Սահմանադրությունը անպետք թուղթ է. Երգահան


Սահմանադրությունը անպետք թուղթ է. Երգահան

  • 06-07-2016 17:32:21   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Lragir.am-ի զրուցակիցն է երգիչ, երգահան Էդուարդ Զորիկյանը

 

Պարոն Զորիկյան, Հայաստանում նշվում է Սահմանադրության օրը, որքանո՞վ է Սահմանադրությունը գործում Հայաստանի քաղաքացիների համար:

 

Չի գործում, որովհետև Սահմանադրությունն այն փաստաթուղթն է, որի հիման վրա հետագայում գրվում են օրենքները: Օրենքները պետք է ապահովեն մեր քաղաքացիների պաշտպանությունը, բայց մենք փաստացի տեսնում ենք, որ մեր քաղաքացիները պաշտպանված չեն: Դա չկա, որովհետև չունենք անկախ դատարան, չունենք այլ բաներ, այսինքն՝ շարունակվում է Խորհրդային միության գիծը: Այն ժամանակ ասում էին՝ աշխարհում ամենաարդար, ամենաճշմարիտ, ամենա-ամենա Սահմանադրությունն ունենք, բայց իրականում թղթի կտոր էր, որը չէր էլ գործում: Ես չեմ ճանաչում մարդկանց, ովքեր տանը պատին շրջանակի մեջ կախել են Սահմանադրության թեկուզ առաջին մի քանի կետերը, որոնք շատ կարևոր են: Սա ապացուցում է, որ մեր քաղաքացիների համար Սահմանադրությունը սովորական մի թուղթ է, անպետք թուղթ, որովհետև երբ կյանքում դա չի գործում, դառնում է անպետք: Դա նրա նման է, որ դուք մեկ ճամպրուկ ոչ իրական դոլար ունենաք: Տեսքից դոլար է, բայց դա իմ խնդիրը չի լուծում, որովհետև երբ փորձում ես ինչ-որ բան ձեռք բերել, միանգամից պարզվում է, որ դա ոչ թե թղթադրամ է, այլ թուղթ է, ներկած թուղթ: Այ, երբ Սահմանադրությունը չի գործում, այն դառնում է այդպիսի կեղծ թուղթ:

 

Իսկ ինչո՞ւ չի գործում:

 

Որովհետև չկա փաստացի անկախացում, չունենք փաստացի ինքնիշխանություն, չկա պետություն փաստացի, որը պետք է պաշտպանի իր քաղաքացիների շահերը: Ռուսաստանն ինչ անում է, Հայաստանի վերնախավը Ռուսաստանից ավելի բարձր է գոռում, որ՝ Ռուսաստանն իր շահերն է պաշտպանում, նույնիսկ եթե այդ շահերը մեր երիտասարդների կյանքի գնով են պաշտպանվում: Բայց մեր վերնախավից ոչ ոք չի խոսում մեր քաղաքացիների պաշտպանվածության մասին: Այդ դեպքում պետությունը դառնում է մի տարածք, որտեղ ով հնարավորություն է ունենում՝ քարվան է կտրում: Քարվան կտրել են բոլորը, բացարձակ բոլորը: Այն, ինչ ժամանակին արեցին ԽՍՀՄ տարիներին, նույնը հիմա են անում: Էլ ի՞նչ անկախության մասին է խոսքը: Անկախ է այն պետությունը, որը պաշտպանում է իր քաղաքացուն, պաշտպանում է արտաքին վտանգներից, նաև ներքին տարբեր վտանգներից, այսինքն՝ անօրինությունից: Իսկ մեր քաղաքացին այս առումով խոցված է՝ և արտաքին վտանգների առումով, և ներքին կյանքում, երբ քո հանդեպ ապօրինի գործողություններ են անում:

 

Իսկ կա՞ն քայլեր, որով մարդիկ կարող են փոխել այս վիճակը:

 

Շատերն են ասում, որ պայքարել է պետք: Հա, իրականում պետք է քո իրավունքների համար պայքարես, բայց դու չես կարող քո իրավունքների համար պայքարես, երբ քո գազի հաշվիչը այն լաբորատորիայում, որը պիտի պաշտպանի քո իրավունքը, այնպիսի գործողության է ենթարկվում, որ ավելի արագ է պտտվում: Եվ ուրիշ լաբորատորիա չկա, որ դու դիմես: Երբ փողոցում բանկոմատը քեզ խաբում է, դու բացարձակ ոչինչ չես կարող անել: Երբ այն կազմակերպությունը, որը պետք է զբաղվի քո շենքի պաշտպանության խնդրով, ում դու ամեն ամիս վճարումներ ես անում, բայց չի անում, և դու իրավունք չունես հրաժարվել նրա ծառայությունից, սա նալոգ վճարել է համարվում: Ինչի՞ պիտի վճարես, ո՞ւմ վճարես: Եվ սա ամեն քայլափոխի է: Դարձել եք մուրացկաննե՞ր, հերիք է ամեն քայլափոխի ձեռքներդ պարզեք ու փող մուրաք: Պիտի աշխատեք, և սա ուղղված է բոլորին՝ թե մանր, թե խոշոր չինովնիկին: Երբ ամեն տեղ է նման բան կատարվում, ինչի՞ դեմ պայքարես: Փողոցները չեն մաքրում, աղբարկղերը լիքն են, պետք է դու դրա դեմ պայքարե՞ս: Սովետական ապուշություններով են լցնում մեր գլուխը՝ շաբաթօրյակ արեք: Եթե ես շաբաթօրյակ անեմ, մաքրեմ փողոցը, բա քեզ ինչի՞ համար եմ փող տալիս: Հիմա ինչի՞ դեմ մեր քաղաքացիները պայքարեն: Ի՞նչ անի, լավ, հրացանը վերցնի ու դուս գա փողոց՝ էս մի չինովնիկի, էն մի սրիկայի հարցը լուծի՞: Ո՞ր մեկի դեմ պայքարի: Կարծում եմ՝ վերևից պետք է ինչ-որ բան արվի, ի վերջո հայտարարել ենք, որ պետություն ենք, չէ՞: Հռչակագիր ունենք, անկախացել ենք, ուրեմն վերևից պետք է մինիմալ ինչ-որ բաներ ապահովենք, որ տարեկան մեկ մեծ խնդիր երբ ծագի, գոնե քաղաքացին դրա դեմ պայքարի: Հակառակ դեպքում ոչ ժամանակդ, ոչ էլ առողջությունդ չի հերիքի այդ պայքարի համար:

