Մեղրիում կապահովվի կայուն, անխափան ջրամատակարարում


Մեղրիում կապահովվի կայուն, անխափան ջրամատակարարում

  • 25-08-2016 13:36:07   | Սյունիքի մարզ  |  Կազմակերպություններ

Կառավարությունը կաջակցի մարզերում  խնդիրների լուծմանը
 
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:  
Գործադիրի որոշմամբ կառավարության պահուստային ֆոնդից 15 մլն դրամ կհատկացվի ՀՀ Արմավիրի մարզի  Վաղարշապատ քաղաքի թիվ 7 դպրոցի մարզադահլիճի տանիքի, վնասված պատուհանների և դռների վերանորոգման նպատակով, 20 մլն  դրամ՝ մարզի Վաղարշապատ քաղաքի նոր կառուցվող մարզադպրոցի տարածքում ֆուտբոլի մարզադաշտի և վազքուղու կառուցման համար: Հիմնավորման համաձայն՝ ս.թ. օգոստոսի 5-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած ուժեղ պտտահողմի հետևանքով  վնասվել են Վաղարշապատ քաղաքի թիվ 7 դպրոցի մարզադահլիճի տանիքը, դռները և պատուհանները, կոտրվել են դռների և պատուհաների ապակիները:
 
Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ ՀՀ Արարատի մարզի Պարույր Սևակ սահմանամերձ համայնքի բնակիչներին 2016թ. հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածի համար կտրամադրվի սոցիալական աջակցություն՝ բաժանորդների սպառած էլեկտրաէներգիայի ծախսի համար (մինչև 120 կվտ)՝ 50%-ի չափով, ինչպես նաև գույքահարկի և հողի հարկի ամբողջությամբ փոխհատուցելու նպատակով: Որոշմամբ նախատեսվում է ՀՀ պետբյուջեով «Պետական աջակցություն սահմանամերձ համայնքներին» ծրագրի գծով սահմանված հատկացումների շրջանակում իրականացնել վերաբաշխում՝ ՀՀ Տավուշի մարզին հատկացված գումարների տնտեսումների հաշվին:
 
 
Մեղրիում կապահովվի կայուն, անխափան ջրամատակարարում
 
Կառավարության որոշմամբ ՀՀ Սյունիքի մարզի մի շարք համայնքներում սակավաջուր ամիսներին մեխանիկական եղանակով Մեղրիի ինքնահոս համակարգին ջրալրում ապահովելու նպատակով թվով 12 պոմպակայանների և 600 գծամետր խողովակաշարի մոնտաժման աշխատանքներն իրականացնելու համար գումար կհատկացվի ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեին՝ «Մեղրի» ՋՕԸ-ին տրամադրելու համար: Հիմնավորման համաձայն՝ շոգ կլիմայական պայմաններում, Մեղրի գետում ջրի ոչ բավարար առկայության պատճառով վտանգվում է մի շարք համայնքների շուրջ 480 հա հողատարածքների ոռոգումը: Այդ կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել վերը նշված ապամոնտաժված պոմպակայանների մոնտաժումը և շահագործումը, ինչն էլ հողատարածքները սակավաջուր ամիսներին կապահովի ոռոգման ջրով: 
Ջրային տնտեսության պետական կոմիտեին կառավարության պահուuտային ֆոնդից գումար կհատկացվի նաև Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում օգտագործվող ոռոգման ջրի դիմաց գանձվող վարձավճարների նկատմամբ 2016թ. համար 50 տոկոս զեղչ կիրառելու նպատակով: Հիմնավորման համաձայն՝ Մեղրու տարածաշրջանում ոռոգման ջրի դիմաց հաշվարկվող եկամուտների նկատմամբ 50 տոկոս զեղչի կիրառումը  նպատակահարմար է՝ հաշվի առնելով  տարածաշրջանի զարգացման ռազմավարական կարևորագույն նշանակությունը և սոցիալ-տնտեսական զարգացման գերակայությունը: 
Գործադիրը հավանություն է տվել Ոռոգման ոլորտի ֆինանսական կայունության բարելավման ռազմավարությանը և միջոցառումների ծրագրին: Ռազմավարության նպատակն է ոռոգման ծառայությունների մատչելիության ավելացումը, մատուցման շարունակականության ապահովումն ու արդյունավետության բարձրացումը, ոռոգման ջրի համակարգի ընկերությունների (ջրօգտագործողների ընկերություններ և ջրառ ընկերություններ) ֆինանսական կենսունակության բարելավումը: Կամրապնդվեն ընթացիկ ծախսածածկմանն անցման նախադրյալները, ոռոգման համակարգերի և ենթակառուցվածքի պահպանումն ու արդիականացումը, ջրօգտագործողների ընկերությունների ինստիտուցիոնալ կարողությունների հետագա հզորացումը, ոռոգման համակարգին տրամադրվող պետական ֆինանսական աջակցության արդյունավետության բարձրացումը։ Այս մասին հայտնում է ՀՀ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը։
 
 
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play