«Զբաղվիր երեխայով, ես շուտով կվերադառնամ». Սա մոր և 28-ամյա դստեր վերջին խոսակցությունն էր...


«Զբաղվիր երեխայով, ես շուտով կվերադառնամ». Սա մոր և 28-ամյա դստեր վերջին խոսակցությունն էր...

  • 09-08-2016 16:54:44   | Հայաստան  |  Կազմակերպություններ



Asekose.am. Հուլիսի 26, 2016 թվական, «Սլավմեդ» բժշկական կենտրոն:
 
Ժամեր առաջ կեսարյան հատումով ծննդաբերած 28-ամյա Տաթև Գասպարյանի մոտ առողջական որևէ խնդիր, թվում էր, թե պետք է չլիներ, թեպետ մոր` Հասմիկ Ղազարյանի խոսքով` դստերը հիվանդասենյակ էին տեղափոխել բառացիորեն ժամեր անց: Տաթևը որդի էր ունեցել: Ըստ հարազատների` չնայած վիրահատությանը` տրամադրությունը լավ էր, նույնիսկ ասել էր, որ եթե իրեն հետագայում թույլատրեն, դեռ երեք-չորս երեխա կեսարյան հատումով կունենա: Ավելին` ծննդկանը նույնիսկ երեխային մի քանի անգամ կերակրելու հնարավորություն էր ունեցել, սակայն դա մոր և որդու, թերևս, առաջին, բայց նաև վերջին հանդիպումն էր:
 
Արդեն հուլիսի 27-ին 28-ամյա Տաթևը մահացավ` որդուն թողնելով առանց մայրական խնամքի, իսկ ծնողներին և հարազատներին ստիպեց համակերպվել իր անժամանակ մահվան հետ: Սակայն Տաթևի հարազատներն այս պահին կորստի հետ համակերպվելուց բացի ավելի քան պահանջատեր են, բողոքի հասցեատերն էլ «Սլավմեդ» բժշկական կետրոնն է, որտեղ Տաթևը հաշվառված էր, և որտեղ էլ տեղի էր ունեցել կեսարյան հատումը: Տաթևի հարազատները վստահեցնում են, որ Տաթևը ոչ նախքան հղիությունյունը, ոչ էլ մասնավորապես դրա ընթացքում առողջական որևէ խնդիր չէր ունեցել:
 
«Ծննդաբերությունից մոտավորապես 1.5 ամիս առաջ ասացին, որ Տաթևի մոտ կա տոնուսի խնդիր, լարվածություն, ինչի համար էլ մեկ շաբաթ անցկացրեց «Սլավմեդ»-ում: Բայց այդ ամենը որևէ լուրջ բարդություն չէր կարող առաջացնել, որովհետև նմանատիպ խնդիրներ բոլոր հղիներն էլ ունենում են: Հիվանդանոցում ասել էին, որ հեմոգլոբինի խնդիր էլ կա, սակայն դա էլ ստուգեցին և պարզեցին, որ այդ խնդիրն էլ է կարգավորվել»,-Asekose.am-ին ասաց մահացած ծննդկանի մայրը` Հասմիկ Ղազարյանը:
 
Թեպետ առողջական այլ խնդիրներ չէին եղել, սակայն «Սլավմեդ»-ում Տաթևին  բժիշկները հորդորել էին ոչ թե ինքնուրույն ծննդաբերել, այլ կեսարյան հատում անել, քանի որ պորտալարը երկու անգամ փաթաթվել էր պտղի պարանոցին, ինչը կարող էր ծննդաբերության ընթացքում երեխայի համար խնդիրներ առաջացնել: Հասմիկի  խոսքով` իմանալով այդ մասին` Տաթևը որոշել էր  անպայման այդ քայլին գնալ, որպեսզի երեխայի կյանքին որևէ վտանգ չսպառնար: 
 
Արդեն հուլիսի 26-ին` կեսարյան հատումից հետո «Սլավմեդ» բժշկական կենտրոնում դեպքերի ճակատագրական զարգացումը տեղի է ունեցել հետևյալ ձևով.
 
