համերգը նվիրված էր Ալեքսանդր Թամանյանի հիշատակին: Դիրիժորական վահանակի մոտ էր դիրիժոր Լիոր Շամբադալը, իսկ թավջութակահար Արթուր Հորնիգը և ջութակահար Տոմաշ Տոմաշևսկին հայ ունկնդրին ներկայացրեցին Բրամսի «Կրկնակի կոնցերտը»: Մարտի 11-ի համերգը նվիրված էր ՀԱՖՆ-ի գլխավոր գործընկերներին՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ին, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությանը, «Արարատ» կոնյակի գործարանին, որոնք երկար տարիներ մեծ նվիրվածությամբ կանգնած են նվագախմբի կողքին: Այդ երեկոյի ընթացքում՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ Սեն Սանսի դաշնամուրային թիվ 2 կոնցերտը կատարել է դաշնակահար Վալենտինա Բաբորը: Մարտի 12-ին, Ֆիլհարմոնիկի և Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի համատեղ նախաձեռնությամբ` «ՀԱՖՆ-ի երախտավորները» խորագրի ներքո բացվել է նվագախմբի հիմնադրումից ի վեր հրատարակված գրքերի ցուցահանդեսը, որի պատվավոր հյուրերն էին Ֆիլհարմոնիկի վետերանները: Նվագախմբի ակնառու դիրիժորների, մենակատարների, կոնցերտմայստերների, երևելի երաժիշտների, հիշարժան համերգների ու շրջագայությունների մասին շուրջ 40 կտոր գրքերի հավաքագրումն ու մեկտեղումն իրականացրել է երաժշտագետ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀԱՖՆ-ի երաժշտական խմբագիր Արմեն Բուդաղյանը: Կայացել է նաև երեք գրքի շնորհանդես. Գարրի Մայիլյան՝ «Ֆագոտը Հայաստանում», Քրիստափոր Զաքիյան՝ «Ժամանակի հեռապատկերում», Արմեն Բուդաղյան՝ «Զարեհ Սարգսյան»: Մարտի 15-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի է ունեցել «ՀԱՖՆ-ը և հայ երաժշտական մշակույթը» գիտական կոնֆերանսը՝ նվիրված ՀԱՖՆ-ի երախտավորներին: Ելույթներով հանդես են եկել ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի, Հայաստանի կոմպոզիտորների միության և Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ներկայացուցիչները: Նվագախմբի առաջին համերգի օրը` մարտի 20-ին կազմակերպվել է այցելություն ՀԱՖՆ-ի գլխավոր դիրիժորների շիրիմներին: Մարտի 29-ին և 31-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կայացել է Ջակոմո Պուչինիի «Բոհեմ» օպերայի համերգային թատերականացված կատարման պրեմիերան: Գլխավոր դերերում հանդես են եկել ճանաչված օպերային մեներգիչներ, ձայնակցել են «Հովեր» պետական կամերային և Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի երգչախմբերը: Ապրիլի 8-ին կայացել է Հայաստանի կոմպոզիտորների միության փառատոնային համերգը՝ նվիրված Ֆիլհարմոնիկ նվագախմբի 90-ամյակին. հնչել են բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ: Ապրիլի 9-ին Ֆիլհարմոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ կազմակերպվել էր «Զինվորիս հետ» խորագրով բացօթյա համերգ և դրամահավաք Կասկադ համալիրում՝ նվիրված Արցախին և նրա համար մարտնչած քաջարի մարտիկներին: Երեկոյի ընթացքում կատարվել են բացառապես հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ: Հավաքագրված ողջ գումարը հանձնվել է զոհված մարտիկների ընտանիքներին: 
Երկրի սահմաններին լարված իրավիճակի հետ կապված՝ հոբելյանական միջոցառումներն, անշուշտ, պետք է հետաձգվեին: 
Հունիսի 27-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում ներկայացվել է Ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրումից ի վեր գրեթե բոլոր հիշարժան համերգների ու իրադարձությունների, ակնառու հյուրերի ու դիրիժորների մասին «Հոբելյանական նոտաներ» ֆիլմի պրեմիերան: Վավերագրական ժանրի ֆիլմը պատրաստվել է Հանրային հեռուստաընկերության պատվերով և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Բեմադրող ռեժիսոր՝ Ավագ Ավագյան, սցենարի հեղինակ՝ Սոնա Ալեքսանյան, գլխավոր պրոդյուսեր՝ Կարեն Ղազարյան:
Նույն օրը, Մաշտոցի 43 հասցեում (Խամաճիկների թատրոնի հարևանությամբ) տեղի է ունեցել ՀԱՖՆ-ի առաջին գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Արշակ Ադամյանի հուշաքարի հանդիսավոր բացումը:
Հոբելյանական միջոցառումների շարքն ամփոփվել է հունիսի 28-ին, ժամը 20-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կայացած շքեղ գալա համերգով: Երկար սպասված համերգը դարձել է պատմական՝ շնորհիվ հայ երաժշտարվեստի այսօրվա մեծագույն անունների՝ Հասմիկ Պապյան /սոպրանո/, Սերգեյ Խաչատրյան /ջութակ/, Բարսեղ Թումանյան /բաս/, Ալեքսանդր Չաուշյան /թավջութակ/ և Վահագն Պապյան /դաշնամուր/: Կատարվել են հայ և համաշխարհային դասականների հայտնի ստեղծագործություններ: Երեկոյի տոնական տրամադրությունն ամբողջացել է ռեժիսոր Արամ Սուքիասյանի պատրաստած տեսաշարերով, որտեղ օգտագործվել են Ֆիլհարմոնիկի անցած 90 տարիների ֆոտոհուշեր և արխիվային տեսանյութեր:
Երեկոն իրենց ներկայությամբ պատվել են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Ներկա են եղել նաև բարձրաստիճան հյուրեր, օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, մշակույթի գործիչներ, մտավորականներ: 
Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն. ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀԱՖՆ-ի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով: Երաժշտարվեստում ունեցած նշանակալի ավանդի, ինչպես նաև Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 90-ամյակի կապակցությամբ նվագախմբի տուբահար Վաղարշակ Պեպանյանին և շեփորահար Շահեն Գևորգյանին շնորհվել է ՀՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչում: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 90-ամյակի առթիվ նվագախումբը պարգևատրվել է «Երևանի զինանշան» հուշամեդալով:  
Երաժշտարվեստի զարգացման և տարածման գործում ունեցած նշանակալի ավանդի համար, ինչպես նաև Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 90-ամյակի կապակցությամբ՝ ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով պարգևատրվել են նվագախմբի երաժիշտները: 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play