Ռուբեն Մեհրաբյան. «Հայաստանի շուրջ տեղի է ունենում աշխարհաքաղաքական փոթորիկ, որի հետևանքները շատերի համար ճակատագրական կլինեն»


Ռուբեն Մեհրաբյան. «Հայաստանի շուրջ տեղի է ունենում աշխարհաքաղաքական փոթորիկ, որի հետևանքները շատերի համար ճակատագրական կլինեն»

  • 09-08-2016 13:49:10   | Հայաստան  |  Վերլուծություն

168.am-ի զրուցակիցն է Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցիացված փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը
 
– Պարոն Մեհրաբյան, բացի ներքաղաքական զարգացումներից, Հայաստանն այս օրերին հայտնվել է բավականին ուշագրավ տարածաշրջանային զարգացումների կիզակետում: Օրերս հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 10-ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ: Այցին նախորդելու են մի քանի իրադարձություններ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնելու է Բաքու՝ Ադրբեջանի և Իրանի նախագահի հետ եռակողմ նոր ձևաչափի շուրջ բանակցությունների համար, հաջորդ օրը Պուտինը կընդունի Էրդողանին, իսկ օգոստոսի 10-ին Պուտինը կընդունի ՀՀ նախագահին՝ մի իրավիճակում, երբ քննարկվում են ԼՂ հակամարտության կարգավորման ռուսական ծրագրերը, և կա ռուս-թուրքական մերձեցման ակտիվ փուլ: Ի՞նչ, ըստ Ձեզ՝ պետք է սպասել այս հանդիպումներից:
 
– Հազիվ թե լավ բան: Հայաստանի շուրջ տեղի է ունենում աշխարհաքաղաքական փոթորիկ, որի հետևանքները շատերի համար ճակատագրական կլինեն, և դրա արդյունքները կուրվագծվեն հետո: Հայաստանն իր վարած, շատ մեղմ ասած, ոչ ադեկվատ քաղաքականության արդյունքում հայտնվել է մի իրավիճակում, որտեղ ինքն իրեն զրկել է, մի կողմից՝ մարտահրավերներին դիմակայելու, մյուս կողմից՝ բացվող հնարավորություններից օգտվելու ներուժից: Իրատեսական չէ ներկայիս շրջափուլում սպասել կամ խնդիր դնել՝ հասնել ինչ-ինչ դրական արդյունքների: Ամենադրական արդյունքը կլինի այն, որ այս աշխարհաքաղաքական փոթորկից դուրս գանք առանց կորուստների, զերծ մնանք տարածաշրջանային ճգնաժամերից և ցնցումներից: Անհրաժեշտ է հստակ պատկերացնել, թե այս ամենում ովքեր են մեր իրական դաշնակիցները, մրցակիցները և հակառակորդները, և քաղաքական քայլերը, ռազմավարությունը և մարտավարությունը կառուցել՝ ունենալով հիմքում այդ՝ վերանայված պատկերացումները:
 
Դա կմեծացնի մեր շանսերը նշածս գերխնդիրը լուծելու համար, այն է՝ խուսափել կորուստներից, մարտահրավերները վերածել հնարավորությունների և ընթանալ առաջ: Իսկ դրա համար, որպես նվազագույն նախապայման, Հայաստանին անհրաժեշտ է ներքաղաքական ամրության զգալի պաշար, Հայաստանին անհրաժեշտ է հանրության վստահությամբ օժտված լեգիտիմ իշխանություն, ադեկվատ որոշումներ ընդունելու կարողություններ ունեցող պետական համակարգ, որն ընդունակ է վարելու ադեկվատ ներքին քաղաքականություն, և որպես դրա ածանցյալ՝ ադեկվատ արտաքին քաղաքականություն:
 
– Հաշվի առնելով տարածաշրջանային այս զարգացումները, որում Ռուսաստանի համար կտրուկ աճում է Ադրբեջանի դերակատարությունը թե՛ նոր եռակողմ ձևաչափի, թե՛ ՌԴ-Թուրքիա հարաբերությունների կոնտեքստում, ի՞նչ կարող է անել Ռուսաստանը:
 
