Արցախի սահմանամերձ շրջանների երեխաներին կայցելի շրջիկ տիկնիկային թատրոնը


Արցախի սահմանամերձ շրջանների երեխաներին կայցելի շրջիկ տիկնիկային թատրոնը

  • 20-07-2016 14:46:09   | Արցախ (ԼՂՀ)  |  Մշակույթ

«Արցախի տիկնիկային արվեստի գործիչներ» մշակութային հասարակական կազմակերպությունն Արցախի Հանրապետության մի քանի բնակավայրերում իրականացնում է «Հայկ նահապետից մինչև Շուշի» խորագրով ծրագիրը։ 
 
ՀԿ-ի ղեկավար Հայկ Պապյանը նշում է, որ իրենց նախաձեռնության միջոցով կբեմադրեն Երվանդ Մանարյանի «Հայկ և Բել» տիկնիկային ներկայացումը։ Արդեն իսկ սկսված են նախապատրաստական աշխատանքները՝ էսքիզների, տիկնիկների պատրաստման գործընթացը։ Այս աշխատանքի ընթացքում ներգրավված են նաև երեխաները։ «Արցախի տիկնիկային արվեստի գործիչներ» մշակութային ՀԿ-ն և Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնը ծրագրի շրջանակներում կազմակերպել են ցուցահանդես-մրցույթ՝ նվիրված «Հայկ և Բել» առասպելի թեմային: Պրոֆեսիոնալ նկարիչների կողմից անցկացվում են վարպետության դասեր, բացահայտվում են երեխաների մեջ թաքնված հմտությունները: Վերջիններս ականատես կլինեն բեմադրության ստեղծման գործընթացին։ 
Նախաձեռնողները նշում են, որ ներկայացումը լինելու է ինտերակտիվ։ Երեխաները նախ կքննարկեն պիեսը, թեման ու ակտիվ մասնակցություն կունենան ներկայացման ընթացքում: Հանդիսատեսին արվեստի միջոցով կփոխանցվեն Հայկի ճակատամարտից մինչև Շուշի հայ ժողովրդի մեծ հաղթանակները։ Դպրոցականները, ընդրգրկվելով բեմադրության մեջ, ավելի դյուրին կըմբռնեն մատուցվող նյութը։  
«Հայկ և Բելը» հանդիսատեսին կցուցադրվի սեպտեմբերից սկսած։ Մինչև տարվա վերջ այն կդիտեն Շուշիի, Մարտակերտի, Քարվաճառի, Հադրութի, Մարտունիի, Ասկերանի, Թալիշի շուրջ 7500 երեխաներ։
Հայկ Պապյանը նկատում է, որ շատ կարևոր է Արցախի սահմանամերձ շրջաններում շրջիկ մանկական թատրոնի միջոցով կյանքի կոչել այս ծրագիրը։ Ծրագիրը ճանաչողական, ինչպես նաև վերականգնողական նպատակ է հետապնդում, այն հնարավորություն է տալիս նաև ծանոթանալ թատերական արվեստի հետ: Չորս ամիսների ընթացքում ՀԿ-ի կողմից նախատեսվում է կազմակերպել 25 ներկայացում:
«Արցախի տիկնիկային արվեստի գործիչներ» ՀԿ-ն «Հայկ նահապետից մինչև Շուշի» ծրագիրն իրականացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիամնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի 
հասարակայնության հետ կապերի ծառայություն
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play