Ոստիկանության զորքն ընդդեմ «Հիմնադիր խորհրդարանի». Կան վիրավորներ


Ոստիկանության զորքն ընդդեմ «Հիմնադիր խորհրդարանի». Կան վիրավորներ

  • 17-07-2016 10:40:39   | Հայաստան  |  Քաղաքական

Առավոտ - փոխանցմամբ  շուրջ չորս ժամ առաջ «Հիմնադիր խորհրդարանի» փոխնախագահ Վարուժան Ավետիսյանը ազդարարեց, թե սկսել են զինված ապստամբություն: Նրանց հիմնական պահանջն է. «Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա և իշխանությունը փոխանցի ժողովրդի վստահության կառավարությանը» Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլի ասուլիսում ի պատասխան «Առավոտի» հարցի՝ Վարուժան Ավետիսյանն ասել էր. «Ժողովուրդը զինված ապստամբության իրավունք ունի: Կարող է զենք վերցնել եւ ֆիզիկապես ոչնչացնել այն իշխանավորներին, որոնք վտանգի տակ են դնում ժողովրդի գոյության իրավունքը եւ այդ ժողովրդին ծրագրված ձեւով, օտարի ձեռքով տանում են ցեղասպանության եւ հայրենազրկության»: Ներկայացնում ենք տեղեկություններ՝ քաղված նրա ֆեյսբուքյան էջից: «Մեր շարքում լեգենդար հերոսներ կան` Ապարանցի Պավլիկը` Պավլիկ Մանուկյանը, Միայնակ Գայլը` Արայիկ Խանդոյանը, Արցախյան պատերազմի հայտնի հրետանավոր Մխիթար Ավետիսյանը, ինչպես նաև մերօրյա հայկազուն երիտասարդ հերոսներ»,- գրում է նա: Վարուժան Ավետիսյանը պնդում է. «Էրեբունու հատուկ նշանակության զորամասը փաստորեն գրավված է»: Նաեւ հավելում է. «Այնտեղ կան ոստիկանական զորքեր, զինված ուժերի ստորաբաժանումներ և կարծես թե մեկ տանկ է բերվել»: «Ոստիկանությունը դիպուկահարներ է տեղակայել հարակից շենքերի տանիքներին»: Հրապարակվել են վերջին պնդումը հաստատող լուսանկարներ: Ըստ նրա՝ «Մեր ունեցած տվյալներով ապստամբ երիտասարդ հերոսներից մեկը` Թաթուլ Սպարտակի Թամրազյանը, ծանր վիրավոր է»: Վարուժան Ավետիսյանը փորձել է հերքել, թե իրենք վիրավորել են ոստիկանի. «Իրականում, անտեսելով մեր բազմաթիվ հորդորները, ոստիկանությունը գրոհ կազմակերպեց մեր վրա զրահամեքենայով և կրակ բացեց ապստամբների ուղղությամբ: Ապստամբները ստիպված ինքնապաշտպանության նպատակով պատասխան կրակ բացեցին»: «Հիմնադիր խորհրդարանի փոխնախագահը հաղորդում է. «Ոստիկանները փորձում են գրոհել մեր դիրքերը, BMP են բերել, բայց մեր դիրքերը լավ են և մեզ մոտ բարձրաստիճան ոստիկաններ կան, գեներալ Եղիազարյանը և գնդապետ Օսիպյանը»: Ըստ նրա՝ «Ոստիկանությունը բերման է ենթարկել քաղաքի կենտրոնում հավաքված քաղաքացիներին», «Մեր դեմ են բերում Ոստիկանության զորքերի երիտասարդ զինվորներին»: Վարուժան Ավետիսյանը հայտարարել է. «Որքան ուշացնում են Ժիրայր Սէֆիլյանին մեզ մոտ բերելը, այնքան իրավիճակն ավելի է սրվում: Կրկնում ենք, մենք ենթարկվում ենք միայն Ժիրայր Սէֆիլյանին, բանակցություններ կարող է վարել միայն Ժիրայր Սէֆիլյանը: Եվ բանակցությունները լինելու են մեկ հարցի վերաբերյալ` ինչպես է Սերժ Սարգսյանը փոխանցում իշխանությունը ժողովրդի վստահության կառավարությանը»: 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական