ՀՀ քաղաքացին տեսավ մի պայքար, որի առաջնագծում կանգնած էին ղարաբաղյան պատերազմի մարտիկներ.Քաղաքագետ


ՀՀ քաղաքացին տեսավ մի պայքար, որի առաջնագծում կանգնած էին ղարաբաղյան պատերազմի մարտիկներ.Քաղաքագետ

  • 11-08-2016 17:37:46   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Լրագրի  զրուցակիցն է քաղաքագետ Իրինա Ղափլանյանը

 

Ինչպե՞ս եք գնահատում զինված խմբի գործողությունները, ի՞նչարդյուքներ արձանագրվեցին:

 

Առաջին հերթին, ես կցանկանայի զերծ մնալ և չվերապահել ինձ զինված խմբի գործողություններին գնահատական տալու իրավունքը: Ավելի շուտ կցանկանայի, որպես ՀՀ քաղաքացի մեկնաբանել, թե ինչ տեղի ունեցավ հուլիսին, ինչու «Սասնա ծռեր» խումբը գնաց զինված գործողությունների, և թե ինչպես հասարակությունը և իշխանական համակարգը արձագանքեց այդ գործողություններին:

 

Նախ կարևոր է դիտարկել այս ամենը Հայաստանի արդի քաղաքական և սոցիալ-տնտեսական կոնտեքստում: Այս իշխանությունները տարիներ շարունակ վարել են ապազգային ներքին և արտաքին քաղաքականություն` հետապնդելով ոչ թե ազգային շահեր, այլ նեղ քաղ-օլիգարխիկ շրջանակի անձնական, ֆինանսական, տնտեսական, քաղաքական և վարչական շահերը` սույնով բերելով երկիրը քաղաքական և տնտեսական ճգնաժամային իրավիճակի:

 

«Հիմնադիր խորհրդարանը» տարիներ շարունակ վարել է ակտիվ և խաղաղ քաղաքականություն` լինելով քաղաքան ուժերի այն փոքրամասնությունը, որն արձանագրում էր և բարձրաձայնում երկրում տիրող իրավիճակի և իշխանական համակարգի ապազգային քաղաքականության մասին: Զուտ այդ պատճառով ՀԽ-ի անդամներն իշխանական համակարգի կողմից ենթարկվում էին քաղաքական հետապնդումների, հալածանքների և ոստիկանական և զինված բռնությունների:

 

Ապրիլյան պատերազմից հետո, Հայաստանի ներքին և արտաքին վտանգները դարձան անխուսափելի և օրհասական: Հաշվի առնելով այս վտանգավոր զարգացումները՝ զարմանալի չէր, որ սպառելով խաղաղ պայքարի միջոցները՝ ՀԽ-ի որոշ անդամները, ստեղծելով «Սասնա ծռեր» խմբավորումը դիմեցին ուժային պայքարի:

 

Հասարակության արձագանքը սպասելի էր` հուսահատված, հուսալքված և վստահությունն իշխանական համակարգի հանդեպ ամբողջովին կորցրած հասարակությունը հերոսացրեց «Սասնա ծռեր» խմբավորման գործողությունները, որոնք իրենց հերթին կայծ առաջացրեցին ապաքաղաքական և ռեժիմի կողմից օտարացված հասարակության մեջ:

 

ՀՀ քաղաքացին տեսավ մի պայքար, որի առաջնագծում կանգնած էին ոչ թե քաղաքական գործիչներ, այլ ղարաբաղյան պատերազմի մարտիկներ և հերոսներ` առաջնորդի մի տեսակ, որի համար «քաղցած» էր մեր հասարակությունը: Սակայն, լինելով ոչ քաղաքական այլ ուժային նախաձեռնություն, որը ավելի շատ ուներ նահատակային և պոռթկումային բնույթ, կարճաժամկետ և վերջնագրային բնույթի պահանջներ, լինելով տեղեկատվական և կոմունիկացիոն մեկուսացման մեջ, և բանակցելով անընդհատ ստող և հակասող իշխանական համակարգի հետ, խմբավորումը մի շարք քաղաքական սխալներ արձանագրեց:

