Եթե լինի տարաձայնություն ՀՀ և ԼՂ իշխանությունների միջև, մեր փրկության սկիզբը կլինի.Վահան Բադասյան


Եթե լինի տարաձայնություն ՀՀ և ԼՂ իշխանությունների միջև, մեր փրկության սկիզբը կլինի.Վահան Բադասյան

  • 14-07-2016 18:33:47   | Արցախ (ԼՂՀ)  |  Հարցազրույցներ

Լրագրի  զրուցակիցն է Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը

 

Պարոն Բադասյան, մամուլը գրում է, որ ԼՂՀ հարցով բանակցությունների սեղանին դրված է շատ կոնկրետ փաստաթուղթ: Հայաստանի լռությունը, ըստ մամուլի, պայմանավորված է ԼՂՀ քաղաքական իշխանության հետ ունեցած տարաձայնություններով։ Հնարավո՞ր եք համարում տարածքների թեման ջրբաժան հանդիսանա Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև։

 

Իսկապես չեմ տիրապետում, թե ինչ փաստաթուղթ է դրված սեղանին, բայց կարելի է ենթադրել՝ ելնելով Լավրովի Բաքու այցից, խնդրի քննարկումից, արտահայտած մտքերից, թե ինչպես են արձագանքում դրան մյուս երկրները, ինչ են խոսում Հայաստանի իշխանությունները, ինչ են խոսում Հայաստանի իշխանությունների լեզվով փոքր իշխանիկները՝ Հանրապետական  կուսակցության խոսնակները, և որ ամենավտանգավորն է, սոցհարցում ով է կազմակերպում Արցախում հանրության շրջանում և ինչ ակնկալիքով։ Հարցմանը մասնակցում են նրանք, ովքեր իրենց արտահայտած տեսակետով չեն կարող իշխանություններին հակառակ կարծիք արտահայտել։ Այս ամենը հակաժողովրդավարական, հակահայկական, հակաարցախյան տրամադրություններ են, և սրանից այն կողմ Հայաստանի իշխանությունները ոչինչ չեն տեսնում։ Ուզում եմ նշել, որ այսպիսի իրավիճակ մեկ անգամ եղել է՝ 1991 թվականին՝ Արցախի կոմունիստական իշխանությունը կարծում էր, թե միակ ճանապարհը Բաքու գնալը և Այազ Մութալիբովի հետ լեզու գտնելն է, և գնացին։ Իհարկե, դրանից հետո շարժման ակտիվիստները գնդակահարեցին մեկ հոգու, մյուսները հետ կանգնեցին դավաճանական ճանապարհից։ Նրանք գտնում էին, որ Հայաստանի փրկության ելքը դա է։ Իմիջիայլոց, Մխիթար Սպարապետի մեջ ամենաուժեղ հայրենասեր Տեր Ավետիսը ազգի միակ փրկությունը տեսավ Հալիձորի դարպասների բացման միջոցով, որ դարպասը բացի թշնամին մտնի։ Այսօր մեր իշխանություններին չեմ կարող դավաճան անվանել, բայց նրանց արարքը դրան է հանգեցնում, քանի որ ազգի փրկության միակ ճանապարհը տեսնում են Արցախի, Զանգեզուրի, Վայոց Ձորի, Արարատյան դաշտի մի մասը հանձնելով, բայց ես կոնկրետ տեսնում եմ այս հարցի փրկության ձևը, և ժողովուրդը նույնպես տեսնում է։

 

Եվ ո՞րն է  այդ տարբերակը։

 

Մենք չպետք է գնանք այն սցենարով, թե ով ինչ է ուզում իշխանություններից և սեղանին ինչ է դրված։ Իհարկե, որքան շուտ շպրտվի սեղանից այդ փաստաթուղթը, այնքան լավ։ Այդ տեսանկյունից, եթե հրաշք կատարվի, և լինի տարաձայնություն ՀՀ և ԼՂ իշխանությունների միջև, մեր փրկության սկիզբը կլինի։

 

Քաղաքական շրջանակներում շրջանառվող լուրերի համաձայն՝ ՀՀԿ գործադիր մարմնի վերջին նիստում՝ Վարշավա մեկնելուց առաջ, Սերժ Սարգսյանն իր կուսակիցներին ասել է, թե  ինքն ընտրության առաջ է կանգնած՝ կամ պետք է համաձայնի հողերը հանձնել Ադրբեջանին, կամ հրաժարվի, որի դեպքում արդեն պատերազմն անխուսափելի է: Եթե հողերը հանձնելու թեման կյանքի կոչվի, իշխանությունը արդյոք հրաժարականի առաջ չի կանգնի՞։

 