 

 

Ասում եք՝ վերևից պետք է փոփոխություն արվի: Կառավարությունը պայքար է հայտարարել կոռուպցիայի ու մենաշնորհների դեմ, մարդիկ չեն տեսնում արդյունքը: Ի՞նչ սպասել այս գործընթացից:

 

Ոչինչ, բացարձակ ոչ մի բան: Մենք վաղուց գիտենք, որ նրանք ստախոս են, թալանչի են, իրենց խնդիրը չեն կատարում, որ նրանք այն մարդիկ չեն, ովքեր պետք է հայ ժողովրդի ճակատագիրը տնօրինեն, այսօր ծագած ու ապագայում ծագող խնդիրները լուծեն: Եթե մենք գիտենք, որ նրանք այդ մարդիկ չեն, ի՞նչ կարող ենք ակնակալել: Իսկ խոսք տալ, որ՝ ինչ-որ բան կանենք կամ մենք սկսել ենք պայքար… Վաղուց ժողովուրդը նայում ու ծիծաղում է: Սկզբում նայում ու թքում էին երեսներին, հետո նայում ու մանրադրամ էին նետում նախարարությունների մուտքերին: Տարբեր քայլեր արել է մեր ժողովուրդը, այնպես չէ, որ չի պայքարել, այսօր ուղղակի նայում ում ծիծաղում է, ասում է՝ այ խղճուկներ, տունտունի՞կ եք խաղում: Մենք էլ գիտենք՝ ով եք, դուք էլ գիտեք, ձեր երեխաներն էլ գիտեն, ձեր ծնողներն էլ ձեր ծնված օրվանից գիտեին՝ դուք ով եք: Էս ի՞նչ խաղեր են: Միշտ ասում էինք՝ խելքներդ գլուխներդ հավաքեք, բայց պետք է էդ խելքը լինի, որ հավաքեն: Իրենց թվում է, որ եթե մտնեն իրենց ավտոմեքենան ու մուգ ապակիները բարձրացնեն կամ մտնեն իրենց կաբինետ, ոչ ոք չի տեսնի, թե ինչպես գրպանեցին բյուջեի փողերը, ինչ փաստաթղթեր են պատրաստվում ստորագրել վաղը:

 

Էդ հայտարարությունները նորություն չեն, կոռուպցիայի դեմ արդեն ինչքան ժամանակ է, պետք է պայքարեն: Աբսուրդ չէ՞, երբ ուրիշ պետությունների պաշտոնյաները գալիս, ժամերով նստում ու մեր պետության պաշտոնյաներին բացատրում են, որ չի կարելի բյուջեն գրպանել, որովհետև էդ բյուջեն մեր ժողովուրդն է վճարել, դու պետք է այդ բյուջեն ծախսես քո ժողովրդի վրա: Դա աբսուրդ չէ՞, մենակ մենք չենք ծիծաղում մեր իշխանության վրա, ամբողջ աշխարհն է ծիծաղում:

 

Ցանկացած խնդիր կարող է ունենալ լուծում, երբ որ լուծումը գտնվում է, խնդիրը դադարում է խնդիր լինելուց: Բայց այսօր այն, ինչի մասին խոսում ենք, դրանք ուղղակի խնդիրներ չեն, մեծ պրոբլեմներ են: Եվ վաղը-մյուս օրը մեզ սպասվում են մեծ կոլապսներ: Այն, ինչ եղավ քառօրյա պատերազմի օրերին պաշտպանության ոլորտում, նմանատիպ կոլապսներ լինելու են բանկային ոլորտում, տնտեսությունում, մարդկային հարաբերություններում: Ի վերջո, այդ հեղափոխական վիճակը երբ ստեղծվում է, երբ մեկը վերցնում է քարը ու տալիս մյուսի գլուխը ջարդում է, այդ չլուծված խնդիրների հետևանքն է, որոնք վաղուց դարձել են պրոբլեմ: Մենք համբերատար ժողովուրդ ենք, բայց ինչքա՞ն, ես ու դու էլի կհամբերենք, բայց իմ հարևան Պողոսը չի համբերում, որովհետև ավելի վատ վիճակում է, երեխան բոբիկ է:

 

Սահմանադրության օրվա առթիվ այսօր ինչ-որ միջոցառումներ են կազմակերպելու, 150 մետրանոց եռագույն դրոշ են պտտեցնելու փողոցներով, բայց ո՞ւմ են խաբում: Այդ եռագույնը բռնած՝ գնացեք ու տեսեք, թե օրական քանի ընտանիք է Հայաստանը լքում: Չեն գալիս ձեր եռագույնը բռնում ու քայլում, թողնում են էդ դրոշը, ասում են՝ տարեք, ձեր առանձնատների բակերում էդ պառադները արեք, մեծ տներ ու բակեր ունեք: Իսկ ժողովուրդը լքում է երկիրը:

 

 

 

 

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play