 

Իմ կարծիքով, խմբավորման ռազմավարական և քաղաքական սխալները, սակայն, չնչին են, եթե համեմատենք, թե ինչպես այդ ուժային գործողություններին արձագանքեց իշխանական համակարգը: Նշեմ միայն մի քանիսը և առանց վերլուծության, քանի որ դա ամբողջությամբ առանձին թեմա է ` իշխանական համակարգի ապօրինությունները և բացահայտ տգիտությունը:

 

Ոստիկանությունը և ԱԱԾ տարածեցին տեղեատվություն՝ անվանելով «Սասնա ծռեր» խմբավորման գործողություններն «ահաբեկչություն»` հաշվի չառնելով, որ ոչ միայն անմեղության կանխավարկածն էին դրանով խախտում, այլ այն պարզ փաստը, որ մեր Քրեական օրենսգրքի համաձայն «Սասնա ծռեր» խմբավորման գործողությունների մեջ ահաբեկչության հանցակազմը ուղակի բացակայում էր: Չնշեմ թե ինպիսի ներքին և արտաքին խնդիրներ առաջացրեց այս տգետ և քաղաքական միտումով տված ԱԱԾ-ի և ոստիկանության կողմից կեղծ գնահատականը: Ոստիկանության ապօրինի գործողությունները խաղաղ ցուցարարների, մոտակայքում բնակվող ՀՀ քաղաքացիների, լրագրողների և ուղղակի անցորդների նկատմամբ` անհիմն բեման ենթարկելով, ապօրինի, օրենքն խախտելով բերման ենթարկվածներին պահելով, ծեծով, ջարդով, քաղաքացիական հագուստով ոստիկանության կամ այլ անձանց (ոստիկանության կամ իշխանական տարբեր օղակների հետ առնչվող) ապօրինի գործողությունները քաղաքացիների նկատմամբ, միայն ոստիկանական ցուցմունքների հիման վրա քաղաքացիների և քաղաքական գործիչների ձերբակալությունները և կալանքը որպես խափանման միջոց կիրառելն` սույնով ընդլայնելով ՀՀ-ում քաղաքական բանտարկյալների թիվը, արդեն քրոնիկ և սիստեմիկ բնույթ կրող մարդու իրավունքների խախտումների իշխանական համակարգի կողմից` թվարկածներին նաև ավելացավ անմարդկային վերաբերմունքը «Սասնա ծռեր» խմբավորման ձերբակալվածների և վիրավորվածների նկատմամբ:

 

Մի խոսքով իշխանական համակարգը այդ երկու շաբաթվա ընթացքում ամրապնդեց իր անբարո, անմարդկային կերպարը և կարծրացրեց հասարակության և միջազգային հանրության կողմից Հայաստանը որպես ոստիկանական պետություն ընկալումն ու իշխանական համակարգի կողմից ոստիկանական ահաբեկչության օգտագործումը որպես նորմ:

 

Ինչ վերաբերվում է զինված խմբի արդյունքների և պարտությունների արձանագրմանը, կարծում եմ, որ դեռ շուտ է խոսել թե արդյունքների և թե պատությունների մասին: Այն ինչ տեղի ունեցավ այդ երկու շաբաթվա ընթացքում դեռ երկար արձագանք կունենա թե մեր հասարակության ներսում, թե իշխանական օղակների ներսում և թե միջազգային հանրության շրջանակներում:

 

Քաղաքացին պատրա՞ստ էր նման շրջադարձի:

 

