Արցախի տարածքներն Ադրբեջանին հանձնելու շուրջ ակտիվ առևտուր է վարվում Մոսկվայի ու Բաքվի միջև. Արման Մելիքյան


Արցախի տարածքներն Ադրբեջանին հանձնելու շուրջ ակտիվ առևտուր է վարվում Մոսկվայի ու Բաքվի միջև. Արման Մելիքյան

  • 05-07-2016 13:19:08   | Հայաստան  |  Հարցազրույցներ

ArmLur.am-ի զրուցակիցն է ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը:

– Պարո’ն Մելիքյան, հետեւել եք ՀԱՊԿ նիստին ՀՀ-ում, ինչ տեսակետ ունեք՞, ինչ նոր բան կար այդ աշխատանքային հանդիպման մեջ:

– Համենայնդեպս ես որևէ ուշագրավ հանգամանք կամ նորամուծություն չեմ նկատել: Այդ կազմակերպությունը քաղաքական առումով հատվածական է և գործում է երեք՝ ռուս-բելառուսական, ռուս-հայկական և ռուս-կենտրոնասիական ուղղությունների վրա, հիմնականում սպասարկելով հատկապես Ռուսաստանի ռազմաքաղաքական առաջնահերթությունները:  ՀԱՊԿ բոլոր մնացյալ անդամների համագործակցության կազմակերպման հանգույցը Ռուսաստանն է և նրանք առանց Մոսկվայի միջնորդության միմյանց հետ համատեղ գործելու որևէ շահ կամ ցանկություն առայժմ չունեն: Ռուսաստանին ՀԱՊԿ-ը անհրաժեշտ է, իսկ մեզ անհրաժեշտ է, որ հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցությունն ի վիճակի լինի ապահովելու մեր պաշտպանունակությունը և երկու հայկական պետությունների կենսունակությունը: Ապրիլյան ռազմագործողության արդյունքները ստիպում են կասկածի տակ դնել այդ պայմանների կատարումն ապահովելու ռուսական կողմի պատրաստակամությունը:

-Լավրով-Նալբանդյան հանդիպման մասին ժլատ տեղեկություններ են, Ձեր կարծիքով ի՞նչ է խոսվել, ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել:

– Լավրով-Նալբանդյան հանդիպումն, ըստ տարածված շատ սահմանափակ տեղեկատվության, նվիրված է եղել Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի և երկկողմ հարաբերությունների քննարկմանը: Թեև երկու երկրների արտգործնախարարների առանձնազրույցի կոնկրետ մանրամասների վերաբերյալ մամուլը համարյա որևէ կոնկրետ բան չի հաղորդում, այդուհանդերձ, կա մի կարևոր առանձնահատկություն, որը թույլ է տալիս հավանական համարել այն, որ այդ հանդիպումը ևս կոչված չի եղել Հայաստանի արմատական շահերի ոտնահարումը շահագրգիռ քննարկման առարկա դարձնել: Բանն այն է, որ սանկտ-պետերբուրգյան հանդիպումից հետո ադրբեջանական կողմն ամենաբարձր՝ նախագահ Ալիևի մակարդակով տեղեկատվական արտահոսք է իրականացրել, որի միջոցով պաշտոնական Բաքուն գաղտնազերծել է ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում կայացած եռակողմ գործարքի մանրամասները: Ըստ ադրբեջանական վարկածի` ԼՂՀ ներկայիս տարածքի 2/3-ը երկու փուլով պետք է հանձնվի Ադրբեջանին, իսկ Արցախը գուցե կստանա մի ինչ-որ կարգավիճակ, բայց ոչ անկախություն: Ոչ պաշտոնական Մոսկվան, ոչ էլ երևանա-ստեփանակերտյան իշխող դասն այդ առիթով հոդաբաշխ բացատրություններով կամ հերքումներով հանդես չեկավ, իսկ ՌԴ ԱԳՆ մամլո խոսնակն էլ հորդորեց բոլորին այս անդրկուլիսային գործընթացի վերաբերյալ պահպանել լռություն: Քանի որ Լավրով-Նալբանդյան հանդիպման վերաբերյալ հաղորդագրությունը ակնարկ անգամ չի պարունակում առ այն, որ ՀՀ արտգործնախարարը բացատրություն է պահանջել Լավրովից Ալիևի բարձրաձայնած ծրագրերի վերաբերյալ, ապա կարելի է եզրակացնել, որ պաշտոնական» և միակ բանը, որ անհանգստացրել է՝ գործարքի մանրամասների ժամանակավրեպ գաղտնազերծումն է եղել:

-ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի և ՀՀ ԱԳՆ ղեկավարի հայտարարության մեջ ի՞նչ նոր շեշտադրումներ կառանձնացնեիք:

– Տպավորված չեմ՝ աշխարհում տեղի ունեցող արմատական աշխարհաքաղաքական փոփոխություններն այնտեղ, կարծես, իրենց արտացոլումը չեն ստացել:

-Արցախյան հիմնահարցի շուրջ ինտենսիվ հանդիպումներն ու շփումները ինչ իրական նպատակ են հետապնդու՞մ:

– Կարծում եմ, որ Արցախի տարածքներն Ադրբեջանին հանձնելու շուրջ ակտիվ առևտուր է վարվում այժմ պաշտոնական Մոսկվայի ու Բաքվի միջև, իսկ երևանյան իշխանություններն այս պահին պարզապես խաղից դուրս վիճակում են հայտնվել:

– Արցախի վերադարձը բանակցային սեղանին որքանո՞վ է հնարավոր ու ինչո՞ւ չի արվում:

-Տարիների ընթացքում հայկական կողմերի թույլ տված սխալների արդյունքն է Արցախի կատարյալ դուրսմղումը բանակցային գործընթացից, ինչը բխում էր Ադրբեջանի և ոչ միայն Ադրբեջանի շահերից: Ես գտնում եմ, որ պաշտոնական Ստեփանակերտը պետք է վերադառնա բանակցային սեղանին, սակայն այդ վերադարձն իմաստ կունենա միայն այն դեպքում, եթե հայկական կողմերը կվերանայեն իրենց բանակցային մոտեցումները և հանդես կգան նոր՝ հիմնավորված ու ծանրակշիռ առաջարկներով ու պահանջներով: Ասել է, թե՝ նոր բանակցային օրակարգ ձևավորելու հստակ ծրագրով: Եթե այդպիսի ծրագիր գործի չդրվի, ապա պաշտոնական Ստեփանակերտը լավագույն դեպքում բանկցությունների վերջնափուլում կհրավիրվի ընդամենը սեփական կապիտուլյացիան ստորագրությամբ հաստատելու համար: 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play