«Կեսարյան հատումից բառացիորեն մի քանի ժամ հետո աղջկաս բերեցին հիվանդասենյակ, երևի դա էլ էր ճակատագրական: Տեսքը լավ էր, հետո որոշ ժամանակ անց փորձեց երեխային կերակրել, սակայն արդեն ասաց, որ իրեն լավ չի զգում:  Այնտեղ կային հերթապահ բժիշկ, բուժքույրեր, բայց ոչ ոք ոչինչ չհասկացավ, միայն  ամուսնուն խորհուրդ տվեցին սուրճ և շոկոլադ բերել: Տաթևն իրեն թույլ էր զգում, հատկապես, երբ ուզում էր երեխային կերակրել, ճնշումը ընկել էր,  որովայնը սկսել էր  տաքանալ և այրվել: Բժիշկները  գալիս էին, անզգայացնում, կաթիլայինը թարմացնում, ճնշում չափումը, սակայն մեզ ասում էին, որ նոր է ծննդաբերել, արյուն է կորցրել, այդ ամենը կարող է օրինաչափ լինել»:
 
Մոր խոսքով` բժշիկների անհանգստությունը նկատելի էր դարձել միայն նույն օրը` երեկոյան մոտ 10-ին.
 
«Արդեն հիվանդասենյակ մտավ Տաթևի կեսարյան վիրահատությունը կատարած բժիշկը` Վարդան Ռափյանը: Իրենց հետ համապատասխան սարքավորումներ էին բերել, ավելին` սկզբում ասացին, որ ամեն ինչ իդեալական է,  արգանդը կրճատվում է, սակայն ավելի ուշ համապատասխան մասնագետ եկավ, ով տարիքով մի կին էր: Ըստ նրանց` մազանոթ էր պայթել, ինչի պատճառով արյունը կուտակվում էր մաշկի տակ:  Ասացին, որ պետք է վիրահատեն, ինչը երկար չի տևի, ավելին` 20 րոպե հետո կկարողանանք տեսակցել: Ես էլ իմ հերթին երեխայիս տրամադրեցի, որ նման բաներ կարող են լինել, թեև սրտնեղել էի, որ պետք է նորից կարերը թարմացնեին: Բայց ընդհանուր առմամբ,  Տաթևը հանգիստ էր, վստահում էր բժշկներին, նույնն էլ` ես»:
 
Հասմիկի խոսքով` վիրահատության գնալուց առաջ  Տաթևը դիմել էր իրեն` ասելով հետևյալը. «Զբաղվիր երեխայով, ես շուտով կվերադառնամ»: Սա մոր և դստեր վերջին խոսակցությունն էր, որին իբրև թե պետք է հաջորդեր 20 րոպե  տևողոթյուն ունեցող վիրահատությունը, սակայն…
 
Սակայն 1:20 մեկնարկած վիրահատության ավարտի մասին Տաթևի հարազատներն իմացան միայն ժամեր անց:   
 
