Մեր շուրջը փոթորիկ է հասունանում, և սխալ կլինի ձև անել, թե չենք նկատում այն.Եղիշե Պետրոսյան


Մեր շուրջը փոթորիկ է հասունանում, և սխալ կլինի ձև անել, թե չենք նկատում այն.Եղիշե Պետրոսյան

  • 23-08-2016 17:48:10   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Լրագրի զրուցակիցն է երգահան Եղիշե Պետրոսյանը

 

Պարոն Պետրոսյան, Ձեզ ազատ արձակելուն հաջորդեց Արմեն Մարտիրոսյանի և Դավիթ Սանասարյանի ազատ արձակումը։ Ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը, արդյոք նկատելի՞ է որոշակի տեղաշարժ իշխանության գործողություններում։

 

Նկատելի չէ, բայց ես համոզված եմ, որ այդ տեղաշարժերը կան։ Ես ողնուղեղով զգում եմ, որ դա անպայման պետք է տեղի ունենա։ Մինչև հիմա  իրենց  թաքստոցներից դեռ դունչները դուրս չեն հանում։ Ուրեմն գործընթացներ դեռ կլինեն։ Ինչ վերաբերում է ազատ արձակելուն, ապա դա քաղաքական որոշում էր։ Ուղղակի գործը փակված չեն համարում, որպեսզի պետք եղած ժամանակ վերքի վրա սեղմեն, ցավեցնեն։

 

Ինչպե՞ս եք գնահատում իշխանության կողմից բարձրաստիճան ոստիկաններին պաշտոնանկ անելը։ Դրանք սպասված իրադարձություննե՞ր էին, թե՞ իշխանությունն ավելին պետք է աներ, որ չի անում։

 

Եթե մարդն արմունկով հրել է ոստիկանին, նրան ազատազրկում են, բավական ծանրակշիռ հոդվածներ են դնում, քաղաքական որոշումով կարող են և բավական խիստ պատիժ սահմանել, իսկ մյուս դեպքում մարդկանց ջարդուփշուր անելը, խեղելը, այլանդակությունները, թմրանյութերի ազդեցության տակ մահակներով հարձակումները մնում են անպատի՞ժ։ Միայն Աշոտ Կարապետյանին պաշտոնանկ անելով չի վերջանում այս ամենը։ Եթե 775 մարդ բերման է ենթարկվել, կամ ձերբակալվել է, կամ կալանավորվել, ապա առնվազն 200 ոստիկան պետք է կալանավորվի ու ձերբակալվի։ Բնականաբար, իրենք իրենց հին ձեռագրով, ծածկադմփոց անելով փորձում են ստեղծել շղարշ, թե ինչ-որ բան են անում։ Դա ընդամենը շղարշ է, որպեսզի շատ բողոքներ չլինեն։ Ես կարծում եմ՝ մենք պետք է հետամուտ լինենք, որ նրանք իրենց հանգիստ չզգան, հերթական անգամ կուլ տան գնա՞։

 

Կարծում եք՝ իշխանությունը դասեր քաղե՞ց այս ամենից, կոնկրետ քայլեր տեսնո՞ւմ եք։

 

Ես չեմ տեսնում, բայց ուզում եմ համոզմունք հայտնել, որ նրանք ստիպված կլինեն այդ ամենն անել։ Այնպես չէ, որ թելադրողն իրենք են, թելադրողը մենք ենք լինելու, ժողովուրդը, որովհետև էլ նահանջելու տեղ չկա։ Սա անպայման կանդրադառնա մեր պետության հետագա ուղու վրա։

 

Հանրությունը, Ձեր կարծիքով, արթնացե՞լ է այս գործողություններից հետո, պահանջատե՞ր է դարձել։ Շատ են վերջերս քննադատում, որ քաղաքական հարթակ չի ձևավորվում։

 

Միգուցե լավ է, որ քաղաքական հարթակ չի ձևավորվում, որովհետև քաղաքական հարթակներն իրենց չեն արդարացնում։ Օրինակ, երկրում անկանխատեսելի իրավիճակ էր, կար հավաքված ժողովուրդ, որին ուղղորդել էր պետք, բայց քաղաքական ուժերը չունեցան ոչ այդ շնորհքը, ոչ էլ հեղինակությունը, որ կարողանան մարդկանց մոբիլիզացնել ու գոնե իրենց ընտրությունների համար դիվիդենտներ հավաքել։ Այսինքն՝ ինչպես մեզ մոտ բոլոր պետական ինստիտուտներն են ձախողվել, այնպես էլ կուսակցությունները։ Եվ ինչպես գնում ոստիկան են դառնում ոչ թե նրա համար, որ օրինականություն ապահովեն, այլ որ հանգիստ խախտեն օրենքները, այնպես էլ կուսակցությունները ստեղծվում են, որ դա օգտագործեն իրենց հետագա կեղտոտ գործերի համար։ Բոլոր ոլորտներում ձախողում է, և սպասել, որ ինչ-որ մի ոլորտում լավ կլինի, անհեթեթ է։ Կամ ամբողջ երկիրը իր բոլոր ինստիտուտներով, իր քաղաքացիներով դառնում է լավը, կամ արձանագրում ենք, որ մենք ոչ մի բանի պիտանի չենք, ոչ մի բան իրագործելու ունակ չենք։

 

Իսկ ինչպե՞ս եք գնահատում իշխանության պնդումը, որ այդպես էլ ուժեղ ընդդիմություն չձևավորվեց՝ հաշվի առնելով, թե ինչպես են ընդդիմադիրները մեկը մյուսի դեմ դուրս եկել, ինչպիսին օրինակ, Արմեն Մարտիրոսյան-Նիկոլ Փաշինյան հակամարտությունն է։