Մի կողմից քաղաքացին հոգնել է, մյուս կողմից՝ հասունացել: 1988-ից ի վեր մեր քաղաքացին պայքարում է արդարության համար` թե ներքին և թե արտաքին քաղաքական, և թե սոցիալ-տնտեսական ոլորտներում: Քաղաքացիական հասունացումը տեղի է ունեցել տարիներ շարունակ՝ դուրս գալով Ազատության հրապարակ և այլ հարթակներ իր բողոքը կամ պահանջը բարձրաձայնելու համար, սակայն այսօր քաղաքացին ընկալում է, որ ցույցին գնալ գալով և խնդիրները բարձրաձայնելով չի սահմանափակվում իր քաղաքացիական կամ քաղաքական դերակատարությունը:

 

Այսօր, որպեսզի քաղաքացին հետ գա պայքարի դաշտ` լինելով տարիներ շարունակ օտարացված իշխանական համակարգի կողմից, հուսահատված նաև քաղաքական ընդդիմության անզորությունից, պահանջարկ ունի դասական քաղաքական շփման, ճանապարհային քարտեզի, մշակված քաղաքական ծրագրի, բացի փողոցից քաղաքական առաջնորդության կողմից ուղղելու քաղաքացուն նաև այլ հարթակներ, որտեղ նա կկարողանա մղել իր պայքարը: Այս հարցադրումը, կարծում եմ, արժե ուղղել ոչ թե քաղաքացուն, այլ ընդդիմությանը` պատրաստ էր արդյոք այն նման շրջադարձին: Կարծում եմ պատասխանը ակնհայտ է:

 

Մենք երկու տեսակի հետ ենք մշտապես առնչվում՝ տուն պահողռեժիմի տեսքով և պայքարող քաղաքացիների, որ այլևս չիկարողանում իր տունը պահիինչպե՞ս կգնահատեք այսհակադրությունը:

 

Ճիշտն ասած` համամիտ չեմ ձեր դիտարկման հետ: Իշխանական համակարգը միատեսակ չէ` այն շատ տարատեսակ է: Իհարկե, բուրգի գլխավերևը կուտակված է քաղաքական վերնախավը, որը սերտաճել է օլիգարխիկ խավի հետ, և հենց այդ քաղաքական-օլիգարխիկ կատարն է որ գործում է բացառապես հետապնդելով նեղանձնային, խմբակային, նույնիսկ «ընտանեկան» և կլանային շահերը` սա ձեր խոսքերով այդ «տուն պահող» բուն ռեժիմի «հրեշագլուխն է»: Սակայն եկեք չմոռանանաք, որ այլ երկրների հետ համեմատ՝ Հայաստանը ունի հսկայական քաղծառայողական համակարգ, որը նույնպես այս իշխանական համակարգի մասն է կազմում:

 

Այդ համակարգը շատ տարատեսակ է` ունենք, ինչպես տեսանք, ծառայողներ, ովքեր ապօրինի հրամանները կատարելով բռնություն են կիրառում իրենց իսկ քաղաքացիների նկատմամբ, ում օրենքով պետք է պաշտպանեն: Բայց կան նաև շատ նվիրյալ անձինք, պետական մարմինների թե միջին, թե վերին շարքերում, ովքեր նվիրաբար ծառայում են մեր ժողովրդին, ովքեր հիանալի մասնագետներ են, և ինչ-ինչ պատճառներով, լավ գիտակցելով իշխանական համակարգի վերնախավի բնույթը, շարունակում են մնալ համակարգի մեջ: Մեր այս քաղաքացիներն իրենց դրական դերակատարությունն անշուշտ ունեն մեր առօրյա կյանքում, սակայն նրանք պարզ պատճառներով մնում են «պայքարից» դուրս:

 

Այստեղ ես հակադրություն չեմ տեսնումայստեղ ավելի շատ գործումէ հարկադրված լռությունն ու պասիվությունը:

 

