Գյումրեցիները պահանջում են Սերժ Սարգսյանի եղբորը զրկել Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչումից (Տեսանյութ)


Գյումրեցիները պահանջում են Սերժ Սարգսյանի եղբորը զրկել Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչումից (Տեսանյութ)

  • 15-08-2016 18:06:27   | Շիրակի մարզ  |  Հասարակություն



ԳԱԼԱ-ի նախաձեռնող խումբը գյումրեցիների պահանջով կազմակերպում է ստորագրահավաք՝ ավագանու նիստի օրակարգում ընդգրկելու համար Սերժ Սարգսյանի եղբորը Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու հարցը:
 
Նախաձեռնող խումբն օրենքով սահմանված կարգով կազմում և համայնքի ղեկավարին ներկայացնում է ավագանու նիստի օրակարգում հարց ընդգրկելու նախաձեռնության միջնորդագիրը՝ ներկայացնելով նաեւ նախաձեռնությանը կողմ բնակիչներից ստորագրահավաքի լրացված պաշտոնաթերթիկը:
 
ԳԱԼԱ-ն այսօր Գյումրիի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Ռոբերտ Ասատրյանից ստացավ պաշտոնաթերթիկի ձեւը, եւ արդեն գործընթացը համարում ենք ազդարարված:
 
Կան նաեւ գյումրեցիներ, ովքեր հասցրել են դնել իրենց ստորագրությունը՝ միանալով նախաձեռնությանը:
 
Գյումրեցիները վրդովված են, որ հիմնավոր բացատրություն չի ներկայացվել, թե ինչ արժանիքների համար է Սերժ Սարգսյանի եղբորը տրվում մեր քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում: Ավագանու անպատվաբեր որոշումները չեղարկել է հարկավոր գյումրեցիների ճնշմամբ:
 
Եթե հավաքվի բավարար չափով ստորագրություն, ավագանին ստիպված է լինելու կամ ընդառաջ գնալ գյումրեցիների պահանջին, կամ հերթական անգամ ապացուցել, որ այս մարմինը ծառայում է գործող քաղաքապետին եւ գործի բնույթը համայնքի ղեկավարին հաճո որոշումները դակելն է միայն:
 
Հավելում. համայնքի ավագանու նիստի օրակարգում Լեւոն Սարգսյանին պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու հարցը մտցնելու նախաձեռնությանը կարող են միանալ Գյումրիում հաշվառված տասնվեց տարին լրացած քաղաքացիները:
 
Պաշտոնաթերթի վրա հարկավոր է լրացնել անուն ազգանուն, ծննդյան ամսաթիվը, հաշվառման հասցեն, անձնագրի համարը եւ դնել ստորագրություն:
Սահմանված չափով ստորագրություն հավաքելու պարագայում հարցն ինքնաբերաբար դառնում է ավագանու նիստի օրակարգային հարցերից մեկը:
 
Համայնքի բնակիչների նախաձեռնությունը քաղաքապետի կողմից պարտադիր կարգով ներկայացվում և քննարկվում է ավագանու նիստում ոչ ուշ, քան համայնքի ղեկավարի կողմից դրա ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում:
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play