Մենք էլ պետք է անցնենք ազգային-ազատագրական պայքարի ճանապարհը.Արամ Աբրահամյան


Մենք էլ պետք է անցնենք ազգային-ազատագրական պայքարի ճանապարհը.Արամ Աբրահամյան

  • 19-08-2016 18:17:30   | Հայաստան  |  Վերլուծություն
 «Առավոտ».Մարդուն հատուկ է պարզ լուծումներ փնտրելը, այդպես ավելի հեշտ է ապրել:
 
Ինչո՞ւ է հիմա մեր վիճակը վատ: Որովհետեւ մենք ապրում էինք հաշտ, խաղաղ, բարգավաճ կյանքով, եւ հանկարծ ինչ-որ այլ մոլորակներից եկան իշխանավորներն ու օլիգարխները եւ սկսեցին հարստահարել ժողովրդին: Մնում է կազմել այդ իշխանավորների եւ օլիգարխների ցուցակները, դնել նրանց մի պատի տակ ու գնդակահարել, որից հետո կրկին կապրենք հաշտ, խաղաղ եւ բարգավաճ կյանքով: Մոտս երբեմն նման ցանկություն է առաջանում՝ թող այդպես լինի: Թող գնդակահարելու, վառելու եւ կախելու կողմնակիցները մի օր հավաքվեն Ազատության հրապարակում` ով ավելի բարձր գոռա կամ ավելի երկարատեւ կրակի ավտոմատից, ընտրվի «ռեւկոմների» եւ հեղափոխական տրիբունալների կազմում, թող որոշեն այն «պրոսկրիբցիոն» ցուցակը, թե ում են գնդակահարելու, իսկ ում են կախելու, թող իրականացնեն իրենց մտահղացումը: Դրանից հետո բոլորս միասին կտեսնենք, թե ինչ է ստացվել:
 
Դուք չեք վստահում, չէ՞, դատարաններին: Ուրեմն նրանց դատավճիռներն էլ կոպեկ չարժեն: Թե՞ հեղափոխությունից հետո նրանք կատարելու են «ռեւկոմի» առաջադրանքը: Այդ դեպքում նրանց որոշումները կոպեկ կարժենա՞ն:
 
Դուք չեք հավատում, չէ՞, որ կարող են լինել արդար ընտրություններ: Բայց եթե ավտոմատավոր մարդիկ անցկացնեն այդ ընտրությունները, դրանք արդար կլինեն, այդպես չէ՞: Դե, եկեք, ուրեմն, որոշենք՝ ո՞ր մի զինված խմբավորումն է որոշելու ընտրությունների ճակատագիրը` Ժիրայր Սեֆիլյանի՞, թե՞ մեկ ուրիշի:
 
Ոստիկաններն այդպես էլ ոստիկան չդարձան, մնացին «մլիցա»` համաձա՞յն եք:
 
Դե, ուրեմն, թող Ազատության հրապարակում որոշվի` ո՞վ իրավունք ունի նռնակներ նետելու ցուցարարների եւ լրագրողների վրա` Լեւոն Երանոսյանի՞ եղբայրը, թե՞ գուցե դարձյալ Ժիրայր Սեֆիլյանի եղբայրը: Կամ գուցե ռեւկոմներն ընդհանրապե՞ս արգելեն ցույցերն ու լրատվամիջոցները: Անկեղծորեն եմ ասում` եկեք փորձենք: Եթե այլ երկրների պատմական փորձը մեզ համար ուսանելի չէ, եթե ներքին խաղաղության եւ համերաշխության կոչերը մեզ երեսպաշտ են թվում, եթե պետք է հայտնաբերել եւ ոչնչացնել «ներքին թշնամիներին», որից հետո արտաքին, իրական հակառակորդի դեմ ավելի ուժեղ կդառնանք, ապա, հավանաբար, մենք էլ պետք է անցնենք այդ` այսպես կոչված, ազգային-ազատագրական պայքարի ճանապարհը: Չէ՞ որ մենք Սուրեթ Հուսեյնով կամ «Մխեդրիոնի» չենք ունեցել: Հավանաբար, պիտի ունենանք:
 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play