– Ռուսաստանն անցել է աշխարհաքաղաքական գրոհի և փորձում է փրկել իր կործանվող կայսրությունը՝ միջոցների մեջ խտրականություն չդնելով: Մոսկվան, նախ՝ փորձում է Էրդողանի՝ Արևմուտքի հետ ունեցած խորը և հընթացս ավելի խորացող հակասությունների պղտոր ջրում որսալ իր ուզած ձկներին, Թուրքիային խրախուսելով իր այս քաղաքականության մեջ: Իհարկե, ռուս-թուրքական հակասությունները պահպանվում են, գոնե՝ Մերձավոր Արևելքում, սակայն մնացած այլ հարցերում, և հատկապես Կովկասի և Իրանի հետ կապված՝ Մոսկվան և Անկարան ունեն խորը ընդհանրություններ և ընդհանուր շահեր: Եվ նույնիսկ խոցված ռուսական ինքնաթիռի և դրանով՝ Պուտինի խոցված արժանապատվության գործոնը բան չփոխեց մեծ հաշվով: Իրոք որ, այդ՝ միմյանց հայելապատկեր հանդիսացող, նեոկայսերապաշտ պետությունները սնուցում և փոխլրացնում են իրար՝ գտնվելով, միևնույն ժամանակ, տարբեր պայմաններում: Այդ շահերի ընդհանրությունները դրսևորվում են հատկապես Ադրբեջանում:
 
Իրանը ձերբազատվելով պատժամիջոցներից՝ կենսականորեն շահագրգռված է, որպեսզի դիվերսիֆիկացնի իր՝ դեպի Հյուսիս և Արևմուտք տանող կոմունիկացիաները: Ընդ որում, Թեհրանը ձգտում է զարգացնել այդ կոմունիկացիաները բոլոր ուղղություններով առանձին-առանձին, որպեսզի բացառվի տարածաշրջանում որևէ մեկից քաղաքական կախվածության որևէ հավանականություն: Դրա համար Իրանը ոչ ոքի «ոչ» չի ասում, և գնում է համագործակցության բոլոր ուղղություններով՝ թե՛ դեպի Աշգաբադ, թե՛ դեպի Բաքու, թե՛ դեպի Երևան, թե՛ դեպի Նախիջևան, թե՛ դեպի Անկարա, թե՛ դեպի Էրբիլ, թե՛ դեպի Բաղդադ և այլուր, առանց մեկը մյուսով պայմանավորելու, դրսևորելով պատշաճ «ռազմավարական համբերատարություն» և նաև՝ մեկը մյուսով բալանսավորելով: Ընդ որում, այս մոտեցումը խիստ օրինակելի է նաև Հայաստանի համար:
 
Իհարկե, գաղտնիք չէ, որ Մոսկվան դիտարկում է Թեհրանին՝ որպես լրջագույն մրցակից, և ոչ միայն՝ նրա ահռելի ածխաջրածնային պաշարների պատճառով, այլև Արևելք-Արևմուտք կոմունիկացիաներն անցկացնելու ներուժի առումով: Եթե Բարենցի ծովից ուղիղ գիծ անցկացնենք Կասպից ծովի վրայով դեպի Պարսից ծոց, ապա Արևելք-Արևմուտք հնարավոր կոմունիկացիաներն այդ գիծը հատում են կա՛մ Ռուսաստանի, կա՛մ Իրանի տարածքում: Այդ ահռելի տարածության վրա չկա՛ այլ պետություն: Մոսկվան ձգտում է Ադրբեջանի հետ միասին եռակողմ ձևաչափի շրջանակներում որոշակի վերահսկողության տակ պահել Իրանի կոմունիկացիաները դեպի Արևմուտք՝ փորձելով դրանք իր տարածքում «իրենով» անել, որից հետո դարձնել դրանք Ռուսաստան-Արևմուտք քաղաքական առևտրի ևս մեկ բաղկացուցիչ:
 
