Քաղաքացիները կկարողանան հետևել ցանկացած ապրանքի ներմուծման և արտահանման բոլոր ընթացակարգերին. Արծվիկ Մինասյան


Քաղաքացիները կկարողանան հետևել ցանկացած ապրանքի ներմուծման և արտահանման բոլոր ընթացակարգերին. Արծվիկ Մինասյան

  • 15-07-2016 16:00:30   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը մշակում է բոլոր ապրանքատեսակների մասով էլեկտրոնային համակարգ, որի միջոցով յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն կունենա ծանոթանալ ցանկացած ապրանքի ներմուծման և արտահանման բոլոր ընթացակարգերին` ժամկետներով, օրերով և պատասխանատուներով: Այս մասին հուլիսի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:
Ըստ նրա` համակարգից օգտվելու համար անհրաժեշտ կլինի, որպեսզի քաղաքացին ընդամենը մուտք գործի համակարգ` նշելով իրեն հետաքրքրող ապրանքի կոդը կամ անվանումը. համակարգը նաև թույլ է տալու  քաղաքացիներին ազատորեն արտահայտելու իրենց բողոքները: 
 
Ա. Մինասյանի փոխանցմամբ` վերոնշյալ համակարգը կբարձրացնի քաղաքացիների և տնտեսվարող սուբյեկտների իրազեկվածության մակարդակը, ինչի արդյոնքում վերջիններս կկարողանան քաջատեղյակ լինել իրենց իրավունքներից և պաշտպանել դրանք: 
Անդրադառնալով երկրում մենաշնորհները բացահայտելու ամիսներ առաջ ՀՀ վարչապետի տված հանձնարարականին և իր իսկ մոնոպոլիստների անունները հրապարակելու խոստմանը ` էկոնոմիկայի նախարարը նշեց. «Երբ մենք խոսում ենք ոլորտների մասին, անուններ հրապարակելն անիմաստ է դառնում, որովհետև, եթե մենք խոսում ենք ոլորտում գերիշխող դիրքի առկայության մասին և ասում ենք, որ օրենքի համաձայն, թեև իրենք մենաշնորհ չեն, բայց ընկալվում են այդպես և փաստացի իրենք թելադրում են շուկան, ըստ էության այս ոլորտում գտնվող բոլոր գերիշխող դիրք ունեցող սուբյեկտները, ըստ էության տնտեսական տեսակետից  դառնում են մենաշնորհային դիրք ունեցողներ, հետևաբար մեր գլխավոր խնդիրը դառնում է օրենսդրական նոր վերանայումների իրականացումը»:
Ի պատասխան լրագրողների պնդումների` թե ովքեր են մենաշնորհային համարվող ոլորտների հետևում կանգնածները` Ա. Մինասյանը նշեց, որ ըստ էության բոլոր նրանք, ովքեր այդ կազմակերպություններում խոշոր բաժնետերեր են: Նախարարը խուսափեց կոնկրետ անուններ հրապարակելուց:
Վերջինս, ներկայացնելով Էկոնոմիկայի նախարարության կողմից արդյունաբերության ոլորտում տարվա առաջին վեց ամիսների կտրվածքով 280 ձեռնարկություններում իրականացված մոնիթորինգի արդյունքները, ընդգծեց, որ Հայաստանի տնտեսությունն արձանագրել է երկնիշին մոտ աճ: Մասնավորապես, Հայաստանի արդյունաբերական արտադրանքի աճը կազմել է մոտ 10 տոկոս, հանքարդյունաբերությունը` 20 տոկոս, մշակվող արդյունաբերությունը` 14 տոկոս, էներգետիկ արտադրությունը` 12 տոկոս: 
Նախարարի զգալի աճ է գրանցվել սննդամթերքի, խմիչքների , հագուստի արտադրության ոլորտներում, իսկ ամենամեծ աճը գրանցվել է ադամանդագործության ոլորտում`  260 տոկոսով:
Ա. Մինասյանի կարծիքով` վերոնշյալ ցուցանիշներն արդյունք են  ոչ միայն ձեռնարկությունների ակտիվ նախաձեռնողական տնտեսական քաղաքականության, այլև պետության կողմից իրականացվող աջակցության քաղաքականության: 
Նրա խոսքերով` ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կենտրոնական գործառույթներից է նաև փոքր և միջին բիզնեսի աջակցության քաղաքականությունը, որտեղ նախարարությունն ունի թե տարեկան ծրագիր, թե համապատասխան կառույց` Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն հիմնադրամը, որն իրականացնում է ինը գործառույթ` սկսած ուսումնասիրությունից մինչև ֆինանսավորում: 
«ՓՄՁ-ների տեսակարար կշիռը` որպես կազմակերպություններ կազմում է շուրջ 99 տոկոս ըստ օրենքի, համախառն ներքին արդյունքում նրանց ստեղծած  արժեքը չափազանց ցածր է` 25 տոկոսի կարգի ըստ մեր կիրառած մեթոդաբանության, մինչդեռ նույն եվրոպական երկրներում այս ցուցանիշները 60 տոկոսի է հասնում»,- ասաց Ա. Մինասյանը` հավելելով, որ 280 կազմակերպություններից օրենքով սահմանված փոքր և միջին բիզնեսի հասկացության ներքո տեղավորվում է կազմակերպությունների շուրջ 40 տոկոսը, մնացածները խոշորներն են: 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play