 

Ինձ դա ցավ է պատճառում, որովհետև Արմենին էլ եմ շատ հարգում, Նիկոլին էլ։ Չգիտեմ, գուցե հենց իրենց կուսակցական դիրքորոշումներն է բերում նման վիճակի։ Մի պարզ հարց կարելի՞ է տալ բոլոր կուսակցություններին՝ ձեր ուզածն, ի վերջո, ի՞նչ է, եթե դուք անընդհատ խոսում եք մեր վաղվա օրվա մասին, եթե ուզում եք մեր երկիրը հարուստ լինի, արդար լինի, ապահով լինի: Եթե բոլորիդ ուզածը դա է, ի՞նչն է խանգարում դա իրականացնել միասնական ջանքերով, մանավանդ որ ժողովուրդը դա պահանջում է։ Այս հարցի պատասխանը, պարզվում է, չունեն, այսինքն՝ իրենց ուզածը մեր վաղվա օրը չի, ընդհանուրի շահը չի:

 

Ինչ վերաբերում է վերջին գործընթացներին, որ շատ ժողովուրդ չհավաքվեց, ապա, իմ կարծիքով, միշտ փոքրամասնությունն է ինչ-որ բան փոխել։ Փոքրամասնությունն է ստեղծել գիտություն, փոքրամասնությունն է շարժել մշակույթը, գրականությունը, պատմությունը, փոքրամասնությունն է ստեղծել կամ ձևավորել պետություններ։ Այսինքն՝ ամեն ինչը դրված է փոքրամասնության ուսերին։ Երևի ժամանակ է պետք, որ մեր ժողովուրդը խելքի գա։ Որքանով Ռուսաստանում տնտեսական և քաղաքական իրավիճակը վատանա, այնքանով մեր ժողովուրդը խելքի կգա։

 

Նկատի ունեք, որ հակառուսական տրամադրությունները կուժգնանա՞ն։

 

Այո, մեր իշխանությունն իր բոլոր դրսևորումներով շարժվում է ռուսական մոդելով, ընդ որում ակհայտ է՝ դա չհաջողված մոդել է։ Այսինքն՝ մենք գիտենք, թե ինչպիսի նավ է կառուցված, և գիտենք, որ այն անպայման խորտակվելու է։ Ու մենք նորից նույն նավից ենք կառուցում: Իհարկե, պետք է ուրիշ տիպի նավ կառուցել։ Մենք ունենք այդ ներուժը, ուղղակի պետք է գիտակցել, որոշում կայացնել և այս ամենի մեջ առանձնացնել մեզ համար ավելի ապահովը, ազգայինը։

 

Ի՞նչ եք կարծում, վերջին իրադարձություններն այս առումով ինչ-որ բան փոխե՞լ են։

 

Այո, ինչ-որ բաներ փոխվում են և դեռ կշարունակեն փոխվել, որովհետև ժողովուրդը իր պահանջ-պատվերը իջեցրել է: Տեսեք,մարդիկ գնում էին Ռուսաստան արտագնա աշխատանքի ու ինչ-որ վաստակով վերադառնում էին, իսկ հիմա գնալով բարդանալու է դա։ Տնտեսական ճգնաժամը  Ռուսաստանում խորանում է և շատ  հեռու չէ նաև հոգեվարքը, ազգամիջյան հարցերն են սրվում, և Ռուսաստանը կամաց-կամաց փլուզվելու է Այդ ամենը, իհարկե, կազդի նաև Հայաստանի ներքին կյանքի վրա, որովհետև արտագնա աշխատանքի մեկնածները մեծ խմբերով հետ են գալու։  Մնում է, որ մենք պատրաստ լինենք դրան:

 

Իսկ Հայաստանի ապագան որտե՞ղ եք տեսնում։

 

Ցանկացած ուղղությամբ հայացքն ուղղելիս, համար մեկ բանը, որ պետք է մեր մտքով անցնի, մեր ազգային շահը սպասարկելն է։ Սա պետք է աքսիոմ լինի ցանկացած իշխանության համար: Այնպես չէ, որ թեքվեցինք դեպի Եվրոպա, դա պարտադիր թռիչք է ապահովելու։ Եթե մենք մշտապես մտածենք մեր երկրի շահի մասին, ապա կարող ենք ճիշտ կողմնորոշվել։ Եթե այսօր Եվրոպան է մեզ հարմար ընկեր, Եվրոպայի հետ ընկերություն կանենք, վաղը պետք կլինի՝ ռուսի հետ կանենք։ Մեր գերխնդիրն այն է, որ ինչ էլ ձեռնարկենք, լինի ազգային հոգեբանության, ազգային տրամաբանության և շահի, և իհարկե համամարդկային արժեքների վրա կառուցված։ Այդ դեպքում մենք շանս և երաշխիք կունենանք զարգանալու, գոյատևելու և հարատևելու։ Պատկերացրեք, հիմա աշխարհում գլոբալ փոփոխություններ են կատարվում, մեր շուրջը փոթորիկ է հասունանում, և սխալ կլինի ձև անել, թե չենք նկատում այդ փոթորիկը։ Պետք է կռահել, թե քամին որ կողմ է տանում, որպեսզի մեր նավակը չգնա խութերին զարկվի ու ջարդվի։ Պետք է փոթորկի մաս դառնանք, բացենք  մեր առագաստները, այն ենթարկենք մեզ, մեր շահերին։ 

 

 

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play