«Զգում էի, որ բժիշկները խառնված էին, Տաթևին տարան վիրահատարան: Ասացին 20 րոպեում կմաքրեն և հետ կբերեն, սակայն 20 րոպեն դարձավ մեկ, ապա երկու, երեք ժամ: Հետո բժիշկներից մեկը մոտեցավ և ասաց, որ Տաթևի ամուսինը գնա արյան բանկից դոնորական երկրորդ խմբի դրական ռեզուսով արյուն բերի: Երբ անհանգստացա, բժիշկն ասաց, որ դրա կարիքը չկա, քանի որ այդ ամենն ապահովության համար են անում: Հիմա արդեն հասկանում եմ, որ իրենք արդեն գիտեին իրենց սխալը և փորձում էին այն կոծկել: Ասացին, որ շուտով Տաթևին կտեղափոխեն վերակենդանացման բաժանմունք, և կհամոզվենք, որ ամեն ինչ նորմալ է: Սակայն արդեն առավոտյան 7-ն էր, իսկ մեզ դեռ ոչինչ չէին ասել: Գնացինք վիրահատարան, մեզ ասացին, որ Տաթևը դեռ շնչառական ապարատի օգնությամբ է շնչում: Այդ ժամանակ արդեն բարկացա և ասացի, որ եթե իրենք չենք կարողանում խնդիրը կարգավորել, մենք կարող ենք համապատասխան մասնագետներ բերել, սակայն պատասխանեցին, որ հանրապետական հիվանդանոցից ռեանիմատոլոգների են հրավիրել: Շարունակում էին մեզ հագստացնել»:
 
Հուսահատված մոր խոսքով` իրենք արդեն բավական զայրացած և անհագստացած սպասում էին Տաթևին վիրահատած բժշկին, որպեսզի վերջինս պարզաբաներ իրավիճակը: Ըստ հարազատների` բժիշկ Ռափյանն ասել է, որ նման բարդություններ վիրահատությունների ժամանակ հաճախ կարող են պատահել, ինչին ի պատասխան մայրն ասել էր հետևյալը. «Ինչ բարդության մասին է խոսքը, իմ երեխան կատարյալ առողջ էր` 40 տարեկան չէր, շաքարախտ, զոբ, արյան ճնշում և այլ  հիվանդություններ չուներ»:
 
Չէր ուշացել նաև բժշկի կտրուկ պատասխանն ուղղված հարազատներին. «Նման դեպքեր լինում են: Դա էլ ձեր շնորհակալությու՞ւնն է, ես գիշերվա կեսին եկել եմ նորից վիրահատության, իսկ դուք ինձ հետ այդպես եք խոսում»:
 
Բժշկի այդ խոսքին Տաթևի մայրն ասել էր, որ քանի որ վիրահատությունը կատարողները բժիշկներն են, հետևաբար` բարդությունն էլ նրանց պատճառով է եղել:
 
«Ասացի գոնե մարդ եղեք, խոստովանեք ձեր սխալը, չէ՞ որ այս ամենը ձեր անփութության պատճառով է եղել: Պարոն Ռափյանն ասաց, որ եթե մեզ կհագստացնի դա, ուրեմն` թող այդպես լինի»:
 
Տաթևի ընտանիքի անդամներին բժիշկները միաժամանակ հայտնել էին, որ նրա վիճակը կայուն-ծանր է,  ինչը, իհարկե, անսպասելի էր հարազատների համար.
 
«Հանրապետական հիվանդանոցից ռեանիմատոլոգներն արդեն եկել էին, սակայն մեզ հայտնեցին, որ Տաթևը դեռ տեղափոխման ենթակա չէր, սպասում էին, որ կայունանա: «Սլավմեդ»-ում ասացին նաև, որ հանրապետական հիվանդանոցում վերակենդանացման բաժին կա, ինչը նրանց մոտ չկար: Այսինքն` «Սլավմեդ»-ը վիրահատություններ է կատարում` չունենալով նման բաժանմունք կամ արյան պաշարներ: 15 րոպե անց էլ հայտնեցին, որ արդեն կարող են տեղափոխել: Հանրապետական հիվանդանոցում արդեն մեզ ասացին, որ պետք է սպասել,  օրգանիզմը կհաղթահարի, բայց պարզվում էր, որ թոքերն արդեն համարյա չէին գործում, երկու անգամ սրտի կանգ էր գրանցվել: Խելագարված վիճակում էինք, հասկացանք, որ անելանելի իրավիճակում ենք հայտնվել: Երեխաս դարձավ բժիշկների անգրագիտության, անփութության զոհը, էլ բառ չեմ գտնում…»,-նշեց Հասմիկը`  հավելելով, որ Տաթևի ամուսնուն հաջողվել է պարզել, որ աղջկա թոքերն այտուցվել էին, և  արյան կորստի և դոնորական արյան ու ինֆուզորային լուծույթի սխալ ներարկման հետևանքով թրոմբոէմբոլիա էր առաջացել: Իսկ անոթը, որից սկսվել էր արյունահոսությունը, վնասվել էր կեսարյան հատման ժամանակ. արհեստական տրոմբը, որը պետք է փակեր անոթը, հավանաբար պոկվել էր:
 
