Շոյգուն Բաքու է այցելում Երեւանում ՀԱՊԿ նիստից առաջ. Ո՞վ է ՀԱՊԿ կովկասյան քաղաքականության ուղենիշը եւ գործընկերը


Շոյգուն Բաքու է այցելում Երեւանում ՀԱՊԿ նիստից առաջ. Ո՞վ է ՀԱՊԿ կովկասյան քաղաքականության ուղենիշը եւ գործընկերը

  • 15-08-2016 14:45:23   | Հայաստան  |  Վերլուծություն

Երեւանում օգոստոսի 16-ին ՀԱՊԿ պաշտպանության նախարարների հավաքից առաջ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգում այցելել է Ադրբեջան, որտեղ հանդիպում է ունեցել այդ երկրի նախագահ Ալիեւի հետ եւ հանդիպելու է նաեւ պաշտպանության նախարար Հասանովին:

 

Շոյգուի այցն ուշագրավ է նրանով, որ օգոստոսի 13-ին նրա հրավերով Մոսկվա էր ժամանել Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովը: Մոսկվայում օգոստոսի 13-ին տեղի է ունեցել միջազգային բանակային խաղերի փակման արարողությունը եւ Հասանովին Շոյգուն հավանաբար հրավիրել էր դրան ներկա լինելու համար: Մոսկվա էր մեկնել նաեւ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

 

Եվ ահա, օգոստոսի 13-ին Մոսկվայում հյուրընկալելով Հասանովին, Շոյգուն օգոստոսի 14-ին մեկնում է Բաքու, հանդիպում Ալիեւի հետ: Կասկած չկա, որ անհրաժեշտության դեպքում ՌԴ պաշտպանության նախարարը քննարկելիք հարցերը կարող էր դիտարկել Հասանովի հետ Մոսկվայում: Այդ համատեքստում հարց է առաջանում, թե արդյոք Հասանովի մոսկովյան այցի ընթացքում առաջեցել են հարցեր, որոնք հարկ է եղել քննարկել արդեն Ալիեւի հետ:

 

Համենայն դեպս ուշագրավ է, որ օգոստոսի 13-ին Հասանովի Մոսկվա այցից հետո Շոյգուն 14-ին այցելում է Բաքու: Դա նշանակում է, որ ռուս-ադրբեջանական հարթության վրա առաջացել է այնպիսի քննարկման անհրաժեշտություն, որում Ռուսաստանը կամ չի բավարարվել Ադրբեջանի պաշտպանության նախարարի մակարդակով, կամ Ադրբեջանն է ցանկացել Ալիեւի մակարդակով խոսել Ռուսաստանի պաշտպանության նախարարի հետ:

 

Օգոստոսի 8-ին ՌԴ նախագահ Պուտինն այցելել էր Բաքու, որտեղ եռակողմ հանդիպում տեղի ունեցավ Ալիեւի եւ Իրանի նախագահ Ռոհանիի հետ, նաեւ երկկողմ հանդիպում Ալիեւի հետ: Օրակարգում էին նաեւ ռազմա-տեխնիկական գործակցության հարցեր: Դրանք առանձնապես չեն մանրամասնվել: Հանդիպումներից հետո ՌԴ ռազմարդյունաբերության համար պատասխանատու փոխվարչապետ Ռոգոզինը հայտարարել էր, որ համաձայնություն կա Ադրբեջանում ներդրում անելու եւ ավիաշինական ձեռնարկություն կառուցելու մասին: Իսկ արդյոք Ռուսաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել էին մահաբեր նոր սպառազինության վաճառքի վերաբերյալ, պարզ չէր:

 

Շոյգուն այդ հա՞րցը կքննարկի Ալիեւի հետ: Մինչ այդ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել էր, թե արցախյան խնդրում հավասարակշռությունը խախտված չէ, եւ եթե խախտված լիներ, ապա ապրիլի պատերազմը կունենար բոլորովին այլ ելք:

 

Բորդյուժան իհարկե զբաղված է երեսպաշտությամբ, որովհետեւ ապրիլի պատերազմը ինքնին հավասարակշռության խախտման հետեւանք է, պարզապես այդ խախտումը չեզոքացվեց հայկական բանակի մարտունակությամբ, զինվորների ու սպաների սխրանքով, կամավորականների եւ հասարակության համախմբվածությամբ: Այլապես ռազմա-տեխնիկական հավասարակշռությունը Ռուսաստանը խախտել է վաղուց:

 

Ներկայում խնդիրը այն է, թե ի՞նչն է ընկած ռուս-ադրբեջանական ռազմա-տեխնիկական եւ ընդհանրապես պաշտպանական գործակցության առանցքում՝ հավասարակշռության էլ ավելի ուժգին խախտո՞ւմը, այն աստիճան, որ այլեւս հայկական բանակի մարտունակությունն ու հասարակական համախմբվածությունը չունենան կանխող դեր, թե՞ Ռուսաստանը ներկայում փորձում է փոքր ինչ վերականգնել հավասարակշռությունը, Ադրբեջանին զսպել կարողանալու համար:

