«Նոր Զովք»-ը խանութի սպասարկման տոպրակները վճարովի է դարձնում. 1 տոպրակը 20 դրամ


«Նոր Զովք»-ը խանութի սպասարկման տոպրակները վճարովի է դարձնում. 1 տոպրակը 20 դրամ

  • 12-07-2016 15:28:17   | Հայաստան  |  Կազմակերպություններ

armtimes.com. «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցը խանութի սպասարկման պոլիէթիլենային տոպրակները դարձնում է վճարովի. հուլիսի 20-ից 1 տոպրակը կարժենա 20 դրամ: Այսպիսի բովանդակությամբ գրություններ են հայտնվել խանութների դռներին:
 
Համացանցում թեման բուռն քննարկման առարկա է դարձել. ոմանք սա համարում են գումար աշխատելու նոր միջոց, ոմանք էլ՝ բնապահպանական հաղթանակ:
 
«Զովքը ցելոֆանները վճարովի ա դարձնում։ Շատ թույն ա։ Քանի օրենքով չեն արգելել ցելոֆանի կիրառումը, ոնց որ Ֆրանսիայում ա, մենակ սենց ա կարելի էս չարիքի դեմ պայքարել։ Թե չէ տպավորություն ա, որ Հայաստանում բնիկ ժողովուրդը ցելոֆանի տոպրակներն են, մենք եկվոր ենք»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
 
«Ուրախանալու փոխարեն մի վայրկյան մտածեք, որ եթե այդպիսի բան լինի, դա ընդամենը ժողովրդից լրացուցիչ փող կլպելու համար կլինի, այլ ոչ թե բնության մասին մտածելու, իսկ ինչի՞ մեջ եք ապրանքը տեղափոխելու՝ թղթե կուլոկների՞ ինչպես սովետի ժամանակ էր: Գնում եք շաքարավազ առնում, վաճառողը 3 ժամ կշռում ու լցնում իր ձեռքով սարքած կուլոկի մեջ. իհարկե ոչ: Թուղթը այսօր շատ թանկ հաճույք է... Ուղակի կգնեք ինչպես միշտ ցոլոֆանե տոպրակի մեջ լցրած ապրանքը ու ավել կվճարեք "N" գումար, ամեն ինչ կմնա նույնը, այդ բոլոր ուրախացողները եւ ուուուուուխ ասողները կամ սովետում չեն ապրել կամ մոռացել են աղբամաններից եկող գարշահոտությունը, որովհետև տոպրակ չկար.... պետք է մտածել աղբը ինչ որ ձև վերամշակելու, այլ ոչ տոպրակները ժողովրդի վրա վաճառելու մասին»,- գրել է ֆեյսբուքի մեկ այլ օգտատեր:
 
«Նոր Զովքի» քայլը բնապահպանական ակցիա՞ է, թե՞ ցելոֆանի բիզնես. հարցի պատասխանը փորձեցինք ճշտել սուպերմարկետի ղեկավարությունից: Օպերատորը մեզ պատասխանեց, որ պետք սեփականատիրոջ հետ խոսի, ինչը հիմա հնարավոր չէ, քանի որ սեփականատիրոջ հետ կապվելը դժվար է: Արշակունյաց պողոտայում գտնվող խանութի մենեջերը եւս տեղյակ չէր, թե ինչու են տոպրակները դառնում վճարովի.
 
«Ես տեղյակ չեմ եւ չեմ կարող պարզաբանել: Ինձ ասել են, ես կպցրել եմ, չգիտեմ ինչու է դա արվում: Ինչի միայն «Նոր Զովքո՞ւմ է դա: Միայն «Զովքը» հո գիժ չի, որ տոպրակը վճարովի սարքի ու առեւտուր չանի»,- ասաց մենեջերը՝ հավելելով, որ իր իմանալով մյուս խանութները եւս վճարովի են դարձնելու տոպրակները:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play