Հասկանալի է նաև, որ Մոսկվայի մասնակցությունը Բաքու-Թեհրան հարաբերություններում ուղղված է նրան, որպեսզի Ադրբեջանից այդ կոմունիկացիաները ոչ մի դեպքում դեպի Վրաստան չթեքվեն: Բաքվին «կթույլատրվի» լոկալ, ոչ ռազմավարական ծավալի բեռնափոխադրումներ դեպի Վրաստան և Թուրքիա, իսկ Անկարային կմնա բավարարվել նրանով, որ դրանով իսկ Իրանն այնքան չի ուժեղանա, որպեսզի վերածվի նրա՝ լրջագույն աշխարհաքաղաքական մրցակցի բոլոր ուղղություններով: Հայաստանին, հետևաբար, այս «պարտիայում» Մոսկվան կձգտի իր բոլոր լծակներով՝ հատկապես մենաշնորհային դիրքեր ունեցող «Գազպրոմի», «Ռոսնեֆտի» և «Ռուսական Երկաթուղիների» միջոցով՝ պահել «զմռսած», խաղից դուրս վիճակում, որպեսզի բացառի Հայաստան-Վրաստան կոմունիկացիոն միջանցքի ձևավորումը, որը կկապի Պարսից ծոցը Սև ծովի հետ, ինչն էլ, ըստ էության, մինչ օրս նա հաջողությամբ արել է և անում է՝ Երևանի բացահայտ թողտվության պայմաններում:
 
Մեծ է հավանականությունը, որ Մոսկվան փորձի Հայաստան-Թուրքիա «ֆուտբոլային դիվանագիտություն»-2, Ղարաբաղյան հակամարտության` Մինսկի խմբից դուրս, իբր, «կարգավորման» նոր գործընթացներ ձեռնարկել: Իհարկե, այդ փորձերը ոչ միայն հաջողություն չեն ունենալու, այլև էապես կվատթարացնեն Հայաստանի դիրքերը՝ տանելով Հայաստանից թե՛ ռեսուրս, թե՛ ժամանակ…
 
Եվ ընդհանրապես, այս խաղում Մոսկվայի «մտքի ընթացքը» շատ լավ են հասկանում Թեհրանում և Թբիլիսիում, իսկ Երևանն ինքն իրեն մատնել է անգործության և գրեթե մատը մատին չի խփում այս ռուսական օղակն իր պարանոցից հանելու ուղղությամբ: Միայն անցած շաբաթ էր, որ ՀՀ Կառավարությունը վերջապես հիմնադրեց պետական ՓԲԸ, որը պետք է զբաղվի Իրան-Հայաստան գազատարի հարցերով: Հայաստանը նաև ռազմավարական ներդրող պիտի ներգրավի Իրանին Վրաստանի սևծովյան նավահանգիստներին կապող կոմունիկացիաները մե՛ր տարածքով անցկացնելու համար: Սա կենսական, ռազմավարական նշանակություն ունի մեր և, ինչո՞ւ ոչ՝ Վրաստանի ապագայի համար: Պատրա՞ստ է դրան այսօրվա և «այսպիսի» Հայաստանը: Դե իհարկե՝ ո՛չ:
 
Դրա համար պետք է այլ որակի, այլ մտածողության իշխանություն, այլ ամրության պաշար ունեցող, քաղաքական կամք դրսևորող, ռուսներին սկզբունքային «ո՛չ» ասող, Հայաստանի ազգային շահերով առաջնորդվող, ապագային միտված, ինքնավստահ և եռանդուն իշխանություն:
 
Մենք ժամանակ չունենք, ժամանակը սկսել է իր հետհաշվարկը: Այս պատմական հնարավորությունները գնալով շատ արագ կնվազեն և կգնան, ինչպես ավազը մատների արանքով:
 
Հայաստանը դեռ երկար ժամանակ խնդիրներ և նաև փակ սահման է ունենալու իր արևելյան և արևմտյան հարևանների հետ, ուստի մեզ ուղղակի հակացուցված է քաղաքականություն, որը կկաշկանդի կամ կփչացնի մեր հարաբերությունների համալիր զարգացումը մեր հյուսիսային և հարավային հարևանների, այն է՝ Իրանի և Վրաստանի հետ: Առաջինի հետ մեր հարաբերությունների խոչընդոտը ռուսական մենաշնորհներն են, իսկ երկրորդի հետ՝ Հայաստանի «սիրելի» պարտավորությունները, այսպես կոչված, ՀԱՊԿ և ԵՏՄ շրջանակներում, ինչը հայ-վրացական սահմանը վերածում է փաստացի բաժանարար գծի:
 
Ահա այս հարցերը ևս ստիպում են մեզ փոխել մեր իրականությունը թե՛ ներսում, թե՛ դրսի հետ հարաբերություններում, վերանայել և վերագնահատել մեր մարտահրավերները, դրանց հաղթահարման ուղիները, մեր անվտանգության հայեցակարգը, նորովի հաշվարկել, թե ովքեր են մեր հնարավոր և իրական դաշնակիցները, մրցակիցները և հակառակորդները:
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play