Հասմիկի պնդմամբ, սակայն «Սլավմեդ»-ում իրենց այդպես էլ ոչինչ հստակ չասացին.
 
«Ռափյանն ասաց, որ Տաթևը երկու լիտր արյուն է կորցրել. 1 լիտրը կեսարյան վիրահատության ժամանակ, մնացած արյունն էլ լցվել է որովայնի խոռոչը: Թե ինչ է իրականում կատարվել, չեմ կարող ասել: Ոչ մի բացատրություն չեն տվել, պարզապես ամբողջ գիշեր փափուկ բարձ էին դրել մեր գլուխների տակ: Հանրապետական հիվանդանոցում մեր ծանոթ բժիշկներից մեկն ասել էր, որ երկրորդ վիրահատության ժամանակ «Սլավմեդ»-ում այնպիսի սխալ էին թույլ տվել, որ եթե Տաթևը ողջ մնար, երրորդ վիրահատության կարիքն էլ կլիներ: Եթե չեմ սխալվում երակը կարել էին մկանին: Սակայն հատկանշականն այն է, որ «Սլավմեդ»-ի բժիշկները ֆեյսբուքյան իրենց էջում գրել էին, որ մահվան հետ կապված հարցերով պետք է դիմել Հանրապետական հիվանդանոց  այն դեպքում, որ ընդամենն օգնել էին ուզում ` իրենց անգրագիտությունը շտկելու համար:»:
 
Հասմիկը խոստովանում է, որ դստեր մահվանից  հետո մտածում էր քարեր լցնել պայուսակի մեջ և դրանք նետել բժշկի ուղղությամբ.
 
«Հետո հոգեբանի, հոգևորականի հետ զրուցեցի և հասկացա, որ Ռափյանն Աստծուց իրենը ստանալու է: Տաթևի մահից հետո էլ որևէ մխիթարական խոսք մեզ չեն ասել, կատարվածն էլ ներկայացնում են որպես վիրահատական բարդույթ: Նույնիսկ այս ընթացքում, երբ նորածինը դեռ իրենց մոտ էր, երբ հիվանդանոցում հարցնում էինք` այնտե ՞ղ են, բոլորն ասում էին` չգիտենք, աշխատանքի չեն գալիս: Ուզում եմ, որ մեր պատմության մասին բարձրաձայնվի, որպեսզի բժշկական փորձաքննության շնորհիվ չկոծկվեն նրանց թույլ տված սխալները, քանի որ կա կարծիք, որ բժիշկները գրեթե միշտ միմյանց աջակցում են: Սակայն պետք է վերջապես հասկանան, որ եթե անգամ 1% կասկած ունեն, ապա պետք է հրաժարվեն իրենց մասնագիտությունից, իրենց լիցենզիայից, թող գնան կոշկակարություն և դերձակություն անեն: Սակայն ոչինչ այսպես չի մնալու, իրենց պատիժը կստանան: Մենք արդեն դատարան ենք դիմել: Ես հասկանում եմ, որ իմ երեխային հետ չեմ բերի, սակայն հազարավոր աղջիկների կյանքեր կարող եմ փրկել, մանավանդ, որ իմացա, որ Տաթևի մահն արդեն երրորդն էր «Սլավմեդ»-ում»:
 
Զրույցի վերջում Հասմիկ Ղազարյանը նշեց, որ նորածինը ներկայումս իրենց մոտ է և իրեն լավ է զգում:
 
