«Նախապես պատրաստված սադրիչ խմբերը հրահրել են ընդհարումը». «Համախմբում»


«Նախապես պատրաստված սադրիչ խմբերը հրահրել են ընդհարումը». «Համախմբում»

  • 21-07-2016 17:17:51   | Հայաստան  |  Քաղաքական

«Համախմբում» կուսակցության վարչությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում խոր մտահոգություն է հայտնում քաղաքացիների և ոստիկանության ուժերի բախման կապակցությամբ:
 
«Խաղաղ քաղաքացիների ինքնաբուխ հավաքն անսպասելիորեն վերածվեց ընդհարման, որի հետևանքով կան տուժածներ և վիրավորներ: Երեկ գիշերվանից շրջանառվում է այն վարկածը, համաձայն որի՝ խաղաղ հավաքի ժամանակ գործել են նախապես պատրաստված սադրիչ խմբեր, որոնք հրահրել են ընդհարումը», - հայտարարում է կուսակցությունը՝ պահանջելով իրավապահ կառույցներից «կարճ ժամկետում հիմնավոր փաստերով հերքել այդ խմբերի և ոստիկանության կապը»։
 
«Համախմբում»-ը «կրկին փաստում է, որ արդեն հինգերորդ օրն է` երկրի քաղաքական ղեկավարությունը՝ նախագահը, ԱԺ նախագահը, վարչապետը, ցուցաբերում են քաղաքակիրթ աշխարհում նախադեպը չունեցող պահվածք և հրաժարվում են այս լարված պահին հանդես գալ հրապարակային հայտարարությամբ, իրավիճակի իրենց գնահատականով և խոսել ժողովրդի հետ», և ընդգծում, որ երկրի քաղաքական ղեկավարության՝ ժողովրդից ինքնամեկուսացման պայմաններում մեծանում է ցուցարարների և իրավապահների միջև բախումների հավանականությունը․ - «Հետևաբար, իշխող քաղաքական վերնախավն իր այս պահվածքով կրում է ուղղակի պատասխանատվություն»:
 
Ընդդիմադիր կուսակցությունը շեշտում է, որ «մի քանի օր շարունակվող ոստիկանական բռնարարքները, խաղաղ քաղաքացիների անձի և արժանապատվության ոտնահարումները ստեղծում են պայթյունավտանգ մթնոլորտ և հղի են անկանխատեսելի զարգացումներով», և կոչ է անում ոստիկանությանը դադարեցնել բռնությունները:
 
«Համախմբում»-ը վերստին կոչ է անում քաղաքական ուժերին «մի կողմ թողնել նեղ կուսակցական հավակնությունները և համատեղել ջանքերը՝ ունենալով մեկ օրակարգ՝ թույլ չտալ իրավիճակի սրում, թույլ չտալ բախումներ, գտնել քաղաքական ելքեր իրավիճակից»:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական