Ինչ տեղի է ունենում հիմա, պատմության մեջ այս կամ այն ձեւով արդեն եղել է. Արամ Աբրահամյան


Ինչ տեղի է ունենում հիմա, պատմության մեջ այս կամ այն ձեւով արդեն եղել է. Արամ Աբրահամյան

  • 09-08-2016 14:57:01   | Հայաստան  |  Վերլուծություն

 «Առավոտ».Վերջերս համացանցում մի քանի անգամ կարդացել եմ հեղափոխականների` ինձ ուղղված սպառնալիքները` ի պատասխան նրա, որ ես դեմ եմ զինված ներքաղաքական պայքարին` «գիտե՞ս, մենք ի՞նչ կանենք քեզ հետ, երբ գանք իշխանության»: Գիտեմ, գիտեմ` այն, ինչ անում են «ազգի նվիրյալները» եւ «հրաշք հերոսները» «ներքին թուրքի» հետ:
 
Ես, ճիշտն ասած, առանձնապես չեմ նեղվում` ինչ անում եք, արեք: (Ավելի քան 20 տարի առաջ, երբ գրեթե նույն դերակատարները նույն պայքարն էին տանում ՀՅԴ կազմում, արդեն արել եք): Պարզապես ուզում եմ եւս մեկ անգամ հիշեցնել, որ մենք այս առումով յուրահատուկ ազգ չենք, եւ այն, ինչ տեղի է ունենում հիմա, պատմության մեջ այս կամ այն ձեւով արդեն եղել է:
 
1793 թվականի հոկտեմբերի 30-ին Մարկ Լյասուրսը կանգնել էր Ֆրանսիայի Հեղափոխական տրիբունալի առջեւ: Լյասուրսը «ժիրոնդական» էր, այսինքն` կողմ էր «հանցավոր ռեժիմի ներկայացուցիչներին եւ նրան աջակցողներին» գիլյոտինի ուղարկելուն, բայց, ի տարբերություն «յակոբինականների», դեմ էր դա անել, մասնավորապես, պահպանողական հայացքներ ունեցող Ֆրանսիայի հյուսիսում ապրող գյուղացիների հետ: Մահապատժի դատավճիռը կարդալուց առաջ Լյասուրսն իր վերջին խոսքում ասաց մի նախադասություն, որն այնուհետեւ թեւավոր դարձավ. «Ես մահանում եմ այն օրը, երբ ժողովուրդը կորցրել է բանականությունը: Այն օրը, երբ նրա մեջ բանականություն կարթնանա, կմահանաք դուք»: Ինչը եւ տեղի ունեցավ «յակոբինականների» հետ: Բայց 18-րդ դարի վերջում Ֆրանսիայում տեղի ունեցածը նույնպես եզակի եւ յուրահատուկ չէր: Մ.թ.ա. 4-րդ դարում Աթենքում վիճում էին քաղաքական գործիչ, հռետոր Դեմոսֆենը եւ զորավար Ֆոկիոնը, ընդ որում՝ պատկերացրեք, առաջինը կողմ էր Մակեդոնիայի հետ պատերազմին, իսկ երկրորդը` դեմ: Եվ ահա հռետորը սպառնաց զինվորականին. «Աթենքի ժողովուդը կսպանի քեզ, Ֆոկիոն»: Վերջինս դրան պատասխանեց. «Այո, կսպանի, եթե խելքը կորցնի: Բայց եթե նորից խելք ձեռք բերի, կսպանի քեզ»: Իսկապես, ավելի ուշ Աթենքի ժողովուրդը որոշեց մահապատժի ենթարկել Դեմոսֆենին, բայց մեծ հռետորը չցանկացավ հանձնվել ու ինքնասպանություն գործեց: Դրանից հետո աթենքցիները կառուցեցին Դեմոսֆենի արձանը: Ամենաանհեթեթ բանը, որը ես լսել եմ` «ժողովուրդը միշտ ճիշտ է» ասույթն է: Եթե պատմական առումով 5 րոպեն մեկ «ժողովուրդը» կամ նրանք, ովքեր հանդես են գալիս նրա անունից, տարբեր՝ տրամագծորեն հակառակ բաներ են պահանջում, եթե այսօր պետք է գնդակահարել մեկին, վաղը` ճիշտ հակառակն ասողին,  մյուս օրը` դնել երկուսի արձանները, իսկ հետո քանդել դրանք, ապա «միշտ ճիշտ»-ը դառնում է չափազանց փոփոխական կատեգորիա: Ինձ համար կա միայն մեկ չափանիշ` բացառել ներքին կյանքում անօրինական բռնությունը: Իհարկե, կա տեսություն, որ առանց գիլյոտինների եւ «խելագարված ամբոխների» առաջընթաց չի լինի: Գուցեեւ այդպես է: Բայց ինչո՞ւ ես պետք է դա հավանեմ:  
 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play