Զիջումների չեն գնա թե իշխանությունները, թե զինված խմբի անդամները. Ահարոն Ադիբեկյան


Զիջումների չեն գնա թե իշխանությունները, թե զինված խմբի անդամները. Ահարոն Ադիբեկյան

  • 19-07-2016 15:22:03   | Հայաստան  |  Հասարակություն

Եթե «Սասնա Ծռեր»-ի միակ պահանջը լիներ Ժիրայր Սեֆիլյանին ազատելը, ապա կարելի էր ենթադրել, որ դա ընկերական կամ ուղղակի ռազմական պատվախնդրության հարց է, բայց երբ նախագահի հրաժարականի և նոր ընտրությունների հարց է բարձրացվում, նշանակում է դա դասական խռովություն է: Նման կարծիք հուլիսի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը` անդրադառնալով «Սասնա Ծռեր» զինված խմբի կողմից Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի շենքի գրավմանը և բարձրաստիճան ոստիկաններին պատանդ վերցնելուն: 
 
Ըստ նրա` կատարվածը կարելի է տեռոր համարել այնքանով, որ որպես թիրախ ընտրված է ոչ թե բուն մեղավորը, այլ երկրորդական դեմքեր` ի դեմս ոստիկանության ներկայացուցիչների, որոնք առնչություն չունեն բուն խնդրի հետ:
Ա. Ադիբեկյանի խոսքերով` տեռորը չի կարելի գնահատել միայն բացասական առումով, քանի որ տեռորը թույլի ուժն է ուժեղի դեմ և այն արդարացված է, եթե ուժեղը բարոյազուրկ է: 
«Եթե այս քայլով փորձ է արվում հեղափոխություն անել, ապա պետք է ասեմ, որ հայ ժողովուրդը հեղափոխական չէ, հետևաբար հնարավոր չէ վերջիններիս իշխանության դեմ դուրս բերել»,- ասաց նա` ներկայացնելով իրենց անցկացրած վերջին հարցումների արդյունքները:
Ա. Ադիբեկյանի փոխանցմամբ` քաղաքացիների շրջանում անցկացված հարցման ընթացքում այն հարցին, թե եթե Ձեր հիմնական իրավունքները ոտնահարվեն, ի՞նչ միջոցի կդիմեք, հարցվողների 17 տոկոսը պատասխանել է, որ դուրս կգա և ուժի միջոցով կփորձի պաշտպանել իր իրավունքները, մոտ 25 տոկոսը՝ հանրահավաք, ստորագրահավաք կանի, իսկ մնացածը՝ թամաշա անողներ են:
Անդրադառնալով ստեղծված իրավիճակի հնարավոր հանգուցալուծմանը` սոցիոլոգը նշեց, որ երկու կողմից էլ զիջումների գնալու հնարավորություն չի տեսնում, քանի որ զիջումների գնալն իշխանությունների համար նշանակում է ապագայում այդ եղանակով դարձյալ որոշակի խնդիրներ լուծելու հնարավորության ընձեռում հասարակությանը, իսկ  զինված խմբի համար` վախկոտության նշան: 
 
 
 
Էլիզա Զախարյան «Նոյյան Տապան» 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն