Տեղի է ունեցել ՀՀ գյուղատնտեսության նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը


Տեղի է ունեցել ՀՀ գյուղատնտեսության նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

  • 14-07-2016 17:50:24   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ գյուղատնտեսության նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը, որին ներկա էին խորհրդին անդամակցող ոլորտի թվով 19 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
 
Բացելով նիստը՝ նախարար Կարապետյանը, մինչ հիմնական օրակարգային հարցերին անցնելը,  հանդես է եկել ողջույնի խոսքով, որում մասնավորապես շնորհակալություն է հայտնել ներկաներին՝ խորհրդում ընդգրկվելու հայտեր ներկայացնելու համար՝ ընդգծելով  քաղաքացիական հասարակության ներգրավվածության կարևորությունը պետական կառավարման համակարգի աշխատանքներում:
 
«Գյուղատնտեսությունը մեր երկրի տնտեսության կառուցվածքում ծանրակշիռ ներդրում ունի, և ես լիահույս եմ, որ այս նորաստեղծ խորհուրդը, որում ընդգրված են  ոլորտում մեծ հեղինակություն և փորձ ունեցող կազմակերպություններ, ակտիվ գործունեություն կծավալի և առանցքային դերակատարում կունենա նախարարության կողմից ոլորտում տարվող քաղաքականության առավել արդյունավետ իրականացման գործում՝ յուրահատուկ երկխոսության հարթակ դառնալով հանրության և նախարարության միջև», - նշել է Սերգո Կարապետյանը:
 
Այնուհետև խորհուրդն անցել է օրակարգային հարցերի քննարկմանը:
 
ՀՀ ԳՆ աշխատակազմի գյուղատնտեսական ծրագրերի վարչության պետ Հրաչյա Ծպնեցյանը հանդես է եկել զեկուցմամբ «ՀՀ գյուղատնտեսության ոլորտի վերջին տարիների միտումները և գյուղատնտեսության զարգացման ռազմավարության հիմնական դրույթները» հարցի շուրջ: Անդրադառնալով վերջին 5 տարիների ընթացքում կատարված աշխատանքներին՝ Հրաչյա Ծպնեցյանը նշել է, որ այս ընթացքում  գյուղատնտեսությունում էական դրական տեղաշարժեր են արձանագրվել,  2011-2015 թթ. ոլորտը ձևավորվել է երկրի ՀՆԱ-ի 18.6%-ը, իսկ ագրովերամշակող ոլորտի հետ միասին` գրեթե 25.0%-ը: 2015 թվա­կանին գյուղատնտեսության համախառն արտա­դրանքի արժեքը կազ­մել է 1002.2 մլրդ դրամ, որը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը 11.7%-ով: 2012, 2013 և 2014 թթ. գյուղատնտեսության ոլորտում տնտեսական աճը կազմել էր համա­պատաս­խանաբար` 9.5, 7.1 և 7.2%: Գյուղատնտեսության տնտեսական աճի հետ մեկտեղ կարևորագույն ձեռքբերում­ներից է ոլորտի հիմնական ռեսուրսի` գյուղատնտեսական հողերի օգտագործման մակար­դակի բարձրացումը:
 
        Ընդհանուր առմամբ, հանրապետությունում գյուղատնտեսական մշակա­բույսերի ցան­քա­­տարածությունները 2010-2015 թվականների ընթացքում ավելացել են 68.2 հազ. հեկտարով, միայն 2015 թվականին` 19.0 հազ. հեկտարով և կազմել են 351.8 հազ. հեկտար: Վարելահողերի նպատակային օգ­տա­գործման մակարդակը 2015 թվականին կազմել է 78.8%, 2014 թվականի 74.4%-ի և 2010 թվականի 63.2%-ի դիմաց: Զեկուցողը մանրամասնորեն ներկայացրել է հաշվետու ժամանակահատվածում բուսաբուծության և անասնաբուծության ճյուղերում արձանագրված զարգացման միտումները, ներկայացրել պետական աջակցության ծրագրերի արդյունքային ցուցանիշները:
 
    Այնուհետև ներկաների ուշադրությանն են ներկայացվել  ՀՀ գյուղատնտեսության 2016-2025 թթ. կայուն զարգացման ռազմավարության նախագծի հիմնադրույթները:
 
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ագրարային ոլորտում տնտեսավարման արդյունավետ ձևերի, մասնավորապես կոոպերացիայի զարգացմանն ու գյուղացիական տնտեսությունների խոշորացման խթանմանը, պարենային ապահովության (անվտանգության) մակարդակի բարձրացմանն ու հիմնական պարենային մթերքների ինքնաբավության նվազագույն մակարդակի ապահովմանը: Բացի այդ, կարևորվել են նաև գյուղատնտեսությունում տնտեսավարողներին հասցեական աջակցության (սուբսիդավորման) մեխանիզմների կատարելագործման, սննդամթերքի անվտանգության միջազգայնորեն ընդունված չափանիշների ներդրման, հողային ռեսուրսների նպատակային օգտագործման մակարդակի և արդյունավետության բարձրացման, գյուղատնտեսական հումքի վերամշակման ոլորտի զարգացման ու այլ խնդիրներ:
 
Զեկուցումից հետո խորհրդի անդամները բարձրացրել են մի շարք հարցեր կլիմայի գլոբալ փոփոխությունների, ջրօգտագործման, գինեգործության, խաղողագործության,  սպանդանոցների գործունեության, գյուղատնտեսության ապահովագրության և այլ հարցերի վերաբերյալ:
 
Ամփոփելով նիստը՝ նախարար Կարապետյանը կոչ է արել խորհրդի անդամներին մշտական կապ պահպանել նախարարության հետ և առաջարկություններ ներկայացնել իրենց հետաքրքրող հարցերի շուրջ՝ պատրաստակամություն հայտնելով բաց և թափանցիկ քննարկել բոլոր բարձրացված խնդիրները և համատեղ լուծումներ գտնել:
 
    
 
 
 
 
 
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
 
և հասարակայնության հետ կապերի բաժին
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play