Արցախում գումարված Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն սկսել է իր աշխատանքը


Արցախում գումարված Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն սկսել է իր աշխատանքը

  • 06-09-2016 18:21:57   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Սեպտեմբերի 6-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, Ստեփանակերտում իր աշխատանքը սկսեց Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը։  
Ժողովի բացմանը ԳՀԽ հոգևորական և աշխարհական անդամներին հայրապետական իր օրհնությունն ու պատգամը բերեց Նորին Սրբությունը՝ մասնավոր իր գնահատանքը փոխանցելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին և Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին Արցախի 25-ամյակի տոնախմբման այս օրերին ԳՀԽ ժողովն Լեռնային Ղարաբաղում անցկացնելու հրավերի համար։ Նորին Սրբությունը կարևորեց ԳՀԽ ժողովների պարբերական գումարումը հայոց տարբեր թեմերում, ինչը խանդավառություն և հոգևոր կյանքի զորացման մեծ խթան է համայնքների համար։
 
«Արցախ աշխարհ այս այցը ուխտագնացություն է մեզ համար․ մի հող, ուր ամփոփված են մեր նախնյաց հիշատակները, որտեղ գտնվում են բազում սրբավայրեր։ Եկել ենք մեր խոնարհումը բերելու, ծնրադրելու նվիրական այդ սրբավայրերում և մեր աղոթքն առ Աստված բարձրացնելու Արցախի ապահովության և արցախահայության բարօր կյանքի համար», - ասաց Գարեգին Բ Հայրապետը՝ ընդգծելով, որ Հայոց  Եկեղեցին իր աշխարհասփյուռ թեմերով ու համայնքներով միշտ եղել և մնում է արցախահայության կողքին, աջակից և զորակից Արցախին՝ իր արդար իրավունքների պաշտպանության գործում։ 
Այս կապակցությամբ Նորին Սրբությունը տեղեկացրեց, որ այցի առիթով Ս․ Էջմիածնի և Ամենայն Հայոց Կաթողիկոսության թեմերի անունից Մայր Աթոռը վերստին հինգ հարյուր հազար ԱՄՆ դոլար գումար է փոխանցում Արցախին արցախահայության կարիքների համար։
Հայոց Հայրապետն աղոթքով մաղթեց, որ Աստված Իր Ս․ Աջի հովանու ներքո խաղաղության մեջ պահի Արցախ աշխարհը և բարօր ու անվրդով կյանք պարգևի նրա քաջարի ժողովրդին։ 
Անդրադառնալով ժողովի օրակարգին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց, որ քննարկվելիք խնդիրները մեծ կարևորություն ունեն Հայոց Եկեղեցու ժողովական կառույցների գործունեության կանոնակարգման, Եկեղեցու առաքելության արդյունավետ կազմակերպման և առաջընթացի համար։ Այս առիթով Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը հայտնեց ԳՀԽ անդամներին իրենց նվիրումի և հանձնառության համար՝ արդյունավետ աշխատանք մաղթելով ԳՀԽ ժողովին։
Մինչ օրակարգի հարցերի քննությունը ժողովականներն աղոթք բարձրացրեցին Գերագույն հոգևոր խորհրդի վաղամեռիկ անդամ տիար Ալբերտո Ճերեճյանի (Արգենտինա) հոգու հանգստության համար։
Եռօրյա ժողովի ընթացքում կքննարկվեն Ազգային-եկեղեցական ժողովի, Գերագույն հոգևոր խորհրդի կանոնադրությունների մշակման, Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի կանոնադրության լրամշակման ընթացքին վերաբերող հարցեր, կներկայացվեն զեկույցներ եկեղեցական կառույցների և թեմերի գործունեության առնչությամբ։ 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play