Ինչ վերաբերվում է պայքարող քաղաքացուն, այստեղ էլ կարիք կա սահմանման որոշ պարզաբանումների: Նախ պետք է տարանջատենք պայքարող տեսակը քաղաքում և գյուղում: Իսկապես, գյուղական համայնքում «տուն պահելու» խնդիրն ամենօրյա է և օրհասական, սակայն ինչպես մեր սոսկալի ժողովրդագրական տվյալները ցույց են տալիս, գյուղում «պայքարող քաղաքացին» շատ անգամ որպես պայքարի միջոց, կամ պայքարից դուրս գալու տարբերակը (իսկապես, ինչքան կարելի է պայքարել անարդարության դեմ) ընտրում է արտագաղթը: Պայքարելու այլ միջոցները անցյալում նույնպես եղել են ծայրահեղ` օրինակ, միջպետական կամ միջմարզային ճանապարհների փակումը, որպեսզի իշխանական համակարգի վերնախավն ուշադրություն դարձնի գյուղական համայնքներում ստեղծված շատ անգամ ճգնաժամային իրավիճակին:

 

Թե քաղաքում, և թե գյուղում մեր քաղաքացիների մեծամասնությունը, ինչպես արդեն նշեցի, իշխանական վերնախավի սիստեմիկ ապազգային և անարդար քաղաքականության հետևանքով օտարացվել է քաղաքական, քաղաքացիական և այլ կարևոր գործընթացներից: Այն պայքարող փոքրամասնությունը, որը մնացել է մեր հասարակության մեջ, և որն մեծամասնությամբ քաղաքի բնակիչ է, նույնպես խոցելի է: Այն խոցելի է տարիքային առումով: Հղում անեմ տիկին Հրանուշ Խառատյանին, ով մեր վեջին խոսակցության ժամանակ նշեց, որ այն տարիքային խումբը, որը խիստ կարևոր դերակատարություն ունի Հայաստանի քաղաքական և քաղաքացիական պայքարում, ուղղակի բացակայում է երկրից` այդ տարիքային խումբն է 30-ից 50-տարեկանները: Հայաստանում ցույցերին մասնակցում են երիտասարդները` եռանդով և ոգով, կամ թոշակառուները, որոնք արդեն իրենց տարատեսակ պայքարները մղել են: Իսկ այդ խիստ կարևոր տարիքային խումբը բացակայում է` այն կամ քաղծառայող է և ինչպես արդեն նշեցի, անկարող պայքարի մեջ ընդգրվկել, կամ արտագաղթել է, կամ արտագաղթում է և ոչ այդքան »տուն պահելու» խնդիրն ունենալով, այլ ընկալելով սիստեմիկ անարդարությունը, Հայաստանի փակուղային վիճակը, երկրում արտաքին քաղաքական և ներքին քաղաքական և սոցիալ-տնտեսական խնդիրների ծառացումը` իշխանական բուրգի տգետ և ապազգային կառավարման արդյունքում:

 

Սույնով հավելեմ, որ այո, անշուշտ, հակադրությունը կա, բայց այդ հակադրությունը պետք է պատշաճ վերլուծվի, որպեսզի թե քաղաքացիական հասարակությունը, թե քաղաքական ընդդիմությունը կարողանան հասկանալ, թե ինչպես և որտեղ ստեղծել ճնշման կետեր գործող իշխանական համակարգի վրա ազդելու համար, ինչպիսի գործիքակազմ հարկավոր կլինի արդյունավետ պայքարի համար, և ամենակարևորը, ինչպես ներգրավել քաղաքացուն այդ պայքարի մեջ: շ

 

Ի՞նչ տեսակի պայքարող քաղաքացի է անհրաժեշտ հաղթանակգրանցելու համար:

 

Նորից կցանկանայի անդրադառնալ հարցադրմանը, և շեշտել, որ մեր քաղաքացին հասունացել է և միաժամանակ հոգնել է նույնանման պայքարից: Եկեք թողենք մեր քաղաքացուն հանգիստ: Եկեք քննարկենք թե ինչպիսի քաղաքական ընդդիմություն է մեզ անհրաժեշտ, որպեսզի գրանցենք հաղթանակ այս կուսակցապետական համակարգի դեմ: Իսկ սա արդել լրիվ ուրիշ հարցադրում է և քննարկում:

 

 

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play