Իշխանությունները կարծում են, որ այդպես է փրկության հարցը, բայց իրականում մենք տարածքները զիջելով իրոք կընկնենք պատերազմի մեջ, և շատ խայտառակ վիճակ կստեղծվի մեզ համար, իսկ տարածքների չհանձնումը և անզիջում քաղաքականությունը կբերի խաղաղության հաստատման։ Սա բացարձակ ճշմարտություն է, ժողովուրդը ունի պատմություն, ժողովուրդը նաև փորձ ունի։ Եվ մեր ժողովրդի, և աշխարհի ժողովուրդների պատմությունը և փորձը ցույց են տալիս, որ նման պայմաններում պարտվողական գիծ տանելը հանգեցնում է պատերազմի, որովհետև դու ինչքան ես զիջելու՝ հինգ շրջա՞ն, իսկ ինքը հինգ շրջանով համաձայնվո՞ւմ է։ Ոչ, ինքը ասում է ամբողջ Ղարաբաղն եմ ուզում, բայց ամբողջ Ղարաբաղը ուզում է՝ պատրաստ սպանելու արցախցիներին, ահա այս վիճակում է ուզում, և այս վիճակո՞ւմ մենք պետք է համաձայնություն տանք, որտե՞ղ է փոխվստահությունը։ Տեսեք՝ Հայաստանի իշխանությունները նույնիսկ կոխկռտում են Մինսկի խմբի համանախագահների որոշումները մեր վերաբերյալ. դա ի սկզբանե 94-ի հրադադարի պահպանում է, և հրադադարի ժամանակահատվածում կողմերի փոխվստահությունը։ Ինչ է նշանակում փոխվստահություն, ես չէ, որ պետք է բացատրեմ Հայաստանի իշխանություններին։ Փոխվստահությունն այն չէ, որ Պուտինն ասի՝ վստահ եղեք, Ադրբեջանը չի կրակի ձեզ վրա, փոխվստահությունն այն է, որ այսօրվա պայմաններում մեր քաղաքացիները կարողանան Ադրբեջան գնալ, բիզնես ծավալել, հանգիստ կազմակերպել, այցելություններ կատարեն, իրենց քաղաքացիներն էլ մեր կողմը գան, փոխադարձ այցելություններ, առևտրային հարաբերություններ, ճանապարհների բացում, տնտեսական փոխհամագործակցություն և այլն։ Մինսկի խմբի համանախագահների փոխվստահությունը սա է նշանակում, բայց սա գոյություն չունի, փոխարենը գոյություն ունի նրանց կողմից խաղաղ բնակիչների սպանություն, դիակների խոշտանգում։

 

Միայն մեկ բան է փոխվել, նորից լավ հնարավորություն է ստեղծվել հայկական կողմի համար ապացուցելու աշխարհին, որ տարածքային ամբողջականության սկզբունքը չի գործում, այսպիսի պայմանների համար գոյություն ունի ազգերի ինքնորոշման իրավունք։ Սա պետք է պնդվի և ասվի, որ չեն լինելու զիջումներ՝ մինչև փոխվստահության հաստատումը։

 

Հանրությունը զգայուն է հողերը հանձնելու հետ կապված։ Կարծում եք՝ իշխանությանը կհաջողի՞ կյանքի կոչել այն։

 

Հանրությունը այսօր շատ սկզբունքային է, և պետք է ասեմ, որ ապրիլյան օրերը մեր  ժողովրդին տվեցին զգոնություն, և եթե մինչև հիմա մեր ժողովուրդը այս ռուսակայսերապաշտությամբ լցված էր կուրորեն, այսօր մեր ժողովուրդը ռեալ դատում է, որ Ռուսաստանը այս տարածաշրջանում միայն իր շահերից ելնելով է քաղաքականություն իրականացնում՝ մեր ժողովրդի, մեր զավակների արյան հաշվին: Մեր ժողովուրդը դրանում արդեն համոզված է, մեր ժողովուրդն, առավել քան իշխանությունները, համոզված է, որ տարածքները զիջելով միայն ու միայն վտանգվածություն ենք ձեռք բերում: Մեր ժողովուրդը տեսել է, որ եթե ՀՀ իշխանությունները, ՀՀԿ-ն և ԱԺ մյուս դավաճան կուսակցությունները՝ հատկապես նրանք են դավաճանական, որոնք սնում են Հանրապետականի նկրտումները, - ԵՏՄ մտան՝ իբր հանուն անվտանգության, խաղաղության, բայց տեսան, որ ԵՏՄ-ն միայն ու միայն պատերազմ բերեց՝ բացի թալանից, տնտեսական անկումից։

 

Ժողովուրդը միանշանակ պատրաստ է իր ազատությունը և անկախությունը պաշտպանելու և պահպանելու։ Թող ոչ ոք չանհանգստանա, մենք ունենք բոլոր ռեսուրսները ճշմարիտ քաղաքականություն վարելու։ Իմ ասածը ռոմանտիկ բառեր չեն, մենք այսօր բոլոր նախադրյալները, բոլոր հնարավորություններն ունենք արժանապատվությամբ պահպանել մեր դիրքերը։ Եվ համոզված եմ, մեզ հետ այսպիսի պայմաններում հաշվի կնստեն և Ադրբեջանը, և Իրանը, և Ռուսաստանը, և ԱՄՆ, բոլորը, որովհետև մենք կարևոր ժողովուրդ ենք, ապրում ենք աշխարհի շատ կարևոր տարածքում և մենք ենք որոշողը՝ արևմուտքը և արևելքը, հյուսիսը և հարավն ինչպես են հարաբերվելու։ Մենք այսօր ունենք ամբողջ գիտակից աշխարհի աջակցությունը, Եվրոպայի աջակցությունը, Արևմուտքի աջակցությունը, նաև ռուս ժողովրդի աջակցությունը, մենք կարող ենք ունենալ նաև Ադրբեջանի ժողովրդի աջակցությունը, եթե մեզ ճիշտ պահենք: Թալիշների, լեզգիների, ավարների և մյուս ժողովուրդների հանդեպ, որոնք ճնշված են Ադրբեջանում, որովհետև Ադրբեջանը տոտալիտար երկիր է, և իմիջիայլոց նրանց որդիներն են առաջնագծում, նրանք են առաջին զոհ տվողները և ոչ թե ազերիները, և այդ ուղղությամբ մենք պետք է մտածենք։

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play