 

Բանն այն է, որ ապրիլի պատերազմից հետո Մոսկվան հայտնվել է փակուղային իրավիճակում, ինչը փորձում են հմտորեն օգտագործել թե Հայաստանի, թե Ադրբեջանի իշխանությունը: Մոսկվան չի կարողանում դիվանագիտորեն առաջ մղել իր ծրագրերը կամ այսպես ասած «պլանները», որոնք ենթադրում են Հայաստանի փաստացի միակողմանի զիջում եւ ՀԱՊԿ խաղաղապահների տեղակայում, մյուս կողմից նա չի կարող թույլ տալ նոր պատերազմ՝ եթե երաշխավորված չէ իր «պլաններին» համապատասխան արագ ելքը, երբ չի հասցնի առաջանալ Հայաստանի հանդեպ դաշնակցային պարտավորությունների կատարման խնդիր: Եվ քանի որ եղել է ապրիլի անհաջող սադրանքը Հայաստանի ու Արցախի դեմ, նորի պարագայում արդեն անհրաժեշտ է պարզապես կայծակնային արդյունք, ինչը գործնականում անհնար է, հաշվի առնելով հայկական դիրքերում կատարված ռազմա-տեխնիկական եւ ինժեներական աշխատանքները, ամրացումները:

 

Մյուս կողմից, Բաքուն ճնշում է բանեցնում Մոսկվայի վրա, պահանջելով «համոզել» հայկական կողմին գնալ զիջման: Դա չի ստացվում ակնհայտորեն, եւ Սերժ Սարգսյանը հրապարակավ հայտարարեց, թե ոչ մի քայլ չի նահանջի Արցախի անկախությունից, եթե անգամ պահանջվի կյանքը:

 

Ռուսական քաղաքականությունը հայտնվել է փակուղում: Այլ տեղում չէր էլ կարող լինել, քանի դեռ Մոսկվան փորձում է խաղարկել դաշնակցություն թե Հայաստանի, թե Ադրբեջանի հետ, անգամ եթե Հայաստանի հետ դաշնակցությունը զուտ թղթային է:

 

Մոսկվան փորձում է այդ փակուղուց դուրս գալ Թուրքիայի հետ հաշտեցման գործընթացով, թերեւս ակնկալելով, որ Անկարան դրա դիմաց կփորձի մեղմել Մոսկվայից Բաքվի պահանջները: Բայց, դատելով Թուրքիայի արտգործնախարարի հայտարարություններից, Թուրքիան Մոսկվային այդ «ծառայությունը» մատուցելու դիմաց դնում է ավելի բարձր նշաձող, պահանջելով ձեւավորել Արցախի խնդրում եռակողմ ֆորմատ՝ Անկարա-Բաքու-Մոսկվա: Ակնհայտ է, որ այդ ֆորմատում գլխավորը լինելու է Անկարան, իսկ Անկարային հետաքրքիր է լինելու ոչ միայն Արցախի խնդրի լուծումը, այլ պարզապես դրա միջոցով Կովկասում թելադրող դիրքի ձեւավորումը՝ հատկապես Արեւմուտքի հետ հարաբերություններում:

 

Հավանաբար Կովկասում այդ փակուղային վիճակն է Ռուսաստանին ստիպում գնալ ուկրաինական ուղղությամբ լարվածության որոշակի գեներացիայի, այդպիսով ինչ որ իմաստով նաեւ օգնություն հայցելով, օգնություն ակնկալելով Արեւմուտքից:

 

Այդ ընթացքում, Ռուսաստանն Ադրբեջանին հավանաբար պետք է անի այլընտրանքային առաջարկներ՝ Արցախի խնդրում ադրբեջանական պահանջների դիմաց: Չի բացառվում, որ դա Ադրբեջանի դե ֆակտո ասոցացումն է ՀԱՊԿ-ին: Պատահական չէ, որ Շոյգուն Բաքու է այցելում Երեւանում ՀԱՊԿ նիստից առաջ եւ հավանական է, որ մինչ երեւանյան նիստը Ռուսաստանը ռազմա-քաղաքական տարբեր հարցեր է ճշգրտում հենց Բաքվի հետ, ցույց տալով, որ մեծ հաշվով արդեն ոչ թե Երեւանը, այլ Բաքուն է ՀԱՊԿ կովկասյան քաղաքականության ուղենիշը եւ գործընկերը:

 

Կրեմլը հավանաբար կփորձի հավասարակշռել իրավիճակը եւ ժամանակ շահել՝ խաղարկելով ՀԱՊԿ շրջանակում Բաքվի դե ֆակտո ու Երեւանի դե յուրե բացառիկ կարգավիճակները:

lragir.am

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play