Խոստումն այլեւս ուժի մեջ չէ.Կարեն Գիլոյան


Խոստումն այլեւս ուժի մեջ չէ.Կարեն Գիլոյան

  • 18-08-2016 12:41:43   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը կատարել է իր խոստումը եւ չի զղջում:
 
Պեկին 2008-ի ժամանակ նա խոստացել էր սափրել գլուխը, եթե Հայաստանը չեմպիոն ունենա: Աթենքի 2004թ. ամառային Օլիմպիական խաղերից սկսած նա ընդհանուր հաշվով մեկնաբանել է ամառային եւ ձմեռային 7 Օլիմպիական խաղեր, եւ Ռիո 2016-ի ընթացքում վերջապես հայ չեմպիոնի անունը հնչեցնելու հնարավորություն ունեցավ: Խոստումը կատարելու հարցում էլ նրան օգնեց հենց չեմպիոնը. 98 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանն իր ձեռքով սափրեց Գիլոյանի գլուխը: Վերջինս armtimes.com-ի հետ զրույցում նշեց, որ այդ չեմպիոնությունը յուրահատուկ ձեւով տոնելն անհրաժեշտ էր:
 
«Ամաչելու ի՞նչ կա: Հո հանցագործությա՞ն համար չեն սափրել գլուխս: Ի վերջո երազանք է իրականացել, ու դա աննշմար չպետք է անցնի: Կյանքում կան պահեր, որոնք անչափ կարեւոր են քեզ համար, եւ դու ցանկանում ես ինչ-որ կերպ ընդգծել դրանք: Ինձ համար դա անչափ երջանիկ պահ էր», - ասաց նա:
 
Իսկ խոստումն այլեւս  ուժի մեջ չէ: Հաջորդ անգամ չեմպիոն ունենալու դեպքում Կարեն Գիլոյանը նույն քայլին չի գնա:
 
«Ամեն ինչը մեկ անգամ է հետաքրքիր: Ես իմ գժությունն արեցի», - ասաց նա:
 
Կարեն Գիլոյանն անդրադաձրավ նաեւ 66 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանից ոսկե մեդալը խլելուց հետո եղած արձագանքներին: Մարզաշխարհի որոշ գործիչների անձնական շահերով պայմանավորված մրցավարական ակնհայտ կողմնակալության արդյունքում Ռիո 20016-ի ըմբշամարտի մրցաշարի եզրափակչում ոսկե մեդալը հանձնվեց սերբ Դավոր Շտեֆանեկին: Դեռ ուղիղ եթերի ընթացքում Կարեն Գիլոյանը նշում էր, որ արտասահմանյան լրատվամիջոցների (այդ թվում՝ բրիտանական BBC-ի) լրագրողները մոտենում են իրեն եւ նշում, որ իրական չեմպիոնը Միհրանն է: Տեղի ունեցած անարդարության մասին նրա հետ խոսել են նաեւ ուղիղ եթերից հետո:
 
«Եթերից հետո շատերն են մոտեցել ու ասել, որ իրենց եթերում անդրադարձել են անարդարությանը», - ասաց Գիլոյանը:
 
Արթուր Ալեքսանյանի ոսկին 2-րդն է անկախ Հայաստանի պատմության մեջ: Առաջինը նվաճել է նույնպես հունահռոմեական ոճի ըմբիշ՝ Արմեն Նազարյանը, 1996թ Ատլանտայի օլիմպիական խաղերում:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play