Փոխըմբռնման հուշագիր` ուղղված Արարատյան դաշտում ջրային ռեսուրսների պաշտպանությանն ու կառավարմանը


Փոխըմբռնման հուշագիր` ուղղված Արարատյան դաշտում ջրային ռեսուրսների պաշտպանությանն ու կառավարմանը

  • 20-07-2016 18:00:24   | Հայաստան  |  Տնտեսություն

Այսօր ՀՀ բնապահպանության նախարարությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալությունը և «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերությունը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, որի նպատակն է բարելավել ջրային ռեսուրսների կառավարումը Հայաստանի ամբողջ տարածքում՝ մասնավորապես նպաստելով Արարատյան դաշտում ջրային ռեսուրսների պահպանությանը, արդյունավետ օգտագործմանն ու կառավարմանը:
 
Գործակցության ընթացքում կողմերը կաջակցեն ԱՄՆ ՄԶԳ «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագրի շրջանակում իրականացվող մի շարք նախաձեռնություններին: Ծրագրի նպատակն է զսպել Արարատյան դաշտում ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման տեմպը՝ այն կայուն մակարդակի հասցնելով և աջակցելով համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը: 
«Նման խոշոր խնդրի լուծման համար անհրաժեշտ են գործընկերություններ և համագործակցություն: Տարիներ շարունակ ԱՄՆ ՄԶԳ-ը սերտորեն գործակցել է ՀՀ կառավարության ու մյուս գործընկերների հետ Արարատյան դաշտի ջրային պաշարների օգտագործման ու երաշխավորման համակարգված մոտեցումների շուրջ: Կառավարությունն արձագանքել է մի շարք ձևերով, մասնավորապես՝ թույլատրելի ձկնաբուծական տնտեսությունների քանակի կրճատմամբ և անօրինական ու լքված ջրհորների փակմամբ: Սրանք լավ քայլեր են, սրանք անհրաժեշտ քայլեր են, սակայն ավելին պետք է արվի, ու այսօր ԱՄՆ ՄԶԳ-ի, «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա»  ընկերության ու ՀՀ բնապահպանության նախարարության միջև ձևավորվող այս դաշինքի շնորհիվ կարվի ավելին», - ասել է  դեսպան Միլսը:
ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը, ում վրա դրված են ՀՀ բնապահպանության նախարարի լիազորությունները` Արամայիս Գրիգորյանի՝ արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում, բարձր է գնահատել ԱՄՆ ՄԶԳ ցուցաբերած աջակցությունը և երկարատև հաջող համագործակցության փորձը, ինչպես նաև ողջունել և օրինակելի է համարել «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության որդեգրած կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քաղաքականությունը ՀՀ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման մեխանիզմների ներդրման հարցում: Անդրադառնալով ստորագրվող հուշագրին՝ Ս. Պապյանը մասնավորապես նշել է. «Իրականացվող ծրագիրը համահունչ է Հայաստանի որդեգրած քաղաքականությանը: Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների կիրառումը ռեսուրսների համալիր պահպանության նպատակով էապես կնպաստի Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային պաշարների պահպանության, արդյունավետ ու խնայողաբար կառավարման և այն կայուն մակարդակի հասցնելու մեր ջանքերին»:
«Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Սայյորա Այուպովան ընդգծել է հուշագրի կարևորությունն ու երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստող դրական ազդեցությունը: «Ջրային ռեսուրսների կառավարումն ու համայնքային զարգացումը «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերութան կորպորատիվ սոցիալական պատասխանատվության գործունեության հիմնական ուղղություններից են: Ուստի մեր ընկերությունը շատ է արժևորում այս հուշագրի և մասնավորապես ոռոգման այս ծրագրի իրականացումը, քանի որ այն միտված է ջրային ռեսուրսների պատասխանատու և արդյունավետ օգտագործմանն ու միաժամանակ կնպաստի Հայանիստի և Արարատյան դաշտի այլ համայնքների կայուն զարգացմանը»,- նշել է Այուպովան:
Ծրագրով նախատեսվում է  վերահսկման և տվյալների ձեռքբերման (SCADA) համակարգեր տեղադրել 20 ձկնաբուծական տնտեսություններում, որոնցից 10-ը՝ ԳԱՏՕ ծրագրի, 10՝ «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության կողմից: Շահագործման ծախսերն առաջին երեք տարիներին իր վրա է վերցրել ԳԱՏՕ ծրագիրը:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play