Հավելենք, որ «Սլավմեդ»-ում ծննդաբերելու որոշումը հենց Տաթևինն էր, ինչին մայրը դեմ էր, քանի որ կողմնակից էր, որ Տաթևն ավելի փորձառու բժշկի մոտ հաշվառված լինի:
 
«Ներկայիս երիտասարդությունը նախընտրում է հարմարավետությունը, արտաքին տեսքը, հաճելի վերաբերմունքը բժիշկների կողմից, որը, կարծես թե, նախկին խորհրդային բուժհիմնարկներում չկա, կամ գուցե ես տեղյակ չեմ: Բացի  այդ Տաթևն ընկերուհիներ ուներ, ովքեր հենց «Սլավմեդ»-ում էին ծննդաբերել: Այդ  պատճառով էլ կայացրել էր իր որոշումը, սակայն մենք դեմ էինք: Նախ ինձ մտահոգում էր այն փաստը, որ իր բժշկուհի Լիանա Դաղբաշյանը երիտասարդ մասնագետ է, ով գրեթե Տաթևի հասակակիցն է: Որպես մայր մի քանի անգամ փորձել էի տեսնել նրան, ինչն ինձ չէր հաջողվել, սակայն Տաթևն ինձ հանգստացնում էր`ասելով, որ պարտադիր չէ միայն տարիքով բժշկներին վստահել»,-իր խոսքը եզրափակեց Հասմիկ Ղազարյանը:
 
 
Նշենք, որ Asekose.am-ի թղթակիցը փորձեց կապ հաստատել նաև կեսարյան հատումը և մյուս վիրահատությունն իրականացրած բժիշկ Վարդան Ռափյանի հետ, սակայն վերջինս հրաժարվեց մեկնաբանություն տալուց` ասելով, որ դիմենք «Սլավմեդ» բժշկական կենտրոն, որի տնօրինությունը պարզաբանմամբ հանդես կգա: Իսկ մեր այն դիտարկմանը, որ հարազատները հենց իրեն են մեղադրում Տաթևի մահվան մեջ, բժիշկ Ռափյանն ասաց հետևյալը. «Դա իրենց պրոբլեմն է»:
 
Asekose.am-ը կապ հաստատեց նաև «Սլավմեդ» բժշկական կենտրոնի հետ: Տնօրենի ընդունարանից նախ ասացին, որ ավելի ուշ կզանգահարեն, սակայն չսպասելով նրանց զանգին և կրկին փորձելով պատասխան ստանալ` զանգահարեցինք և լսեցինք հետևյալը. «Մենք զբաղված և չենք կարող Ձեզ պատասխանել»:
 
Asekose.am-ը կապ հաստատեց նաև Տաթև Գասպարյանի բուժող բժշկի` Լիանա Դաղբաշյանի հետ, սակայն նա նույնպես ասաց, որ զբաղված է: Նույն պատասխանը հնչեցրեց նաև այն բանից հետո, երբ ասացինք, որ Տաթև Գասպարյանի հարազատներն իրեն էլ են համարում որպես ծննդկանի մահվան պատասխանատու: Նշենք, որ Լիանա Դաղբաշյանը մասնակցել է Տաթև Գասպարյանի ինչպես կեսարյան հատմանը, այնպես էլ հետագա վիրահատությանը:
 
Վերջաբանի փոխարեն հավելենք, որ չնայած «Սլավմեդ» բժշկական կենտրոնի և իր բժիշկների զբաղվածությանը, մենք պատրաստ ենք նրանց հարթակ տրամադրել, եթե,  իհարկե, վերջիններս ազատ ժամանակ գտնեն:
 
Ստորև ներկայացնում ենք նաև «Սլավմեդ» բժշկական կենտրոնի և բժիշկների հետ խոսակցությունների ձայնագրությունները:
 
 
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play